ՀԱԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ոչ իշխանական հիմնական քաղաքական ուժերի գնահատականներն ուշանում են: Առայժմ հայտարարություն են տարածել Հայ ազգային կոնգրեսն ու ՀՅԴ-ն: ՀԱԿ-ը փետրվարի 18-ի ընտրությունները հերթական խայտառակ ընտրություններ է անվանել եւ նշել, որ դրանք անցկացվել են ընտրակեղծիքների մեքենայի լիակատար օգտագործմամբ, կիրառվել են ընտրախախտումների բոլոր գործիքներն ու մեխանիզմները (դրոշմակնիքի ջնջվելը` որպես բազմակի քվեարկության հնարավորություն, բացակա 700 հազ. ընտրողների ձայների օգտագործում, ընտրակաշառքի բաժանում, ահաբեկման եւ բռնության դեպքեր, քվեատուփի լցոնումներ, հանձնաժողովներում հաշվարկի ժամանակ ձայների քանակի կեղծում): Դիտողություններ են բաժին հասել նաեւ միջազգային դիտորդական առաքելություններին, որոնք դայակություն են անում Հայաստանի իշխանություններին եւ չեն նկատում կեղծման մեխանիզմները: Իսկ ՀՅԴ գերագույն մարմինը, ներկայացնելով իր գնահատականները, նշում է, թե Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի եւ իշխանության են արժանի, ու մարդկանց մեջ անհնար է մեռցնել արդարության, ազատության ձգտումը, եւ որ ակնհայտ է դարձել, թե ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում. «Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին: Արդյունքների ամփոփումն ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրությունները կանխորոշված են, միջազգային դիտորդների գնահատականը` կանխատեսելի»: Ապա եւ նշվում է, թե փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսեւորած կամքը չպետք է ոտնահարվի, ու ՀՅԴ-ն ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից. «Մենք պարտավոր ենք գիտակցել պահի լրջությունը եւ ելքեր որոնել: Սա ծանր, բայց անխուսափելի աշխատանք է, որ պարտավոր ենք անել միասին», ասվում է հայտարարության մեջ` առանց այդ «միասինը» հստակեցնելու: |