RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Անդրադարձ

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2702, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 108

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿՈՊԻՏ ՍԽԱԼ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ...

ՀՐԱՉ ԱԹԱԲԵԿՅԱՆ, Ճարտարագետ-նախագծող

Եթե արցախյան հիմնախնդիրը համարենք հաշվարկից դուրսՙ որպես կարեւորագույնը, պետք է ընդունենք, որ անկախ պետականության կայացմանը զուգահեռ եւ դրա հետ անխզելիորեն կապվածՙ մեր ամենաառաջնահերթ խնդիրը քաղաքացիական հասարակության ձեւավորումն ու զարգացումն են, որը կոչված է ապահովելու հասարակական բոլոր խավերի, խմբերի ու շերտերի համերաշխ գոյակցությունըՙ նկատի ունենալով դրանցից յուրաքանչյուրի անհրաժեշտությունն ու կարեւորությունը:

Դա, բնականաբար, կհանգեցնի համատարած անվստահության, հուսահատության, արդարության ու հավատի դեֆիցիտի աստիճանական նվազեցմանը, ինչպես նաեւ կնոսրացնի հասարակական թույնի հսկայական կուտակումը, որն առկա է հայկական մթնոլորտում:

Անկասկած, կպակասի արտագաղթը, որը մեծագույն չարիք է դարձել մեզ համարՙ խարխլելով կայացող պետականության հիմքերը եւ մթագնելով ազգային հեռանկարը:

Քաղաքացիական հասարակության ձեւավորումն ու զարգացումը, անշուշտ, ժամանակատար գործընթաց են, որին, գիտակցելով թե ենթագիտակցորեն, մասնակից է մեզնից յուրաքանչյուրըՙ նպաստելով կամ խանգարելով ընթացքին: Եվ մեր շուրջը կատարվող ամեն ինչ իր դրական կամ բացասական ազդեցությունն է թողնում դրա վրա. լինի դա հասարակական լայն հնչեղություն ստացած եւ հանիրավի չպատժված կամ կիսատ պատժված զոռբայություն (Երեւանում, Գյումրիում, Սյունիքում թե այլուր կատարված), ակնհայտորեն սխալ դատավճիռ, ծածկադմփոց արված չարագործություն, պետական եւ հասարակական միջոցների հանցավոր յուրացում, փոշիացում ու վատնում, եւ այլն, եւ այլն:

Քաղաքացիական հասարակության ձեւավորման ու զարգացման մեջ իրենց մասնակցությունն ունեն նաեւ պետական-կառավարական համակարգի չինովնիկներըՙ իրենց ճիշտ կամ սխալ, ռացիոնալ կամ իռացիոնալ, հիմնավորված կամ չհիմնավորված որոշումներով:

Ասվածի համատեքստում կուզենայի անդրադառնալ 2013 թ. պետական բյուջեի որոշ նախանշումների, որոնց մասին հանգամանորեն խոսում է լրագրող Արա Մարտիրոսյանը «Ազգ» պարբերականի նոյեմբերի 7-ի համարում տպագրված հոդվածումՙ «Դատավո՞ր դառնալ, թե՞ հայրենիքը պաշտպանել» :

Խոսքը վերաբերում է բյուջետային որոշ աշխատողների աշխատավարձերին: Իմ կարծիքով, առավել եւս սահմանափակ հնարավորություններով եւ դեռեւս կայացման փուլում գտնվող մեր երկրի դեպքում, ծայրահեղ նրբանկատություն պետք է ցուցաբերել բյուջետային աշխատողների աշխատավարձերի սահմանման հարցում: Այստեղ ամեն ինչ պետք է լինի խորապես մտածված, հաշվարկված եւ հավասարակշռված, որովհետեւ աշխատավարձերի նոմինալ չափերից ոչ պակաս կարեւոր են նաեւ դրանց համեմատական մեծությունները:

