ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ Ի. Պ. Հետադարձ հայացք գցելով Ղարաբաղյան շարժմանն ու Շուշիի ազատագրմանը` Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը երեկ, «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ Ղարաբաղյան շարժման տարիներին Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարությունը` գլխավորությամբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դեմ էր արցախյան գոյամարտի գործողությունների մեծ մասին: Եվ այն ժամանակվա ղեկավարությունը, ըստ Արկադի Թադեւոսյանի, փորձում էր հասնել խարխուլ խաղաղության` ձգտելով պահպանել Արցախն Ադրբեջանի կազմում: Արկադի Տեր-Թադեւոսյանը ասում է, որ բազմաթիվ անգամներ իրենց հետ կապվել են Երեւանից` պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները: Ըստ նրա` եթե թույլ տային, Խոջալուի ազատագրումն ավելի վաղ կսկսվեր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ էր վարում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, սակայն Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն չէր դրան»: Բայց անկախ խոչընդոտներից` հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել Արցախը: Սակայն Արկադի Տեր-Թադեւոսյանն ասում է, որ 1994-ին կնքված զինադադարի փոխարեն պետք է կնքվեր հաշտության պայմանագիր. «Եվ հարցը փակվեր վերջնականապես»: Ըստ նրա` Ադրբեջանի հասարակությունն այսօր պատրաստ չէ ռազմական գործողությունների, հետեւաբար կարելի է վստահ ասել, որ ռազմական գործողություններ չեն սկսվի, եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում մոտակա տարիներին կտրուկ զարգացումներ չեն լինի: «Եթե երկու կողմերը չեն ուզում պատերազմել, ապա պատերազմ չի լինի: Իսկ եթե կռիվ լինի, կլինեն մեծ կորուստներ, բայց հաղթանակը մերը կլինի», ավելացրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը: |