ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՐՈՒՍՏ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ Հ. Ծ. «Գեյթ ավանի ժողովրդականություն վայելող արվեստի գիշերներ» շարքի առաջին ցուցահանդեսը բացվել է հունվարի 13-ին Դուբայի օպերային պատկերասրահում, որտեղ ներկայացվել են տարածաշրջանի արդի եւ ժամանակակից տաղանդավոր արվեստագետներ Նասրոլլահ Աֆժեհեյի, Յուսուֆ Ահմեդի, Ռեզա Դերակշանիի, Մոհամմեդ Էհսայի, Պոլ Կիրակոսյանի, Սաբհան Ադամի եւ Պարվիզ Տանավոլիի ստեղծագործությունները: Տեսողական արվեստի իրանցի ժամանակակից ներկայացուցիչ Նասրոլլահ Աֆժեհեյը ծնվել է 1933-ին: Աճուրդներում նրա նկարներից շատ են վաճառվել: Վերջերս (2011-ին) Դուբայի «Քրիսթիզ» աճուրդային կենտրոնում նրա «Ալիք» կտավը վաճառվել է 218.500 դոլարով: Յուսուֆ Ահմեդը պլաստիկ արվեստի լավագույն ներկայացուցիչներից է: Քաթարցի վարպետը տարածաշրջանի ավանդական գեղագրությունը ձեւավորում է նորովի օգտագործելով արդիական տեխնոլոգիաները: Ռեզա Դերակշանիի կտավները տարբեր երանգներ են ստանում լուսային տարբեր արտացոլումների ներքո: Մոհամմեդ Էհսային ծնվել է 1939-ին Իրանում: Օտար մշակույթների փորձառություն է ձեռք բերել շատ ճանապարհորդելով: Նա այդ փորձառությունը օգտագործել է իր կտավներում: Պոլ Կիրակոսյանը լիբանանահայ է, հիմնականում ապրել է Բեյրութում: Ծնվել է 1926-ին եւ վախճանվել է 1993-ին: Սովորել է Ֆլորենսում եւ շատ է ճանապարհորդելՙ ցուցադրելու համար իր կտավները, որոնք մարդկային իրավիճակների բարդություններն են արտահայտում: Սաբհան Ադամը գերադասում է փոխաբերական նկարչության ոճը: Նրա կտավներից շատերը մարդկության մութ կողմերն են ներկայացնում: Իսկ Պարվիզ Տանավոլին համարվում է Իրանի առաջադեմ արդի քանդակագործներից մեկը: Բրոնզից, կերամիկայից եւ մետաղի ու ապակու ջարդոններից պատրաստված նրա քանդակները խոր առնչություններ ունեն պարսկական ավանդական բանահյուսության հետ: Ըստ լուրը հաղորդող «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթիՙ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների շրջանում: |