ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատանի պարողների եվրոտեսիլին», որը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին: «Ազգը» զրուցեց Եվրոտեսիլի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանի հետ, որը տեղեկացրեց մրցույթի մանրամասները: «Պատանի պարողների Եվրոտեսիլ 2013-ի» հայաստանյան նախընտրական փուլին մասնակցում էին 16-21 տարեկան 20 պարողներ` ներկայացնելով 1:30 րոպե տեւողությամբ մենապարեր», ասաց նա եւ տեղեկացրեց, որ հավատարիմ մնալով միջազգային մրցույթի կանոններին (պատանի պարողը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին) խստապահանջ ժյուրիի կազմը մասնակիցներին գնահատեց 1-10 միավորով, 2 կարգովՙ տեխնիկա եւ գեղարվեստական արտահայտման որակ: Լավագույն տասնյակն ընտրվեց միավորների առավելությամբ: Անակնկալ կերպով հնարավորություն տրվեց նաեւ 11-րդ մասնակցին ընդգրկվել եզրափակիչ. վերջինս ընդամենը 1 միավորի տարբերությամբ էր հետ մնում տասնյակից: Եզրափակիչ անցած մասնակիցներն են Վահագն Մարգարյանը, Քրիստինա Հարությունյանը, Մարիամ Գարաջյանը, Թագուհի Մարկոսյանը, Միլիտոն Կիրակոսյանը, Նարե Սուքիասյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Անուշ Մանուկյանը, Արտյոմ Ղարիբյանը, Ռաքել Երանոսյանը, Անի Վարդանյանը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն էին ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանը եւ հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը: Այսպիսով 11 պարող կպայքարեն Պատանի պարողների հայաստանյան եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 23-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բացի մենապարերից, մասնակիցները հանդես կգան նաեւ յուրահատուկ խմբակային պարով (բեմադրող` Արինա Արարատյան), որտեղ կցուցադրեն նաեւ զույգով եւ խմբով պարելու հմտությունները: Եզրափակիչն իր ներկայությամբ կպատվի «Պատանի պարողների Եվրոտեսիլ 2013-ի», «Մանկական Եվրոտեսիլ 2013-ի» եւ «Պատանի երաժիշտների Եվրոտեսիլի» ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը: |