ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՉԻ ԿԻՐԱՌՎԻ Ա. Մ. Հանձնարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի այն 13-րդ հոդվածը, համաձայն որի, հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ, բացառապես էլեկտրոնային եղանակով, հարկային մարմիններ ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ: Հաշվի առնելով, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի համակարգի եւ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջեւ անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է, որ այդ պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ: |