ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԱՎ ՄԱՐԴԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Րաֆֆիին ընտողների (եւ ոչ միայն ընտրողների) զգալի մասին եթե հարցնենք, թե ինչ եք մտածում «Ժառանգության» առաջնորդի մասին, ապա առաջինն ինչ ասեն` հետեւյալը կլինիՙ «լավ մարդ»: Թե ո՞րն է «լավ մարդու» դերը քաղաքականության մեջ, պետական ամենաբարձր պաշտոններում ու առհասարակ կարո՞ղ է արդյոք «լավ մարդը» զբաղեցնել այդ պաշտոններն ու մնալ «լավ մարդ», այլ խոսակցության թեմա է, սա հետաձգենք դեռ, այժմ թերեւս ավելի հրատապ այլ հարց կա. կարո՞ղ է արդյոք լավ մարդը հեղափոխություն անել, ի դեպ, Րաֆֆիի պահանջը Սերժ Սարգսյանիցՙ հանձնել իշխանությունը Հայաստանի ժողովրդին, հենց ենթադրում է հեղափոխություն: Ինչն իր հերթին լինում է, որպես կանոն, արյունոտ, ցնցող, խարխլող, միեւնույն ժամանակ լինում է այսպես կոչված ժողովրդավարական, առանց լուրջ ցնցումների, չնայած անգամ այս պարագայում հեղափոխությունն առանց արյան չի լինում: Իսկ ինչպես գիտենք, «լավ մարդիկ» չեն կարող պատճառ հանդիսանալ, դրդել, ցանկանալ, մղել արյուն թափելու, ուրեմն... Բացի սրանից, Րաֆֆիի քաղաքական կերպարն ամենեւին էլ հեղափոխականի կերպար չէ, նա ուղղակի նման էություն չունի, իսկ հեղափոխականը հենց էություն էՙ առաջին հերթին: Րաֆֆին քաղաքական խաղաղ, հաշտ գործընթացների կողմնակիցն է, թերեւս այս համապատկերում կարելի է տեղավորել նաեւ երեկ Ազատության հրապարակից իր հետեւից երթի դուրս եկած քաղաքացիներին Րաֆֆու ասածը. «Ժողովուրդ, ես տուն եմ գնում, բա դո՛ւք ուր եք գնում...»: Րաֆֆին ամբոխավար է, բայց ոչ ամբոխատար, նա հռետոր է, եւ միայն, ու եթե անգամ իրականում հավաքել է ութսուն տոկոս ձայն, միեւնույն է, նա ոչ թե չի ուզում այդ «ութսուն տոկոսին» տերը դարձնել իրենց ձայների, այլ պարզապես այդպիսին չէ, տպավորություն կա անգամ, որ Րաֆֆին ինքը գոնե առայժմ չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ անի իր ձայների հետ, մանավանդՙ ուր ուղարկի, մանավանդՙ երբ ինքն ընդամենը տուն է գնում... Այս առումով մի շատ կարեւոր նրբություն էլ կա. որտեղի՞ց է գոյացել Րաֆֆու շուրջ քառասուն տոկոսը, երբ «Ժառանգությունը» նախորդ խորհրդարանական ընտրություններում, այն էլ «Ազատ դեմոկրատների» հետ միայն հինգ տոկոս հավաքեց: Պարզ է, որ ուրեմն Րաֆֆին ստացել է քաղաքական այլ ուժերի համակիրների զգալի հատվածի ձայները: Օրինակ, երեկ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ, իր ուսումնասիրություններով, Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել ՀՀԿ-ին ձայն տված ընդհանուր ընտրողների 6 տոկոսը, ԲՀԿ-ի կողմնակիցների 36 տոկոսը, ՀԱԿ-ի 40 տոկոսը, ՀՅԴ-ի 38 տոկոսը, ՕԵԿ-ի 29 տոկոսը եւ վերջապես «Ժառանգության» 77 տոկոսը: Այսինքն, ինչպես տեսնում ենք, Րաֆֆուն ձայն է տվել ու զգալի ձայն է տվել ոչ միայն ու ոչ այնքան ընդդիմադիր կողմնորոշում ունեցող քաղաքացիների արմատական տրամադրված մասը, հետեւաբար հեղափոխություն անելու համար Րաֆֆին չունի դրա համար խիստ անհրաժեշտ ծայրահեղ ընդդիմադիր տրամադրված հոծ զանգված, ու ինքն էլ, ինչպես վերը նշեցինք, էությամբ հեղափոխական չէ: Թերեւս մեր ժողովուրդն ինքը հեղափոխական չէ, համենայն դեպս, դատելով ընտրությունների արդյունքներից եւ հանրահավաքներին մասնակցության պասսիվությունից: Դե քանի որ մենք հեղափոխական չենք, ուրեմն պարզապես «լավ ժողովուրդ ենք», ով, անխոս, արժանի է... ոչ հեղափոխական ժամանակների: |