ԳՅՈՒՄՐԻ. ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ Գ. Մ. Գյումրու քաղաքային հին` Հ. 1 գերեզմանոցը, որտեղ թաղումներ են կազմակերպվել սկսած 19-րդ դարից, համարվում է հուշարձան եւ ընդգրկված է Շիրակի մարզի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում: Այստեղ ի թիվս այլոց ամփոփված են Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցող վարպետ Թադեոս Անտիկյանի, երգահան Տիգրանյանների եւ Մելիք-Աղամալյանների, գարեջրի գործարանի հիմնադիր Ծաղիկյանների գերդաստանների անդամների, առաջին հայ ազգային-ազատագրական «Բարենպատակ» խմբակի հիմնադիր Արսեն Կրիտյանի, Պոլոզ Մուկուչի, մեծ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի հոր` Աշուղ Ադաշի, այլ նշանավոր գյումրեցիների աճյունները: Որպես հուշարձան, սա վաղուց փակ գերեզմանոց է համարվում եւ այստեղ նոր թաղումներն ու «ժամանակակից» վերակառուցումներն արգելված են: Սա` օրենքով: Իսկ ահա պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ, գյուրջիեւագետ, պատմաբան Ավետիք Մելիք-Սարգսյանի վկայությամբՙ գերեզմանոցի վիճակը պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով բավական անմխիթար է, եւ ոչ միայն: Ծառայության պետը դեռ անցյալ տարի պաշտոնական գրությամբ դիմել է Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա մասնավորապես տեղեկացնելով, որ հին գերեզմանոցում ապօրինի կերպով ոչնչացվել են հարյուրավոր հին` տուֆից գերեզմանաքարեր եւ դրանց տեղում կառուցվել են ավելի մեծ չափերով, բետոնե եւ բազալտ քարով շարված նոր գերեզմաններ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում Մելիք-Սարգսյանի վկայությամբ` այդ հին գերեզմանները քանդվում, քարերը կոտրվում են գերեզմանատան պատասխանատուների իմացությամբ, հետո սպասում են մի քանի ամիս, ու եթե տերերը չեն հայտնվում, հնի տեղում նոր, մեծ գերեզմաններ են կառուցվում, որն ինքնին հանցագործություն է... Ինչպես տեղեկացրեց բանախոսը, վերջերս ապօրինի միջամտություն է կատարված եղել նաեւ Գեորգի Գյուրջիեւի հոր` Աշուղ Ադաշի գերեզմանաքարի վրա, որով խաթարվել է հուշարձանի սկզբնական տեսքը: Ըստ ներկայացվածի, անցած աշնանը Գյումրի ժամանած օտարերկրացի գյուրջիեւագետ Վիլյամ Պատերսոնի պատվերով Աշուղ Ադաշի գերեզմանին առանց համապատասխան թույլտվության երկու բազալտե սալիկ է ավելացված եղել, որը հետո չգիտես ում կողմից նորից վերացվել է: Հիմա, Պատերսոնի ներկայացրած բողոքից հետո, այդ գերեզմանի դիտավորյալ ոչնչացման մեղադրանք է ներկայացվում գերեզմանը տարիներ առաջ գտած եւ պահպանած... Մելիք-Սարգսյանին: Վերջին խնդիրն, իհարկե, կպարզվի: Բայց ծառայության պետը նշում է, թե քաղաքապետին ուղղված իր գրությունից հետո, որում, նաեւ, առաջին գերեզմանոց-հուշարձանի պահպանության ու դրա հետ կապված տարբեր խնդիրների լուծման հարցում համագործակցության առաջարկ էր արել, իր հետ ոչ մի հանդիպում, ոչ մի քննարկում մինչեւ այժմ չի եղել: Այս հուշարձանի պահպանման իր կողմից առաջարկվող ծրագիրը ծառայությունը մտադիր է ներկայացնել Գյումրու ավագանու քննարկմանը: |