«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼ, ԱՅԼ ՕԳՏՎԵԼ ՉՀԱՄԱԿԱՐԳԻՑ» Ի. Պ. Ասում է Ռուբեն Հախվերդյանը Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի խորին համոզմամբ` նախագահական վերջին ընտրություններում ձայների մեծամասնությամբ անցել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դրանից հետո էլ ինչպե՞ս չընդդիմանա ժողովուրդը», երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց Ռուբեն Հախվերդյանը: Իսկ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նրա դիտարկումն այն է, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ կայացել է Խորհրդային Ադրբեջանում, եւ օգնականն էր Կեւորկովի, որի պատճառով Խորհրդային Միության ժամանակ հայաթափվեց Ղարաբաղը. «Եվ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ֆաշիստ Կեւորկովի աջ ձեռքն էր, օգնականը, իսկ Կեւորկովը ադրբեջանցիների կողմից նշանակված մարդ էր, հայ ազգի դահիճը»: Որ գործող նախագահը ներդրում ունեցել է Ղարաբաղյան ազատամարտում, Ռուբեն Հախվերդյանը չի ժխտում. «Ներդրում ունեցել է մեր ամբողջ ժողովուրդը, Սերժ Սարգսյանն էլ, անշուշտ, եւ նա կոռուպցիայի մեջ նույնպես ներդրում ունեցել է»: Սակայն Սերժ Սարգսյանի գալուց հետո, ըստ երգչի, մեզանում սարսափելի գորշացավ քաղաքային մշակույթը, կոչումներ ստացան մարդիկ, որոնք այդ կոչումների հետ կապ չունեն: Նույն կերպ առաջ եկան նաեւ բուհերի ռեկտորները: Այս ասելով Ռուբեն Հախվերդյանը նկատի ուներ մասնավորապես Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, որը վերջերս Ռուբեն Հախվերդյանի հասցեին ասել էր. «Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ»: Արմեն Մազմանյանի ասածին ի պատասխան երեկ Ռուբեն Հախվերդյանը ասաց. «Գիտե՞ք ինչու է նա այդպես դոշով պաշտպանում Սերժ Սարգսյանին: Որովհետեւ Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ նա 2,5 միլիոն դոլարով վաճառեր «Թատերական գործիչների միությունը»` չունենալով դրանում ներդրում»: Ընդհանուր առմամբ` Ռուբեն Հախվերդյանը գտնում է, որ երկրում գնալով անկումային տրամադրություններ են ստեղծվում, կա համընդհանուր արտագաղթ. «Ժողովուրդը դիմացավ մութ ու ցուրտ տարիներին, որովհետեւ հույս ուներ, դիմացան նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որը վերջում հարամեց էս ամեն ինչը, սակայն մարդիկ չեն դիմանում համատարած քծնանքի այս մթնոլորտին ու գորշությանը»: Լրագրողներից մեկի հարցին` որքանո՞վ է բարոյական, որ Ռուբեն Հախվերդյանը աջակցություն է ստանում բոլոր իշխանությունների օրոք, սակայն հետո քննադատում է նրանց հետեւից, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանից ես ոչինչ չեմ վերցրել: 300 հազար դոլար փող եմ վերցրել, որպեսզի բուժվեմ, որովհետեւ այդ ժամանակ, եթե այստեղ որեւէ հայտնի արվեստագետ հիվանդանում էր, ապա նրան թույլ էին տալիս բուժվել ձրի: Ռոբերտ Քոչարյանի օրոք 3-սենյականոց բնակարանի փոխարեն ինձ տվեցին 4-սենյականոց, մի սենյակ ավել չունենայի՞ նվագելու համար: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չվերցնել: Բայց եթե մարդը սխալ է անում, չասե՞ս, որ տղա ջան, ճիշտ չես անում: Օրինակ` մարտի 1-ը կուլ տալու բա՞ն էր: Իսկ Սերժ Սարգսյանից վերցրել եմ 30 հազար դոլար մի ձայնասկավառակի թողարկման համար»: Ռուբեն Հախվերդյանը նաեւ չհամաձայնեց նոր նախագահ ունենալու վերաբերյալ ասված խոսքին, թե փորձած թանն անփորձ մածունից լավ է` ասելով. «Բայց եթե էդ փորձած թանից գարշահոտություն է գալիս, ձեռքդ չգցե՞ս մի հատ տնական անարատ մածուն վերցնես: Բա օլիգարխ նախագահը նորմա՞լ երեւույթ է, երբ նա օլիգարխ է դառնում, նախագահ դառնալուց հետո: Այս երեք իշխանությունն էլ մեղավոր են, որ առաջին հերթին ոչ թե փորձում են համակարգ ստեղծել, այլ փորձում են միանգամից օգտվել այս չհամակարգից»: |