ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԼՅՈԽԻՆԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ այս տարի առաջին անգամ կանցկացվի ռուս հռչակավոր շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: 10 տուրից բաղկացած հուշամրցաշարի առաջին մասը կանցկացվի ապրիլի 21-26-ը Փարիզումՙ Լուվրի թանգարանում, իսկ մնացած 5 տուրերի հանդիպումները տեղի կունենան Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանումՙ ապրիլի 28-ից մայիսի 1-ը: Հուշամրցաշարում իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Բորիս Գելֆանդն ու Պյոտր Սվիդլերը: Հուշամրցաշարի անցկացումը կուղեկցվի կուլտուրական ծրագրով, որն իր մեջ ներառում է հայտնի երաժիշտների, նկարիչների եւ հասարակական գործիչների այցելություններ: Մրցաշարի հովանավորներն են գործարարներ Գենադի Տիմչենկոն եւ Անդրեյ Ֆիլատովը: |