ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԸ ԿՍԿՍԻ ԿԱՌԼՍԵՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՎ ՖԻԴԵ-ն անցկացրել է մարտի 15-ին Լոնդոնում մեկնարկելիք շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Լեւոն Արոնյանին բաժին է հասել 1-ին համարը: Իսկ դա նշանակում է, որ հայ գրոսմայստերը մեկնարկային 2 տուրերում խաղալու է սպիտակներով, ինչը լավ նախադրյալ է հաջող մեկնարկի համար: Հենց առաջին տուրում Լեւոնը մրցելու է իր գլխավոր մրցակցիՙ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ: Մարտի 16-ին Արոնյանի մրցակիցը կլինի Բորիս Գելֆանդը: Հաջորդ տուրերում Արոնյանը կհանդիպի Վասիլի Իվանչուկի, Պյոտր Սվիդլերի, Վլադիմիր Կրամնիկի, Թեյմուր Ռաջաբովի եւ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մարտի 24-ին կմեկնարկի մրցաշարի 2-րդ շրջանը: 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Մագնուս Կառլսենի հետ: Իսկ ավարտական տուրում, որը կկայանա ապրիլի 1-ին, Արոնյանը սպիտակներով խաղալու է Թեյմուր Ռաջաբովի դեմ: 2 շրջանով անցկացվելիք մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագը վիճարկելու աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հավակնորդների մրցաշարին Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է Ջերմուկում, որտեղ իր թիմի անդամների հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Լեւոնը 2-րդ անգամ է մասնակցում հավակնորդների մրցաշարին: Նախորդ անգամ նա քառորդ եզրափակիչում պարտվել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին ու դուրս էր մնացել հետագա պայքարից: Իսկ հավակնորդների մրցաշարի հաղթող էր ճանաչվել Բորիս Գելֆանդը, որին հետագայում չհաջողվեց շախմատային թագը նվաճել Վիշվանաթան Անանդի հետ մրցավեճում: |