RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013



Տեղադրվել է` 2013-03-06 23:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2178, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ՄԱՐՏՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր

Տարիներ շարունակ մարտ ամիսն ընկալվում էր որպես գարնան, կյանքի սկիզբ, սպասումների անբացատրելի նախաշեմ: Մարտի գալստյանը զուգընթաց հոգիս մի տեսակ ծառս էր լինում, լցվում խանդաղատանքով, անկասելի շատ սիրելու, սիրված լինելու ցանկությունն էր պարուրում, ամենուրեք գույները պայծառանում էին, ավելի գեղեցիկ ու վառվռուն դառնում: Սակայն, ցավոք, 2008-ից այդ զգացումներն աղճատվեցին, տխուր հիշողությունները եկան ու տիրաբար միախառնվեցին, պղտորեցին, մգագույն դարձրին գարունն ու մարտյան հրաշագեղ ընկալումները:

Ամեն անգամ, արդեն, 2008-ից հետո, մի տեսակ անբացատրելի վախով էի անցնում մարտյան փորձաշեմը, ազատ շունչ քաշում խաղաղ ու անկորուստ անցումով, հավատացնում ինձ, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր, պահի ազդեցության ներքո որոշ տաքգլուխների անհաշվենկատ քայլերի տխուր հետեւանք: Իսկ ամեն անգամ մարտիմեկյան զոհերի կամ տուժածների մասին խոսելիս փորձում էի ինձ ներշնչել, որ դա եղել է շատ տարիներ առաջ, յոթ սարի հետեւում եւ մեր իրականությանը որեւէ աղերս անգամ չունի: Հասկանում եմ, մարդը երբեմն ապրում է ուրիշի կամ ինքնաստեղծ հեքիաթներով...

Իսկ այսօ՞ր, 2013-ի մարտին ի՞նչ եղավ, ի՞նչ ենք ուզում իրարից: Ես հասկանում եմ, համենայն դեպս լավ ճանաչելով իմ վաստակաշատ գործընկեր Ռիչարդ Հովհաննիսյանին, վստահ եմ, որ նրա որդի Րաֆֆին ծայրահեղ քայլերի ընդունակ չէ: Գիտեմ, որ նա հայրենասեր է այնքան, որ մեր գարունն ու մարտը նորից չի աղավաղվի: Սակայն զարգացումներին հետեւող յուրաքանչյուր հայ տեսնում է, որ նրա կողքին հայտնվում են մարդիկ, որոնց վարքագծերն այնքան էլ կանխատեսելի չեն: Գաղտնիք չէ, որ մենք դարերի ընթացքում բազմաթիվ ու բազմատեսակ վայրենի ու կիսավայրենի ցեղերի ճնշումների հետեւանքով որդեգրեցինք օտար ափերի նկատմամբ կայուն թուլություն, իսկ վերջին երկու-երեք տասնամյակներին, հատկապես` ամերիկասիրություն: Բայց արի ու տես, որ մեզանում այսօր կան մարդիկ, ովքեր փոխարինում են ոչ իրենց հաշվին Ամերիկայում լինելու հնարավորությունն Ազատություն հրապարակի հարթակում լինելու հետ: Ի դեպ, հարթակը, ինչպես լավագույնս նշվել է «Ազգ» թերթում վերջերս, չպետք է դառնա անկանխատեսելիների զրուցավայր: Կաթիլներն են միախառնվելով հեղեղ դառնում, հարկավոր է զգույշ լինել: Հարկավոր է նաեւ երբեք չմոռանալ, որ եթե որեւէ արվեստագետի ժողովուրդը սիրում է, ընդունում, մեծարում, նրա դժվար պահին կողքին կանգնում, վիրահատության համար վերջին լուման զոհաբերում, դա դեռեւս իրավունք չի տալիս ասելու բաներ, որոնք վայել չեն իրեն, առավել եւս, ժողովուրդն էլ արժանի չէ դրան:

