ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հայաստանում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակությունն ու նրա ղեկավար, Բունդեսթագի նախագահ Նոբբերթ Լամմերթը երեկ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ղեկավարության հետ: Նախագահ Սարգսյան-Լամմերթ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն եւ շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը: Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին հանդիպում ունեցավ նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի, արտաքին հարաբերությունների եւ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ: Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս ընդունել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Նորբերթ Լամմերթը նշել է, որ Հայաստան կատարած այցը պետք է հիմք դառնա երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, ժողովրդավարացման ներուժի հետագա բացահայտումներին, դրանց զարգացմանը: Նորբերթ Լամմերթն ասաց, որ իրենք պատրաստ են աջակցելու բոլոր այն երկրներին, որոնք դրա ցանկությունն ու կարիքն ունեն: Անդրադառնալով ԳԴՀ Բունդեսթագում ադրբեջանամետ ուժերի զանգվածային գրոհներինՙ Նորբերթ Լամմերթն ընդգծել է, որ Գերմանիայի խորհրդարանում խորությամբ են քննարկվում Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները, որոնք հաճախ քննադատության են արժանանում: |