«ԼԵԶՈՒՆ ՈՐ ՉԸԼԼԻ, ՄԱՐԴ ԻՆՉԻ՞ ՆՄԱՆ Կ՛ԸԼԼԻ...» ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇԵԱՆ, Փարիզ Խաչատուր Աբովեան Հոդվածագիրըՙ Կարպիս (Ռոժե) Ջրբաշյան, ֆրանսահայ գաղութի նահապետներից է, բարերար, մեկենաս, իսկ ամենակարեւորըՙ հասարակության եւ ազգի բարօրության համար ոչինչ չխնայող անձնավորություն: Վանեցիական արմատներով այս անձնավորությունը բնականաբար նաեւ հրապարակագիր է, սակայն գրում է միայն պահի թելադրանքով: Նրա բազմաթիվ հոդվածներ լույս են տեսել հատկապես Անդրանիկ Ծառուկյանի «Նայիրի» եւ Արփիկ Միսակյանի «Յառաջ» թերթերում: Սիրով ներկայացնում ենք նրա հոդվածըՙ ի պէտս համբակաց եւ զարգացելոց: Անցեալում, Ֆրանսայի իմաստուն ղեկավարները խստօրէն արգիլած էին շրջանային լեզուների օգտագործումը յանուն ազգային լեզուին անաղարտ պահպանման... Այս խիստ արգելքին հետեւողութեամբ, Պրըթանյի շէնքերու մուտքին դրուած էր ազդարարագիր մը. «Արգիլուած է թքնել եւ պրըթոներէն գործածել», իսկ դպրոցներում, երբ միամիտ մի աշակերտ յանկարծ բաց թողնէր տեղական լեզուի մի քանի բառ, իսկոյն կը պատժուէր, կանգնելով դասարանի մի անկիւնում, վզից կախուած մի կօշիկ... կամ էլ նա պարտաւոր էր մաքրել պէտքարանը... Ազգային լեզուի այդ խելագար պաշտամունքը թոյլ տուեց, որ նախարար Դը Մոնզի կատարէր մի շռնդալից յայտարարութիւն. «Պրըթոներէնը պէտք է անհետանայ ի նպաստ ֆրանսերէնի»: Իսկ 1845-ին Մորլէ քաղաքի փոխ-նահանգապետը, խօսքը ուղղելով Ֆինիսթէր նահանգի ուսուցիչներին, կը յայտարարէր. «Ձեզ յիշեցնեմ, պարոնայք, որ կոչուած էք սպաննելու պրըթոներէն լեզուն»: Այնուամենայնիւ հարկ է նշել, որ Ժան Ժորէս, 15 հոկտեմբեր 1911-ին, մի յօդուածով խստիւ ընդդիմացաւ այս տխմար մարմաջին. «Շատ օգտակար մի զբաղում է, երբ մանկութիւնից սկսեալ երեխաները խօսում են մի քանի լեզու: Բաղդատելով ուրիշ լեզուի հետ, նրանք աւելի զգայուն են դառնում հանդէպ գեղեցկութեան, աւելի նկատում են ամէն մէկի իսկական նկարագիրը: Այսպէս, ինչ որ իրողութիւն է բառին համար, իրողութիւն է նաեւ պրըթոներէնի համար»: Այդ թուականից «շատ ջուր է հոսել կամուրջների տակից...»: 1967-ին UNESCO-ն յայտարարեց. «...Փոքրամասնութիւնների լեզուների ուսուցումը նպաստում, հարստացնում է մարդկութեան ընդհանուր մշակոյթը»: Ահա, վերջերս լսելի դարձան Ժան Ժորէսի յատկանշող մտածումները, ինչպէս նաեւ UNESCO-ի հռչկած տեսակէտը... Ուրեմն անցեալ մարտ ամսի վերջում Ֆրանսայի զանազան քաղաքներում տեղի ունեցան ցոյցեր, պահանջելով վերականգնումը շրջանային լեզուների, նաեւ բողոքելով պետութեան դէմ, որ մնում է անտարբեր հանդէպ 75 փոքրամասնութիւնների լեզուների փրկութեան նկատմամբ (Le Figaro, 26 մարտ 2012): Աւելինՙ վերջերս նաեւ Ֆրանսայի ներքին գործոց նախկին նախարար Քլոտ Գէան պարզօրէն յայտնեց, թէ ինք սահունօրէն խօսում է Ch՛ti բարբառը, աւելցնելով. «Դա իմ ծննդավայրի (Vimy, Nord-Pas-de-Calais) հողի հարազատ բոյրն է»: Արդ, պէտք է ընդունենք, որ ամէն մի լեզու կրում է մի մտածում, մի խորհուրդ, մի գաղափար, որոնք յաճախ ինքնատիպ արտայայտութիւններ են: Չեն թարգմանւում: Ո՞ր մէկ լեզուն կարող է թարգմանել «կարօտ» բառի հարազատ ապրումը... Ինչպէս ասել է նշանաւոր գրող Ժոզէֆ Քեսէլը, «Բառերը որպէսզի թռիչք ունենան, կարիք ունեն իրենց բոյնի լեզուին: Ուրիշ լեզուով կորսնցնում են իրենց թեւերը»: Ընդունուած դասական իրողութիւն էՙ լեզուն, հարազա՛տ լեզուն է, որ ապահովում է ազգի ինքնութիւնը: Այդ իրողութեան հաւատալով է որ նախանձախնդիր, գիտակից հայեր, ինչպէս Մելգոնեան եղբայրներ, Լեւոն Քելեքեան, Ալեք Մանուկեան եւ ուրիշ ազգայիններ, Սփիւռքում ձեռնարկեցին հայկական դպրոցների կառուցման: 1973 թուին, Ալեք Մանուկեանՙ Փարիզի Դպրոցասէր վարժարանի այցելութեան առթիւ յայտարարեց. «Ո՛չ մի հաստատութիւն չի կրնար փոխարինել հայկական դպրոցը»: Եւ ինչպէ՜ս չյիշել Խաչատուր Աբովեանը. «Ա՛խ լեզուն, լեզուն որ չըլլի, մարդ ինչի՞ նման կ՛ըլլի: Մէկ ազգի պահողը, իրար հետ միացնողը, լեզուն ա ու հաւատը: Լեզուն փոխի՛ր, հաւատդ ուրացի՛ր, էլ ընչով կարես ասիլ թէ ո՞ր ազգիցն ես»: Ամերիկան ազգերի գաղթականների մի խառնարան է, հսկայ մի ձուլարան է, որ լեզուի խնդիր չունի, ոչ էլ ինքնութիւն պահպանելու պահանջ: Սակայն լայնատարած այս հզօր կայսրութիւնը զրկուած է սեփական ազգային արմատներից, չունի իսկ իր հարազատ սեփական լեզուն... Անշուշտ, կարելի չէ անտեսել, որ Ամերիկան աննախընթաց մի ապաստան եղաւ բազմամիլիոն կարօտեալների, քաղաքական փախստականների համար, որոնցից այսօր աւելի քան մէկ միլիոնըՙ մեր ազգից: Կարծում եմ, որ պարտադիր է նշել նաեւ եզակի մի բացառութիւն. «Դոլարաստան» այս կայսրութեան կիցՙ Քանադայի կուրծքին կպած, Սէն-Լորան գետի ափին, Քեպէք նահանգն է, մօտ 6 միլիոն ֆրանսախօս ֆրանսացիներով, մեծամասնութիւնըՙ Վանտէ նահանգից, որոնք գաղթականների շառաւիղներ չեն, այլ մեզ նման վերապրող արմատախիլներ, Ֆրանսայի սփիւռքը, որ ստեղծուեց 1789ի յեղափոխական տարիների հանրածանօթ ջարդերի պատճառով: Քեպէք եղաւ նրանց ապաստանը: Ֆրանսայի այս սփիւռքը 200 տարի ոչ միայն մնաց քրիստոնեայՙ պահպանելով ֆրանսական աւանդութիւնները, այլ նաեւ անխորտակ ու կրքոտ հաւատարմութեամբ կառչած մնաց մայրենի լեզուին, մերժելով օտար բառերի մուտքը: «Տարոսը» սփիւռքահայերիս եւ հայաստանցիներին... Սակայն Քեպէքի այս դիմադրող սփիւռքը 200 տարի մնաց անտեսուած Մայր հայրենիք ասպետական Ֆրանսայից... մինչեւ 1969, երբ Մոնրէալի կեդրոնական հրապարակի վրայՙ ծով բազմութեան առջեւ, զօրավոր Շարլ դը Գոլ կրքոտ ձայնով հռչակեց. «Այստեղ ապրում է ֆրանսացի ժողովուրդի մի հատուած: Կեցցէ ազատ Քեպէքը»: Թնդաց վաղուց սպասուած ուրախութեան արդար փոթորիկ... Քեպէքի ֆրանսացիները հաւատարիմ մնալով մայրենի անաղարտ լեզուին, պահպանեցին իրենց հարազատ ինքնութիւնը որպէս ֆրանսացի եւ ոչՙ «ծագումով ֆրանսացի»... *** Վերջերս իմացանք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (այլապէս ֆրանսերէն անուանեալ UGAB...) նախագահ Պերճ Սեդրակեան, ինչ-որ մի առիթով յայտնած կը լինի, որ «ինքզինք հայ զգալու համար պայման չէ հայերէն խօսիլ»: Այլ խօսքով, եթէ հայ մնալու համար հայերէն լեզուն պարտադիր չէ, ուրեմն հայկական դպրոցն էլ աւելորդ մի ծախս է... Այս ինքնատի՜պ տեսակէտը մասամբ արդարացնում է Պ. Սեդրակեանի յանդո՜ւգն եւ իրապա՜շտ որոշումըՙ պահպանել Մելգոնեան վրժարանի շէնքը առանց աշակերտութեան... Դէ ե՛կ, Խաչատուր Աբովեան, ու մի՛ գժուի... Ինչպէս ասում է հայ բանաստեղծըՙ «Դու իմանում ես ռուսերէն, շատ լաւ իմանում ես անգլերէն, ֆրանսերէնՙ շատ շատ լաւ, բայց չես իմանում քո մայրենի լեզունՙ աշխարհը քեզի համար մի թարգմանութիւն է»: Արդ, «թարգմանուած աշխարհին» պատկանող, այսպէս կոչուած «ծագումով հայ»ը շոգեկառք (գնացք) չի նստում, այլ «կը վերցնի», դրամ չի վաստակում, այլ դոլար «կը շինի»... Թէ այդ երանելին «կարող է իրան հայ զգալ», այդ էլ կախեալ է իր երեւակայութիւնից: |