«ՈՐ ՄԱՅՐՆ ԱՅԼԵՎՍ ԻՐ ՈՐԴՈՒՆ ՉՈՒՂԱՐԿԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Փոխգնդապետ Աիդա Սերոբյանը բազմաթիվ մարտի 8-եր եւ նոր տարիներ է անցկացրել ռազմի դաշտում, սահմանին: «Մենք հույս էլ չունեինք, որ հերթական արկից հետո ողջ կմնայինք, ռազմի դաշտում էինք, որ մյուսների կյանքը փրկեինք: Մեզանից շատերն իրենց կյանքով խաղաղություն ու նոր կյանք նվիրեցին: Ես հարգում եմ այն բոլոր տղամարդկանց, ովքեր ռազմի դաշտում էին ու ովքեր կռվեցին, սակայն փաստենք, որ կանանց դերակատարությունն էլ մեծ էր: Արցախյան պատերազմի ժամանակ 42 կին մարտիկ զոհվեց: Ու հիմա պատերազմից դասեր քաղած ազատամարտիկս միայն մի բան է ուզում, որ մայրն այլեւս իր որդուն չուղարկի պատերազմ: Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց եթե հարկ լինիՙ նորից կպայքարենք»: Տիկին Աիդան ու էլի բազմաթիվ ազատամարտիկներ, զինծառայողներ ու զինվորների մայրեր երեկ պաշտպանության նախարարությունում էին: Նախարար Սեյրան Օհանյանը մարտի 8-ի նախօրյակին կազմակերպել էր միջոցառումՙ հերթական անգամ գովաբանելու ու շնորհակալություն հայտնելու կանանց իրենց ներկայության, գործունեության եւ հայրենասիրության համար: «Սա ոչ թե կանանց մեկամսյակի մեկնարկ է, այլ տասնմեկամսյակի ավարտ», հայտարարում է պաշտպանության նախարարըՙ շեշտելով, որ հայ հասարակությունում կանայք միշտ էլ արժանացել են հարգանքի ու գնահատանքի: «Մենք չափից շատ ենք սիրում մեր կանանց, կինը մեծ խոսք էՙ օրիորդի պես անաղարտ, ընկերուհու նման անձնազոհ ու մոր նման սխրագործ: Մենք մարտական ընկերուհիներ ունենք, ովքեր անձնազոհաբար իրենց կյանքը նվիրեցին այսօրվա խաղաղությանը, եւ նրանք մեզ զրկեցին սխալվելու իրավունքից»: Օհանյանը շեշտում է, որ մենք վաղուց ենք հաղթահարել կին-տղամարդ իրավահավասարության պատնեշը: «Կինը, հաճախ մոռանալով իր ընտանիքի, իր բարեկեցությունը, տղամարդու հետ հավասար պայքարել է, մարտնչել, կիսել ծանրագույն դժվարություններ: Արդյոք սխրագործություն չէ՞, որ կինը որդի է ուղարկումՙ հայրենիքի սահմանը պաշտպանելու», ասում է նախարարըՙ հավելելով, որ ինչպես պաշտպանական, այնպես էլ այլ գերատեսչություններում կանանց ներկայությունն իրեն միշտ էլ հաճույք է պատճառում: Նրա հավաստմամբՙ կանայք ոչ միայն մթնոլորտ են փոխում, այլեւ ստիպում են, որ տղամարդիկ ավելի զուսպ ու կոռեկտ լինեն: Մանիկ Մարգարյանի երեք որդիներն այժմ ծառայում են բանակում: «Այժմ ես միայն իմ որդիների մայրը չեմ, բոլոր զինվորների մայրն եմ ու աղոթում եմ նրանց համար: Զինվորի մայր լինելն ամենամեծ հպարտությունն է, որովհետեւ իմ որդուն վստահել են շատ լուրջ գործՙ հայրենիքի պաշտպանություն», ասում է նա: Նրա ամուսնուՙ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» արտահայտությունը դարձել է թեւավոր խոսք: Մովսես Գորգիսյանն անկախության խորհրդանիշն է: Նրա կինըՙ Ռուզաննա Գորգիսյանը խոստովանում էՙ այսօր էլ սիրում է ամուսնուն, ապրում նրանով ու նրա գաղափարներով: «Ես ուզում եմ, որ ուրախությունը ուրախությամբ համադրվի, որ զոհեր, այրիներ ու որդեկորույս մայրեր չլինեն, որ կինն իրեն կին զգա, սիրված ու գնահատված լինի, որ մայրը փառաբանված լինի: Մեր երկիրն այնպիսին լինի, որ որեւէ մայր իր երեխայի հետ նամակով կամ հեռախոսով չհաղորդակցվի: Ուզում եմՙ մայրերը գոհ լինեն, վստահ լինեն, որ իրենց երեխաներն ապահով, հզոր ու կայացած պետության մեջ են ապրում: Մենք պահանջ ու բողոք ունենք ու դա պետք է բավարարվի: Մենք սպասելիք ունենք, որ որեւէ երեխա երբեք հարցականի տակ չդնի իր հոր նահատակումը, որ որեւէ մեկի մտքով չանցնիՙ արդյոք արժե՞ր: Ուզում եմՙ երկիրս այնպիսին լինի, որ դրա մասին չմտածենք», ասում է տիկին Ռուզաննան: Մարտի 8-ի նախօրյակին նախարար Օհանյանը պատվոգրերով, մեդալներով եւ թանկարժեք նվերներով պարգեւատրեց կին զինծառայողներին, ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների այրիներինՙ այդ կերպ հերթական անգամ փաստելով, որ կատարված սխրագործությունը երբեք չի մոռացվում: |