ՀՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական հեռուստատեսության առաջին, երկրորդ ալիքներըՙ ARD, ZDF-ը, WDR ռադիոն օրվա կարճ լուրերի բաժնում չանդրադարձան Հայաստանի նախագահական ընտրություններին, առավել կարեւորելով, օրինակ, Կիպրոսում կայացած ընտրությունները եւ ԵՄ անդամ այդ երկրում առկա ֆինանսական ճգնաժամը, որ սկիզբ կամ շարունակություն է դնումՙ «պիտի մնա՞լ ԵՄ կազմում» եվրոպական արդի բանավեճին, փոխարենը գերմանական տպագիր մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցներն անտարբեր չմնացին լուսաբանելուց: Հանրությանն առաջնորդող գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» («ՖԱՑ»), «Զյուդդոյչե ցայթունգը» («ԶՑ») փետրվարի 19-ին տպագրել են նույն լուրըՙ չեզոք վերնագիր ընտրելովՙ «Սարգսյանի համարՙ երկրորդ պաշտոնաշրջան»: Վերոհիշյալ թերթերն իրենց համառոտ անդրադարձում, հենվելով ՀՀ ԿԸՀ տվյալների վրա, շեշտում են, թե ձայների 58, 64 տոկոսով հստակ հաղթանակ է տարել 58-ամյա գործող ռուսամետ նախագահը, որի երկրորդ պաշտոնավարումը կավարտվի 2018-ին, որից հետո, համաձայն սահմանադրության, այլեւս իրավունք չի ունենա իր թեկնածությունը դնելու: ԵԱՀԿ-ն նախագահական ընտրություններում առաջընթաց է նկատել, միեւնույն ժամանակ քննադատել ընտրարշավում մրցակցության պակասը, փոխանցում են «ՖԱՑ»-ն ու «ԶՑ»-ը: «Դի վելթը» վերնագիր է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի բառերըՙ «Ամոթալի ընտրություններՙ բազմաթիվ խախտումներով»: Սպասվածի համաձայն Հայաստանի նախագահ Սարգսյանը վերընտրվեց: Երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը նրան հանդիմանում է ահաբեկելու, ձայներ գնելու, քվեաթերթիկները կեղծելու համար, իսկ ոստիկանությունը նշված մեքենայություններն «ակնհայտ մտացածին» է որակում, ծանուցում է գերմանական բիզնես էլիտայի նախընտրած վերոհիշյալ լրատունՙ ներկայացնելով նաեւ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի խոսքերըՙ «Այս ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ»: «Դի վելթը» գրում է, թե նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում Սարգսյանի վերընտրվելըՙ հաղթողի դերը վերապահելով իրեն, եւ պահանջում 2008-ից պաշտոնավարող նախագահից ճանաչել պարտությունը: Արձանագրելով, թե ԵԱՀԿ ավելի քան 600 միջազգային դիտորդ է հետեւել ընտրությունների ընթացքին, թերթը նման մեծ ուշադրությունը պայմանավորում է 2008-ի ընտրություններից հետո 10 զոհ ունենալու փաստով: Նախկին խորհրդային հանրապետության համար նախագահական ընտրությունները ժողովրդավարության կարեւորագույն թեստ են համարվում: Սարգսյանի վերընտրվելն արդեն կասկածից վեր էր այն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստանի» սիրելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի մասնակցում, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պատճառաբանեց, թե տարիքը մեծ է նոր թեկնածության համար: Ընդդիմադիր 3 կարեւորագույն կուսակցությունները հրաժարվում են մասնակցել ընտրություններին, գրում է թերթըՙ չմոռանալով, թե Հայրիկյանի վրա կատարված առեղծվածային մահափորձն էլ ստվերել է ընտրական գործընթացը: 1991-ից անկախացած Հայաստանը տնտեսապես դեռ ոտքի չի կանգնում, բնակչության մեկ երրորդից ավելին աղքատության շեմից ցած է գոյատեւում, շուրջ մեկ միլիոն քաղաքացի արտագաղթել է, բացի դրանիցՙ Ադրբեջանի հետ տարածքային երկարատեւ վեճ ունի ԼՂ-ի համար, եզրափակում է «Դի վելթը»: «Խռովարարություն եւ անտարբերություն հայաստանյան ընտրություններում» վերնագիրն է ընտրել ավստրիական «Դեր շտանդարտը»: «Խաչ դնելու փոխարեն մեկն իր կարմիր շրթնահետքն է թողել, մյուսն ընտրատեղամասում