RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-06 23:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1561, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 60

«ԹՈՂ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՍԱՄԱԹԻԱՅԻ ՀԱՅԵՐԻՆ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Այդ մասին «Սթարի» մարտի 5-ի համարում գրել է Մուրադ Քելքիթօղլուն: Նկատի ունի քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնք Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի, «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության, ինչպես նաեւ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» գլխավորությամբ դատապարտում էին Ստամբուլի հայաշատ թաղամասերում տարեց հայ կանանց դեմ իրականացված հարձակումները, հարձակումներին թուրք իրավապահ մարմինների անտարբերությունը եւ Սամաթիայում հունվարի 26-ին ու 27-ին կազմակերպում հայերի հետ համերաշխության ցույցերը:

Ի դեպ, այդ ցույցերին մասնակցել էին Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների բոլոր ներկայացուցիչներըՙ բացառությամբ հրեական համայնքի ու սաբաթայականների, այսինքնՙ սալոնիկյան ծագումով առերեւույթ մահմեդականություն ընդունած հրեաների, որոնք հետնաբեմից կառավարելով երկիրը, որպես կանոն հայերի դեմ են ուղղում թուրք ժողովրդի ագրեսիվ նկրտումները:

Համենայն դեպս, համերաշխության երկու ցույցից եւ հատկապես Մարդու իրավունքների միության ոստիկանությանը ներկայացրած հունվարի 24-ի գրավոր դիմում-բողոքից հետո մինչ այդ անգործության մատնված իրավապահ մարմինները սկսեցին հետաքննել հարձակումները: Նրանք ավելի քան 3 ամիս հետո հայտնաբերեցին ոմն Մուրադ Նազարյանին եւ նրա վրա բարդեցին բոլոր 5 հարձակումների պատասխանատվությունը, չմոռանալով, իհարկե, հարձակումները կրճատել 4-ի, սպանվածներին 2-իցՙ 1-ի, ընդգծելով, որ դրանցից միայն 3-ն են ուղղված եղել հայ կանանց դեմ:

Թուրքական ոստիկանության տվյալներով, Մուրադ Նազարյանը ծագումով հայ է, մահմեդականություն է ընդունել, բայց, չգիտես ինչու, պահպանում է հայի ազգանունը, հաճախում մզկիթ նամազ անելու, սակայն եկեղեցուց օգնություն է ստանում, դեռ ավելին, հիվանդանոցում բուժում ստացած հոգեկան հիվանդ է նաեւ:

Այլ կերպ, Մուրադ Նազարյան անուն-ազգանունը կամ որեւէ առնչություն չունի այդ անձնավորության ինքնության հետ, այսինքնՙ հորինված է, կամ էլ հարձակումները նրան են վերագրում, որպեսզի քողարկեն դրանց ռասիստական բնույթը: Ընդ որումՙ հոգեկան հիվանդի մեղմացուցիչ հանգամանքով, միաժամանակ պաշտպանության տակ են առնում եւ արդարացնում ինչպես հանցագործին, այնպես էլ իրագործած հակահայ հանցագործությունը:

Այս ամենը, սակայն, չի խանգարել «Սթար» թերթի հեղինակին ընդվզելու քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների դեմ, որոնք հարձակումները համարելով ռասիզմի եւ հայատյացության դրսեւորում, պայմանավորել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատրաստությամբ:

Ահա թե ինչ է գրել «Սթարի» հեղինակը. «Վերջին շաբաթներին, երբ հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիներով բնակեցված Սամաթիայում տարեց կանանց նկատմամբ իրար հետեւից իրականացվեցին հարձակումներ, մեր «զգոն քաղաքացիները» առանց մտածելու, թե դրանք կարող են լինել սովորական հանցագործություն, «Բոլորս սամաթիացի ենք» կարգախոսներով ճանապարհ ընկան: Երթեր, բողոքի ցույցեր կազմակերպող այս ընկերները, ըստ որոնց, հարձակումները պայմանավորված էին հայատյացությամբ, «չենք թույլ տալ վարի տալ հայերին» վանկարկումներով փողոցներում ախուվախ արեցին: Մինչդեռ բոլոր հարձակումներն անխտիր գողության միտում են ունեցել: Նրանք, իհարկե, հարկ չհամարեցին կանգ առնել այս վարկածի վրա: Ըստ նրանց, ճշմարտությունը մեկն էր. Լինչի դատաստանի ենթարկել հայերին: Հետո ի՞նչ եղավ: Ձերբակալվեց հանցագործը: Պարզվեց, որ հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի Մուրադ Ն.-ն է: Շատ բարի: Հիմա ի՞նչ անել: Եվ ի՞նչ են անելու քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններն ու կուսակցությունները, որոնք բողոքի ցույցերում «բոլորս սամաթիացիա ենք» էին գոռում-գոչում, աշխարհն իրար խառնում: Կարծում ենք, կարիք կա, որ նրանք արդեն «ներողության» ցույց կազմակերպեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