ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ» ՎԵՊԸ` ՓԱՐԻԶԻ ԳՐՔԻ ՍԱԼՈՆԻ ՀՅՈՒՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» Առաջիկա մարտի 21-ին Փարիզի Գրքի սալոնի պատվո հյուրն է լինելու Ռումինիան: Գրքի սալոնի կայքից տեղեկանում ենք, որ ռումին 27 գրողներ ներկայացնելու են իրենց գործերը, որոնց մեջ է Վարուժան Ոսկանյանն իր նշանավոր «Շշուկների մատյան» վեպով: «Շշուկների մատյան»-ը պատմում է Հայոց ցեղասպանության եւ 20-րդ դարի սարսափների մասին. երիտթուրքեր, ֆաշիզմ, ստալինիզմ, գուլագներ, Չաուշեսկու, որոնց թանձր նստվածքը մնացել է մինչեւ այսօր մարդկանց մտքերում եւ հոգիներում: «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել 2009 թ. Բուխարեստում եւ դարձել հրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած եւ ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը: Վեպի հրատարակումից ընդամենը երեք ամիս անց, իսպանական Պրե-Տեքստոս (Pre-Textos) հրատարակչությունը ռումինական Պոլիռոմ (Polirom) հրատարակչությունից ձեռք բերեց այն իսպաներեն հրատարակելու իրավունքը: Իսպաներեն տարբերակը լույս տեսավ 2011 թ. սկզբին Խոակին Գարիգոսի (JoaquinGarrigցs) թարգմանությամբ, եւ նույն տարվա օգոստոսին թողարկվեց նաեւ Արգենտինայում, հեղինակի եւ թարգմանչի ներկայությամբ: Մարկեսյան շնչով գրված վեպը մեծ ժողովրդականություն է վայելում իսպանախոս երկրներում: Վեպի վերաբերյալ Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում, Արգենտինայում լույս է տեսել ավելի քան 300 էջ գրախոսություն: Բոգոտայում, Գաբրիել Գարսիա Մարկես գրական փառատոնի կազմակերպիչներն անցյալ սեպտեմբերին որպես տարվա պատվո հյուր հրավիրել էին Վարուժան Ոսկանյանին: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսն անձամբ հետաքրքրված է վեպով, որի ընթերցումը, նախագահի իսկ խոստովանությամբ, նրան օգնում է Կոլումբիական զինյալ հեղափոխական ճակատի հետ (FARC) խաղաղության փնտրտուքի ճանապարհին: Իսպաներենի կողքին 2011 թ. սեպտեմբերին լույս է տեսել նաեւ իտալերեն հրատարակությունը` Անիտա Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, Կելլեր Էդիտորե (Keller Editore) հրատարակչատան կողմից: 2012 թ. «Շշուկների մատյանը» հեղինակի միջամտությամբ լույս տեսավ նաեւ Երեւանում, հայերեն` որպես երկրորդ բնագիր, եւ Երուսաղեմում եբրայերեն` Անի Շիլոնի (Any Shilon) թարգմանությամբ, Հակիբուց Համեուխադ (HakibbutzHameuchad Publishing House Ltd.) հրատարակչատան կողմից: 2013թ. «Շշուկների մատյանը» լույս է տեսնելու նաեւ գերմաներեն Էռնեստ Վիխների (Ernest Wichner) թարգմանությամբ ավստրիական հեղինակավոր Պաուլ Ժոլնայ Paul Zsolnay հրատարակչատան կողմից, շվեդերեն` Բոննիեր (Bonnier) հրատարակչական խմբի կողմից: Վեպը ֆրանսերեն վերջերս լույս է տեսել Սիրտ (Syrtes) հրատարակչության կողմից, Մարիլի լը Նիրի /Marily le Nir ու Լոր Հինկելի (Laure Hinckel) թարգմանությամբ, ինչը իրազեկների գնահատմամբ լավագույններից մեկն է: Վարուժան Ոսկանյանն արդեն պայմանագիր է կնքել հունգար եւ չեխ հրատարակիչների հետ: Հայոց ցեղասպանության արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայտարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին: ««Շշուկների մատյանը» թովչական գեղեցկության վեպ է, հենց ինքնին Պատմությունը»,- գրում է իսպանական Էլ Պաիս (El Pais) թերթը: «Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց խիղճն էՙ մահից ու վերապրումից հունցված հիշողություն ժառանգած գրող», ավելացնում է վենեսուելական Էլ Նասիոնալը (El Nacional): ««Շշուկների մատյանը» հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է»,- իր հերթին վկայում է արգենտինյան Լա Նասիոնը (La Nacion): ««Շշուկների մատյանը» 2011 թ. Աշնանն Իտալիայում հրատարակված լավագույն գիրքն է»,- նշում է իտալական Կորիերե դելլա Սերան: ««Շշուկների մատյանը» հազվադեպ գլուխգործոց էՙ վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն եւ արժեքավոր ստեղծագործություններից մեկը»,- կարծիք է հայտնում իսրայելական Հաարեցը (Haaretz): Իսրայելում վեպն արժանացավ այնքան մեծ ընդունելության, որ երեք ամսվա մեջ ունեցավ երկու հրատարակություն: «Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի գրականության Նոբելյան մրցանակի,- Թել Ավիվում անցյալ հոկտեմբերին վեպի ներկայացմանն ասաց Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը,- այս մրցանակն արժանին կմատուցի գրողին, որ միաժամանակ հաջողել է ստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպես նաեւ ցնցող ու կենդանի վկայություն տվել հայ ժողովրդի տառապանքների եւ ցեղասպանության մասին: Նման մրցանակը աշխարհի խիղճը կբեւեռի այս աղետի վրա եւ խորություն կհաղորդի այս սարսափելի ոճրագործության ճանաչմանը»: Հենց այս պատճառով վեպը գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը: Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նամակով դիմել էր այդ երկրի իշխանություններին, երբ անցյալ սեպտեմբերի 21-ին Բուխարեստի թանգարաններից մեկում «Շշուկների մատյանի» շուրջ կազմակերպվել էր հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ: Հայտնի է դարձել, որ դեռեւս 2009 թ. Անկարան պաշտոնակա միջամտությամբ փորձել է կանխել վեպի ռումիներեն հրատարակումը: Կառավարական եւ դիվանագիտական խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են նաեւ ադրբեջանցիները, ճնշումներ են գործադրում տարբեր մայրաքաղաքներում` թույլ չտալու Վարուժան Ոսկանյանի մասնակցությունը Փարիզի Գրքի սալոնին: Բանն այն է, որ Ոսկանյանը ոչ միայն հայ է, այլեւ Ռումինիայի ներկա կառավարության անդամ, ուր զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի ծանրակշիռ պաշտոնը: Մինչեւ ո՞ւր կհասնեն Անկարայի եւ Բաքվի ձեռքերը` ազատվելու համար այդ համառ հայի գլխացավանքից: Առայժմ «Շշուկների մատյանը» շարունակում է սրտեր եւ մտքեր գրավել: |