Ի՞նչ անենք: Մեզ` հայերիս դարերի ընթացքում այնքան են տրորել, այնքան են մեզանից խլել, կրճատել մեր հենակետը երկրագնդի վրա, որ այլեւս տալու, կորցնելու հնարավորություն չունենք: Պարզապես աշխարհի հզորները որքան էլ շոյեն մեր գլուխները, փաղաքշեն, սիրաշահեն, որքան էլ հալվենք օտար խորհրդարաններում ու գործիչների բերաններով արտաբերված «հայանպաստ խոսքերից», մենք այլեւս տալու բան չունենք: Ավելի ճիշտ` տալու հնարավորություն այլեւս չկա: Ընդհակառակը, այսօր մեզ հաղթանակներ են պետք, որպեսզի գալիք սերունդներին ոչ միայն բան ունենանք թողնելու, այլեւ եկեղեցիների ու խաչքարերի քարակուռ հեքիաթից բացի ժանանակակից տեսքով բերդերի ու ամրոցների, ինչու չէ, նաեւ արքայական պալատների վկայություններով սերունդներ դաստիարակելու հնարավորություն ունենանք:

Մի բան էլ: Արդեն քանի տարի մեր մտավորականությունն ամենացավավոտ ու ամենամաքուր հայերենով, մասնագիտական բարձրակարգ տերմիններով գրում, քննարկում է 2008-ի մարտյան իրավիճակն ու փորձում հասկանալ ամենագլխավորը` ինչու եղավ, ովքեր արեցին, եւ բացահայտել մեղավորներին: Բայց` անարդյունք: Գոնե դասեր քաղենք, գոնե կարողանանք զոհերի հիշատակը հարգենք, նրանց հարազատների ու խեղվածների ցավը հասկանանք, որպեսզի, Աստված մի արասցե, նույն սխալը չկրկնենք: Բայց արի ու տես, որ չնչին բացառությամբ այսօր մտավորականությունը կամ կրկին բարիկադավորվել է, կամ, որ ավելի բնորոշ է նրա մեծամասնությանը, անտարբեր, ամուլ պահվածքով սպասում է: Ինչի՞:

Ժամանակը չէ՞, պարոններ: Էլ ի՞նչ է պետք, որ միակամվենք, հասկանանք իրար, որ հանկարծ կրկին ողբերգություն չունենանք: Մի՞թե պարզ չէ, որ մենք այդպիսի շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող: Արդ, ոտքի ելեք, բարձրացրեք Ձեր ձայնը, հօգուտ հասարակության խաղաղության, մեր կյանքի անդորրի:

Ես Մարսից չեմ եկել, ոտքերս էլ ամպոտ չեն, ու լավ գիտեմ մեր իրականությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզանում այսօր սոցիալական, իրավական ու զանազան այլ բնույթի եւ, ամենակարեւորը, հոգեբանական լուրջ դժվարություններ կան, որոնք հնարավոր կլինի հաղթահարել միմիայն միավորվելու, բռունցքվելու դեպքում: Ուրեմն միակամ լինենք, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին պարտավոր են նպաստել դրան: Վերջին տարիների ամենաազգավնաս երեւույթն արտագաղթն է, որի մասին շատ է խոսվում, սակայն ըստ էության արմատական գրեթե ոչինչ չի արվում վերացնելու համար: Վստահ եմ, հայ մարդը երբեք որկրամոլ չի եղել եւ փորի համար չի գնում երկրից ու օտար երկրում երրորդ կարգի փախստական դառնում: Հիմնականում գնում են անարդարությունների պատճառով հայրենիքում հույսը կորցրածները: Հենց այստեղ է, որ մեր իշխանությունները չպիտի բավարարվեն արված քայլերով, բազմաթիվ նոր աշխատատեղեր պետք է ստեղծեն, անարդարություններին պետք է վերջ տան, որպեսզի մեկընդմիշտ այդ ախտն արմատախիլ արվի մեզանում եւ չշահարկվի երբեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