Մոտեցումն այսպիսին պետք է լինի. սուղ միջոցներով երկիր ենք (առայժմ), հաշվարկի մեջ է պետական գանձարանի յուրաքանչյուր լուման (այսպես պետք է լինի): Ցածր աշխատավարձն էլ ժամանակավոր երեւույթ է: Նման դեպքում այն հիմնականում ըմբռնելի եւ համակերպվելի կլինի: Եվ, ինչպես հայտնի է կինոնկարում է ասվում, մեզ մոտ ուսուցչին քիչ են վճարում, բժշկին քիչ են վճարում, գիտնականին քիչ են վճարում, դատավորին քիչ են վճարում, որպեսզի տնտեսեն եւ այս երկիրը «դարձնեն երկիր»:

Բայց կատարվեց վերը բերված իմ երկարաշունչ մտավարժանքներին տրամագծորեն հակառակ երեւույթ: Քանքարավոր մեր կառավարությունը մոտ 4 տարի առաջ դատավորների միջին աշխատավարձը մի հարվածով կրկնակի բարձրացրեցՙ դարձնելով 460 հազար դրամՙ պատճառաբանելով ոլորտում առկա... կոռուպցիոն ռիսկերի եւ դրանք նվազեցնելու արտաքուստ ազնիվ մղումով (ինչպիսի հնչեղ եւ միաժամանակ գանգուր արտահայտությունՙ կոռուպցիոն ռիսկեր): Ակամա մտածում ես. դե, եթե ասում ենՙ ուրեմն այդ չարաբաստիկ ռիսկերը կան, եւ լավ է, որ միջոցներ են ձեռնարկվում: Բայց միայն դատավորնե՞րն են թաղված այդ կեղտաջրում: Իսկ ուսուցիչնե՞րը, դասախոսնե՞րը, բժիշկնե՞րը, մունիցիպալ համակարգի աշխատողնե՞րը եւ ուրիշ շատ շատերը զե՞րծ են այդ ախտից: Եվ հետո, կաշառակերությունը (մարմնավաճառության նման) առաջացել է մարդկության զարգացման վաղընջական ժամանակներում եւ հավերժական երեւույթ է: Պարզապես պետք է պատիժ լինի, շատ խիստ պատիժ: Իսկ աշխատավարձ բարձրացնելով կոռուպցիոն ռիսկերը բացառելը (կամ նույնիսկ նվազեցնելը) միամտություն է: Կաշառակերության մանրէով ախտահարվածը, զուգահեռաբար ձեռք է բերում նաեւ չհագենալու հիվանդություն: Աշխատավարձ բարձրացնելուց հետո միայն ժամանակի հարց էՙ կարճատեւ դադարից հետո չարածին մանրէն ե՞րբ է դարձյալ գլուխ բարձրացնելու:

Չորս տարի առաջ դատավորների աշխատավարձի կտրուկ ավելացումը եւս (հավանաբար նաեւ շատ շատերը) ճիշտ չհամարեցին: Եվ, խոստովանում եմ, մտածում էի, որ հայ ազնիվ դատավորների շարքում (որոնց թիվը, անկասկած, չի կարող փոքր լինել) կարող է գտնվել մեկը, որն իսկապես մտավորականի նման կընդվզի կատարվածի դեմ եւ կհայտարարի. «Ձեզ ո՞վ է թույլ տվել խախտել անմեղության կանխավարկածը եւ կասկածի տակ դնել իմ ազնվությունը: Ես դատապարտում եմ ձեր այդ քայլը: Բարձրացրեք նրանց աշխատավարձը, ովքեր կաշառակեր են:

Ես այդպիսին չեմ»:

Սա, իհարկե, լիրիկայի եւ ռոմանտիկայի ժանրից էր: Բայց, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի շքեղ արձագանք կստանար այդպիսի քայլը հասարակության մեջ:

Անցնենք առաջ: Հիմա պարզվում է, որ կառավարությունը մտադիր է 2013 թ. բյուջեով, ըստ պրն Մարտիրոսյանի հոդվածի, դատավորների աշխատավարձը դարձնել 823 հազար դրամ: Եվ եսՙ ամեն ինչում նախ եւ առաջ ճիշտն ու ազնիվը որոնելու իմ անուղղելի հակվածությամբ, մտածում եմ, հավանաբար, կառավարությունը անցած չորս տարիների ընթացքում մշտադիտարկում է անցկացրել եւ պարզել, որ բնագավառում կոռուպցիոն ռիսկերը ոչ միայն չեն նվազել, այլեւ ընդհակառակը, ավելացել են... 1,79 անգամ: Սրան հետեւել է միկրոնի եւ կարատի ճշտությամբ հաշվարկ. 460x1,79=823 հազար դրամ:

Ես ուզում եմ դիմել հայրենի կառավարությանը.

