ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ Է. ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Քուրդ մի առաջնորդ վերջերս հրապարակայնորեն ընդունեց, որ իր նախնիները մասնակցել են Հայոց ցեղասպանության գործողություններին, եւ ներողություն խնդրեց դրա համար: Լուրն արծարծվեց հայկական լրատվամիջոցներում եւ արձագանք գտավ նաեւ օտարալեզու միջազգային մամուլում: Առաջին անգամը չէ, որ քուրդ քաղաքական մի գործիչ կամ կուսակցության ներկայացուցիչ նման հայտարարություն է անում: Դա բոլորովին չի նշանակում, որ ներողությունը հնչում է համայն քուրդ ժողովրդի կողմից կամ անունից, քանի որ քրդերը դեռեւս անկախության կարգավիճակ չեն ձեռք բերել եւ չեն կազմավորվել որպես պետություն, բայց բոլոր տվյալներն առկա են, որ նրանք այդ ուղու վրա են: Այնպես որ, հայտարարության ժամանակը առավել պատմական հնչեղություն է ստանում: Խնդրո առարկա անձնավորությունը քուրդ ազդեցիկ առաջնորդ է Ահմեդ Թյուրք անունով, թուրքական խորհրդարանի անդամ է եւ քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսի համանախագահը: Նա միաժամանակ բանակցող Էմիսար է թուրք կառավարության եւ ցմահ բանտարկության դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ: Դերսիմի 1937-38 թվականների քրդական խռովություններից ի վեր իրարահաջորդ թուրքական վարչակազմերը չեն կարողացել քրդական դիմադրողականության մեջքը ջարդել: 1980-ի հեղաշրջմանը հաջորդած տարիներին 40 հազար մարդ է սպանվել քուրդ ապստամբների եւ թուրքական բանակի միջեւ ծագած բախումների ժամանակ: Կորուստների մեծ մասը քրդական կողմից են եղել: Սակայն թուրքերը չեն կարողացել ջինը շշի մեջ պարփակել նորից: Վկաՙ իրաքյան Քուրդիստանի վիրտուալ իրականությունը: Հենց գլխավոր թշնամուՙ PKK-ի առաջնորդի հետ բանակցելու թուրքերի ցանկությունը ցույց է տալիս, որ հոգնել են արդեն ազատագրական շարժումը ճնշելու իրենց փորձերից: Եվրոմիությունը ճնշում է բանեցնում Թուրքիայի վրաՙ կարգավորելու քրդական հարցը նախքան ԵՄ անդամակցությունը: Թվում է, թե Ահմեդ Թյուրքի հայտարարությունը քաղաքականապես նպատակահարմար է քուրդ-թուրքական հարաբերությունների այս փուլում, ուժեղացնելու համար քրդական պահանջները: Այդուհանդերձ, դա մի ժեստ է, որ ողջունելի պետք է լինի հայերիս համար: Փետրվարի 4-ին արտասանած իր ելույթում Թյուրքը մասնավորապես ասաց. «Մեր պապերին եւ հայրերին օգտագործել են հայերի, ասորիների եւ եզդիների դեմ գործադրված անարդարությունների ժամանակ: Նրանց ձեռքերի վրա արյուն կա: Այդ ժողովուրդների արյամբ նրանք արյունոտեցին իրենց ձեռքերը: Այնպես որ, որպես նրանց զավակներն ու թոռները, մենք ներողություն ենք խնդրում: Թուրքական կառավարությունն էլ, փոխանակ ժխտելու, պարտավոր է ներողություն խնդրել... Այստեղ արմատական փոփոխության կարիք է զգացվում»: Հայերը հազվադեպ են քրդերի հետ միասին պայքարել թուրքական լծից ազատագրվելու համար: Ընդհանուր առմամբ քրդերի մասնակցությունը ցեղասպանության գործընթացին գերիշխել է մեր հոգեբանության վրա եւ ըստ այդմ ձեւավորել մեր տեսակետը կամ քաղաքականությունը նրանց հանդեպ: Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակ առ ժամանակ հաղորդակցվել են քուրդ առաջնորդների հետ, բայց չենք կարող մատնանշել կայուն համագործակցություն ուղղված մեկ ընդհանուր թշնամու դեմ: Կարող ենք, սակայն, արձանագրել այն փաստը, որ ամբողջ խորհրդային ժամանակաշրջանում քրդական փոքրամասնությունը Հայաստանում վայելել է հավասար իրավունքներ եւ պահպանել իր էթնիկական ինքնությունը: Իրաքում քրդական ինքնավարության կազմավորումը «դոմինոյի էֆեկտ» կամ շղթայական հակազդեցություն է ունենալու Թուրքիայում, որտեղ 16-22 միլիոն քրդեր են բնակվում, ըստ տարբեր վիճակագրական տվյալների: Հարեւան Սիրիայի մասնատման հետեւանքով քրդերն արդեն ինքնավարություն են հռչակել երկրի հյուսիսային մասում: Թուրքիան ճակատագրական խաղ է խաղումՙ վարձկաններին վերապատրաստելով եւ զենք մատակարարելով Սիրիայի ապստամբներին, դրանով իսկ փորձելով ճնշել քրդական անկախության շարժումը եւ դրա հետագա ներգործությունը Թուրքիայի վրա: Ամերիկյան հետախուզական խորհրդի տվյալներովՙ Թուրքիայի տարածքում Քուրդիստանի