ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻՆ Առաջիկա շաբաթներին արդեն ուժի մեջ կմտնի այն որոշումը, համաձայն որի, նոր աշխատատեղեր ստեղծողների համար կառավարությունը շահութահարկի գծով արտոնություն է սահմանելու` նոր աշխատողների վարձատրության չափով նվազեցնելով տվյալ ընկերության շահութահարկի գումարը: Ինչպես լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը , պետությունն այդ ծախսն իր վրա է վերցնում: Նա հույս հայտնեց, որ դրանով կնվազի նաեւ ստվերը: Նախարարը տեղեկացրեց, որ այս արտոնությունը վերաբերելու է միայն արդյունաբերական ձեռնարկություններին: Առեւտրային գործունեություն կամ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարող օգտվել այս արտոնությունից: Նոր աշխատատեղեր ստեղծող արտադրական ընկերություններին նման արտոնությունը կտրամադրվի միայն կառավարության որոշմամբ եւ ներկայացված առաջարկները երեք գերատեսչությունների` էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների եւ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների մանրամասն ուսումնասիրությունից հետո: Տիգրան Դավթյանի տեղեկացմամբՙ այս որոշման նպատակը իրական հատվածում նոր աշխատատեղեր ստեղծումը խթանելն է: |