ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏՈՒՄ Մ. Խ. Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի միայն երեք անունների մասին փաստորեն` Տարոն Մարգարյան, Սմբատ Լպուտյան, Հովհաննես Թոքմաջյան Հնարավո՞ր է արդյոք ՀՀԿ համամասնական ցուցակի վերանայում` ընդդիմության միասնական համամասնական ցուցակով հանդես գալու դեպքում: Ըստ Շարմազանովի` համենայնդեպս ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականներ զբաղեցնողների անուններն այլեւս փոփոխություն չեն կրի: Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միասնական հանդես գալու հնարավորության մասին Է. Շարմազանովը նշեց.«Առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում է Հանրապետականի դեմ, բայց Հանրապետականը կողմ է քաղաքական մրցակցությանը, եւ մենք ազատ-արդար պայքարի կողմնակիցներ ենք: Դա իրենց ներքին խնդիրն է` ով ում հետ կմիավորվի, մենք որեւէ մեկի դեմ չենք միավորվում, մենք այս ընտրություններին եւ բոլոր ընտրություններին գնալու ենք հանուն գաղափարի, որպեսզի ավելի լավ քաղաք ունենանք մի քանի տարի անց», ասաց նա: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացվող հետընտրական պահանջներին` է. Շարմազանովը նկատեց, թե պետք է զերծ մնալ բոլշեւիկյան մոտեցումներից եւ դրանք չուղղել դեպի ընդդիմությունը, քանի որ բոլոր երկրներում էլ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը: Իսկ Րաֆֆու ընդդիմությունը ինքն էլ չգիտե, թե ինչ է ուզում, որովհետեւ ռազմավարություն չի մշակել: Եթե Րաֆֆու խորհրդարանական խմբակցությունը առաջարկում է մի բան, ինքն` այլ բան, էլ ինչի մասին է խոսքը: Շարմազանովի կարծիքով ընդդիմությունը պետք է ավելի հստակեցնի մոտեցումները, որ կարողանա մասնակցել ավագանու ընտրություններին: Նա խոսեց նաեւ այն մասին, որ նորմալ երկրում պարտված ընդդիմությունը շնորհավորում է հաղթող նախագահին, բայց մեզ մոտ եթե այդպիսի բան տեղի ունենա, շնորհավորողին բազմաթիվ պիտակներ են կկպցնեն: Խնդիրը Սահմանադրական դատարանում է, այնպես որ Է. Շարմազանովը չուզեց շատ մեկնաբանել ընդդիմության պահանջները.«Որպես օրինապահ քաղաքացիներ պետք է սպասել ՍԴ որոշմանը եւ դա ընդունել` անկախ նրանից դուր կգա, թե՞ դուր չի գա, սա է ճանապարհը», ասաց նա: |