կազմավորումը հնարավոր կլինի մինչեւ 2030 թվականը: Իր «Համընդհանուր փոփոխությունների 6 շարժիչ ուժերը» (Six Drivers of Global Change) գրքում ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակներում շատ նոր քաղաքական միավորներ կարող են ի հայտ գալ: Նա մասնավորապես նշում է. «Մեր ժամանակների աշխարհաքաղաքական գլխավոր ուղղությունը եղել է խաղաղ կամ բռնի միջոցներով բազմազգ պետությունները վերակազմավորել ավելի փոքր, միատարր պետություններով, ինչպես տեղի ունեցավ Ղազախստանում, Սլովենիայում, Հարավային Սուդանում: Այս ուղղությունը ազգայնականության վերազարթոնք է եւ ոչ թե թուլացում»: Մենք կարող ենք այդ ցուցակին ավելացնել եվրոպական այն երկրները, որոնք պատրաստվում են մասնատվել. Իսպանիան, օրինակ, որտեղ Կատալոնիան է անկախության ուղին բռնել, Բելգիան, որտեղ ֆլամանդացիներն ու վալոնները իրար դեմ են պայքարում, եւ անշուշտ, նախկին Հարավսլավիային մաս կազմող ազգային պետությունները: Բոլոր վերոհիշյալ պարագաների դեպքում պարադոքսայինն այն է, որ մինչ փոքրամասնությունները վերահաստատում են իրենք իրենց առանձին պետություններում, նրանք, այնուամենայնիվ, ավելի հանգիստ են զգում իրենց համեմատաբար առավել մեծ քաղաքական կառույցներում, ինչպիսին է, օրինակ, Եվրոմիությունը: Եվ քանի որ Թուրքիան էլ ցանկանում է անդամակցել Եվրոմիությանը, նրան հավանաբար կհամոզեն հետեւել վերոնշյալ ուղղությանը եւ ընդունել անկախ Քուրդիստանի գոյառումը երկրում: Սեւրի 1920 թվականի օգոստոսի 10-ի պայմանագիրը, ստորագրված հաղթանակած դաշնակից պետությունների եւ պարտված օսմանյան կառավարության միջեւ, հայերին էր տալիս 60 հազար քառ. մղոն մի տարածք (կամ 160 հազար քառ. կմ), որը 6 անգամն է ներկայիս Հայաստանի Հանրապետության: Նույն պայմանագիրը նաեւ նախատեսում էր Քուրդիստանի ստեղծումը, որի սահմանները պետք է հետագայում որոշվեին հանրաքվեի միջոցով: Քուրդիստանը ներկայումս զբաղեցնում է 190 հազար քառ. կմ տարածք: Նույնիսկ այդ ժամանակ տարակարծություններ կային քուրդ եւ հայ պատվիրակությունների միջեւ, որովհետեւ քրդերը ցանկանում էին Վանն էլ ընդգրկել Քուրդիստանի տարածքում: Հետագայում Վանն ու Ալեքսանդրետի նավահանգիստը (ներկայումս Հաթայի նահանգ) հատկացվեցին քրդերին, որոնք դրա փոխարեն հրաժարվեցին Էրզրումի եւ Սասունի, բայց ոչ Արարատի եւ Մուշի իրենց պահանջներից: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը չեղյալ համարեց Սեւրի պայմանագիրը եւ այն փոխարինեց Լոզանի պայմանագրով (1923), վերջ դնելով նաեւ էթնիկական այլ խմբավորումների տարածքային պահանջներին: Այժմ, երբ քրդերն են ապրում պատմական Հայաստանի տարածքի որոշ մասի վրա, նրանք, կարելի է ասել, 90 տոկոսով լուծել են իրենց խնդիրը, ակադեմիականի վերածելով Սեւրի պայմանագրի ստորագրման ժամանակ ստեղծված բանավեճը: Քուրդիստանի անկախության հռչակումից հետո Ահմեդ Թյուրքը շարունակելո՞ւ է ներողություն խնդրել եւ այդ ներողությունը արդյոք հաշվի՞ է առնելու հայերի պահանջատիրության խնդիրը: Ներկա հայ-թուրքական սահմանը հաստատվել է Մոսկվայի եւ Անկարայի միջեւ 1921-ին ստորագրված Կարսի պայմանագրի համաձայն: Թուրքիայի ջանքերըՙ ստիպելու Հայաստանի Հանրապետությանը, որ ընդունի այդ պայմանագրի դրույթները, ցարդ հաջողությամբ չեն պսակվել: Հարցն այժմ այն է, թե արդյոք այդ պայմանագրի դրույթները ուժի մե՞ջ են մնալու Հայաստանի սահմանին Քուրդիստանիՙ որպես անկախ պետության հաստատումից հետո, հաշվի առնելով, որ Քուրդիստանը այդ պայմանագրի ստորագրողներից մեկը չէ: Ոչ էլ Հայաստանը, որին միայն պարտադրվել է ընդունել պայմանները: Հայաստանն արդյոք մշակե՞լ է քրդական անկախությունը պաշտպանելու եւ այդ երկիրը որպես նոր հարեւան ընդունելու համապատասխան քաղաքականություն: Սփյուռքը կարող էր պաշտպանել քրդերի անկախության պայքարը, բայց շատ բան չի արել, որովհետեւ վերջին հիսուն տարիների ընթացքում զբաղված էր իր վերքերը բուժելով եւ ոչ մի կերպ չէր կարող ազգային քաղաքականություն մշակել: Ակնհայտ է, որ Քուրդիստանի գոյառումըՙ որպես նոր հարեւանի, նոր պայմաններ է ստեղծելու մեզ համար: Պատրա՞ստ ենք արդյոք դրան: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ. |