«ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ԱՅՑԵԼԵԼԸ «ԷԺԱՆ» ԿՆՍՏԻ Վ. Պ. Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնց համար այս կամ այն պատճառներով անհրաժեշտություն է եղել այցելել Աբխազիա, այդուհետեւ Վրաստանում հայտնվում էին թակարդում` որպես «պետական սահմանը» խախտողներ: «Ազգը» քանիցս ներկայացրել է դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիները ձերբակալվել ու անգամ դատապարտվել են Վրաստանում այդ երկրի քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը խախտելու հետեւանքով: Մինչ օրս վրացական օրենսդրությունը «օկուպացված տարածքներ» առանց Վրաստանի թույլտվության այցելելու համար հետագայում Վրաստանում հայտնվելու դեպքում նախատեսում է կամ մոտ 1200 ԱՄՆ դոլարի չափով տուգանք, կամ էլ ազատազրկում 2-4 տարի ժամկետով: Եվ քանի որ մասնավորապես հայաստանցիների պարագայում այդ «անօրինական» այցելությունները Աբխազիա լինում էին ընտանիքներով, ասել է թե խախտում ասվածն իրագործվում էր խմբակային, պատժաչափն էլ գրեթե բոլոր գործերով հասցվում էր առավելագույնի: Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանցՙ Աբխազիա կամ Հարավային Օսիա «անօրինական» այցելությունները կարժենան մոտ 250 ԱՄՆ դոլար տուգանք, իսկ կրկնվելու դեպքում կլինի ավելի խիստ պատիժ` քրեական պատասխանատվության հավանականությամբ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի կառավարությունը` ի դեմս օրենսդրական փաթեթը ներկայացնող ռեինտեգրացիայի գծով պետնախարարի աշխատակազմի: Ըստ այդմՙ փոփոխություններ են նախատեսվում Վրաստանի քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ «օկուպացված տարածքների մասին» օրենքում: Փոփոխությունների նպատակն, ըստ վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկության, Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելու առնչությամբ առաջացող իրավական պատասխանատվության ազատականացումն է: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ այսուհետեւ վրացական կառավարությունը կարող է թույլտվություն տրամադրել «օկուպացված տարածքներ» այցելելու «չթույլատրվող ուղղություններից», տվյալ դեպքում նկատի ունենալով Ռուսաստանից այդ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը: Ընդ որում, վրացական կառավարությունը նման թույլտվություն կարող է տալ նայած իրավիճակի, ինչպես մինչեւ այցելությունը, այնպես էլ այցելության ընթացքում, այսինքն` այն դեպքում, երբ որեւէ երկրի քաղաքացի արդեն իսկ հայտնվել է Աբխազիայում կամ Հարավային Oսիայում: |