Պարոնայք, տեսնո՞ւմ եք, ես հուսահատ համառությամբ ճգնում եմ հիմնավորումներ գտնել: Իմ փնտրտուքը ճի՞շտ է: Եթե ճիշտ է, ապա անցնող չորս տարիների ընթացքում պետք է համոզվեիք, որ ձեր կատարած քայլըՙ դատավորների աշխատավարձը իմպուլսացիոն ճոխացնելու համար, ճիշտ չէր արդյունքի տեսակետից եւ հիմա դուք ավելի մեծ սխալ կատարելու իրավունք չունեք: Եվ հետո, պարոնայք, ձեզ նախ եւ առաջ դատավորնե՞ր են հարկավոր, թե՞ ուզում եք արտոնյալների կաստա ստեղծել:

Համեմատության համար հոդվածագիրը բերում է հարակից թվեր միջին աշխատավարձը հանրապետությունումՙ 118 հազար դրամ, ուսուցիչներինըՙ 117 հազար:

Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է 2014 թ. դատավորների աշխատավարձը դարձնել 1 մլն 34 հազար դրամ, 2015 թ.ՙ 1 մլն 272 հազար:

Նույնիսկ սա դեռ ամենը չէ: Կենսաթոշակի անցնելիս դատավորները կստանան ամենայն հավելավճար իրենց աշխատավարձի 55 տոկոսի չափով, եւ նրանց թոշակը, փաստորեն, կկազմի 450-500 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ շարքային մահկանացուի միջին թոշակի չափը... 25 հազար դրամ է:

Սա արդեն զավեշտ է, կատարյալ զավեշտ, անհեթեթություն, բացասական ինչպիսի պիտակավորում էլ տանքՙ կսազի: Կարծես հայրենի կառավարությունը մտադրվել է նվաստացնել իր զինվորականին, ուսուցչին, բժշկին, գիտնականին, արվեստագետին, ճարտարագետին, եւ դա նրան հաջողվել է:

Անկասկած, պարզունակ հավասարեցումն ու համահարթեցումն անընդունելի են: Նախապատվելիություններ չեն կարող չլինել: Համապատասխանաբար, աշխատավարձերն էլ տարբեր կլինեն: Բայց այդ տարբերությունները ողջամիտ սահմաններում պետք է լինեն, ասենք, երկու անգամ, երեք անգամ, գուցե եւ չորս անգամ: Բայց ոչ երբեք տասը, տասնհինգ, քսան անգամ: Առանց այն էլ ահագին մաղձ կա կուտակված մեզանում: Ինչո՞ւ ենք թեթեւ ձեռքով այն ավելացնում:

Ինչ վերաբերում է նախապատվելի ոլորտներին, ես ունեմ իմ ցուցակը. նախ եւ առաջՙ զինվորն ու զինվորականը, ուսուցիչը, դասախոսն ու բժիշկը, բարիք արարող գյուղացին, բանվորը, շինարարը, գիտնականը, արվեստագետը, եւ այլն, եւ այլն, եւ, իհարկե, ոստիկանն ու դատավորը: Ընդհանուր առմամբ, իհարկե, բոլորը պետք է միեւնույն ուշադրությանը եւ հոգատարությանն արժանանան:

Վերջումՙ մեկ երրորդ միլիոներորդականի իրավունքով ես գրիչ վերցրի եւ Կիպլինգի հանճարեղ հեքիաթի պատկառելի հերոսի հորդորով ցանկացա խոսք բարբառել ի պաշտպանություն մանչուկի, որի անունն է քաղաքացիական ներդաշնակ հասարակություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