RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1778, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԲԻԼԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՍՏԱՎԶՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ

Մ. Խ.

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստին լրագրողները սպասում էին, քանի որ Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից եւ Սյունիքի մարզպետի հրաժարականից հետո ՀՀԿ ղեկավար մարմնի դիրքորոշումը հասարակությունն ուզում է իմանալ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, այո, հաստատեց, գործադիրի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Գորիսում տեղի ունեցածը քննարկվել է, սակայն քանի որ գործը նախաքննության փուլում է եւ խնդիրն իրավական տիրույթում է` դեռեւս գնահատականներ չեն հնչեցվում: Խոսվել է այն մասին, որ անկախ պաշտոնից` մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Սյունիքի մարզպետի նոր թեկնածուի հարց երեկ դեռես չէր քննարկվել:

Այ, մենք, լրագրողներս ենք դա մեծ հաջողությամբ անում, ըստ Շարմազանովի, եւ անգամ հարգարժան գեներալ Վարդան Ավետիսյանին որպես մարզպետի թեկնածուի ներկայացնելիս նախագահի մորաքրոջ տղա ենք դարձրել, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Իսկ թե ինչ այլ հարց է քննարկվել երեկվա նիստում` ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ նախ Անվտանգության խորհրդում նախագահ Սարգսյանի ելույթը եւ այնտեղ մատնանշված խնդիրների ուղղությամբ անելիքներն են քննարկվել, ինչպես նաեւ ներքաղաքական մի շարք հարցեր: Լրագրողները հարցերն անընդհատ վերադարձնում էին Սյունիքի` արդեն նախկին մարզպետի թեմային, Շարմազանովն էլ նշում էր, թե շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, սակայն պետք է սպասել իրավապահների գնահատականին, իրավապահ համակարգի դեր չստանձնել եւ, առհասարակ, պետք չէ ծայրահեղ գնահատականներ հնչեցնելու ճանապարհով գնալ: Ըստ նրա` Հայաստանում, այո, խնդիրներ կան, բիլակներով, հաստավզությամբ հարց լուծելն էլ պետք է բացառվի, սակայն անգամ այս գնահատականով` Շարմազանովն ուղերձ էր անում սպասել իրավապահ մարմիների քայլերին: «Ազգը» հիշեցրեց, որ անկախ իրավական մոտեցումներից` տեղի ունեցածը բարոյական եւ հանրային հնչեղություն ունի, այնպես որ չէր խանգարի այդ հարթության գնահատականներ հնչեցնել: Ի պատասխան` Է. Շարմազանովն ասաց, որ ինքը չի խուսափել դատապարտել կատարվածը, եւ ՀՀԿ-ն էլ քաղաքական կամք ունի իրավապահների բացահայտումներից հետո քաղաքական գնահատական տալու: Եվ մենք, լրագրողներս էլ պետք է համբերենք, մինչեւ նախաքննությունն ավարտվի: Այ, եթե իրավապահ մարմինները թերանան, այն ժամանակ լրագրողներիս օգնության կարիքը կզգացվի:

Հարց հնչեց նաեւ Մաքսային միությանը եւ Եվրոպական միության անդամակցության առումով հակասությանը: Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները միշտ ասել են, թե այստեղ հակասություն փնտրել պետք չէ, մենք պետք է գնանք ոչ թե կամ-կամի, այլ` եւ-եւ-ի ճանապարհով, ու օբյեկտիվ չեն այն վերլուծաբանները, որոնք այստեղ հակասություն են տեսնում:

Ի դեպ, Սյունիքի մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու է մարզպետի տեղակալ Արա Դոլունցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