աշխատող շփոթված մարդկանց աչքի առջեւ կերել է իր քվեաթերթիկը, երրորդըՙ գյումրեցի մի կին, 5000-դրամանոցը դրել է ծրարի մեջ, ու քվեաթերթիկի վրա գրել. «Ինձ գնել չեք կարող», գրում է ավստրիական լրատունՙ նշելով, թե շատ հայերի համար ընտրությունը մեծ իմաստ չի ունեցել, քանի որ այս անգամ ընդդիմադիր կարեւոր առաջնորդներն իրենց թեկնածությունը չեն դրել, ինչն ընտրողների շրջանում, ըստ ԵԱՀԿ դիտորդների, հանգեցրել է անտարբերության, վստահության պակասի: Նույն առաքելության դիտորդները նախորդ ընտրությունների հետ համեմատած արձանագրել են «հստակ բարելավումներ»: Խորհրդարանում միայն 5 պատգամավորով ներկայացված «Ժառանգության» առաջնորդը, ըստ նախնական արդյունքներիՙ 36,7 տոկոս է հավաքել, նա չի ընդունում ընտրության արդյունքը, եւ երեքշաբթի օրը դեռ պարզ չէրՙ ԱՄՆ-ում ծնված 54-ամյա Հովհաննիսյանը օրեր շարունակ բողոքի հանրահավաքնե՞ր է անցկացնելու, թե՞... Ի հակադրություն Սարգսյանի, Հովհաննիսյանն Արեւմուտքում ծնված իրավաբան, պատմաբան է, ինչպես հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, նա էլ անզիջում կեցվածք ունի ԼՂ բանակցությունների հարցի վերաբերյալ: Ղարաբաղյան պատերազմի նախկին հրամանատար Սարգսյանը շարունակում է իր նախորդների ռուսամետ քաղաքականությունը: Ռուսաստանը նախկին խորհրդային այս հանրապետությունում արտերկրի իր ամենամեծ ռազմաբազան ունի, գրում է թերթըՙ նշելով, թե Ադրբեջանի ու Թուրքիայիՙ 25 տարուց ավելի ստեղծած շրջափակումը երկրին արտաքին քաղաքական կուրսի փոփոխության նվազ հնարավորություն է տալիս: Հայերն անվտանգության ճանապարհն են ընտրել, երեքշաբթի Սարգսյանի կատարած հայտարարությունից մեջբերմամբ է եզրափակել իր հոդվածը Մարկուս Բերնաթը ավստրիական «Դեր շտանդարտի» փետրվարի 20-ին գրած հոդվածում: «Անարդար ընտրություններ», «Վստահաբարՙ ճիշտ մարդը չէ» վերնագրյալ հոդվածներով է ՀՀ նախագահական ընտրություններին անդրադարձել գերմանական taz-ը: Ձախ այլընտրանքային կարծիք ներկայացնող հիշյալ օրաթերթը գրում է, թե Սարգսյանի վերընտրվելը կանխատեսելի էր, ինչպես միջազգային դիտորդներն են նկատել, նվազ մրցակցության պայմաններում: Թերթը զուգահեռաբար ներկայացնում է 37 տոկոս ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի «անարդար ընտրություններ էին» գնահատականը, որ taz-ը վերնագիր է դարձրել, նաեւՙ ԵԱՀԿ դիտորդներիՙ «նախկին ընտրությունների համեմատ բարելավում է նկատվում» արձանագրությունը: Թերթի երկրորդՙ «Վստահաբարՙ ճիշտ մարդը չէ» վերնագրյալ հոդվածում մեկնաբան Բարբարա Օերթելը գրում էՙ ինչպես 1991-ի անկախությունից ի վեր երկրի բոլոր ընտրություններում, այս անգամ էլ կրկնվեց իշխանության մասնակցության ողջ ռեպերտուարըՙ ցանկալի տեղում խաչ դնելու նպատակով ճնշումներ ընտրողների հանդեպ, ինչպես նաեւՙ ձայների մեծամասշտաբ գնում: Ընտրողների խմբերը քարշ էին տալիս ընտրատեղամասից ընտրատեղամաս բազմիցս ձայն տալու նպատակով: Պաշտոնավարման երկրորդ շրջանը նոր ու հին նախագահի համար թեթեւ չի լինելու, գրում է taz-ի մեկնաբանըՙ նկատել տալով երկրի աղքատությունը, երիտասարդ, կիրթ զանգվածի երկրից հեռանալը: Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացն էլ առաջ չի գնում, քանի որ Անկարան դեռեւս հրաժարվում է ճանաչել 1915-ի ցեղասպանության իր մեղքը: Հակամարտությունը հարեւան Ադրբեջանի հետ կարող է ամեն պահի բռնկվել: Թվարկված ճնշող խնդիրներն հաշվի առնելովՙ ուղեսլաքներն արագ պիտի դրվեն, բայց դրա համար Սարգսյանը, վստահաբար, ճիշտ մարդը չէ, կարծիք է հայտնում taz-ի մեկնաբանը, երեւան հանելով, ինչպես մեջբերված մյուս լրատվամիջոցները, իր շահագրգռվածությունը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում: |