RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1248, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՄԱՆԿԱԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԳԴԱ ԶԱՏԻԿՅԱՆ

Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի կյանքում տեղի ունեցավ հետաքրքրական իրադարձություն` «Հրեշտակը, մուրացկանն ու կախարդական ջութակը» մյուզիքլի ունկնդրումը: Ներկայացումն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջինն էր դպրոցի պատմության մեջ եւ ներգրավել էր ավելի քան 30 սաների, այլեւ նրանով, որ մեծ դպրոցի սաներին եւ մանկավարժներին հնարավորություն տվեց առնչվել երաժշտական կրթության ոլորտի միջազգային չափորոշիչներին: Դա տեղի ունեցավ օպերային հայտնի երգչուհի, երաժշտական ներկայացումների բեմադրողիչ, բեմական արվեստի եւ երգեցողության ուսուցիչ Անդրեա Մելլիսի հետ համագործակցության շնորհիվ:

Կանադական ծագումով երգչուհի Անդրեա Մելլիսը 1988 թվականից բնակվում եւ աշխատում է Վիեննայում` շարունակում է դասավանդել, մյուզիքլներ բեմադրել, վարպետության դասեր անցկացնել Եվրոպայի, ինչպես նաեւ Կանադայի եւ Հարավային Կորեայի տարբեր քաղաքներում:

Վերջերս նա ծանոթացավ Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նունե Շամախյանի հետ, ով այդ մանկապատանեկան կրթօջախի ղեկավարման առաջին իսկ օրվանից ձգտում է դպրոցական առօրյան հարստացնել տարբեր միջոցառումներով, մանուկների մեջ հետաքրքրություն արթնացնել կրթության, երաժշտության, բարձր արվեստի հանդեպ ներգրավել ստեղծագործական նորանոր ուժերի, սաներին կրթել եվրոպական եւ համաշխարհային չափորոշիչներով, իսկ մանկավարժներին ծանոթացնել աշխատանքի արտասահմանյան եղանակներին: Ընկերական շփման ընթացքում Նունեն եւ Անդրեան համատեղ նախագծի միտք հղացան, որն էլ որոշվեց իրականացնել Ա. Ցիցիկյանի անվան դպրոցում: Ռեժիսորական եւ մանկավարժական գործունեության միջազգային հարուստ փորձ ունենալով` Անդրեա Մելլիսը ցանկացել է նվեր մատուցել հայ երեխաներին եւ ամուսնու հետ եկել է Երեւան:

Երկու շաբաթ շարունակ դպրոցում իսկական տոն էր` հագեցած ստեղծագործական բացահայտումներով եւ ձեռքբերումներով, յուրաքանչյուր օրը երեխաների, մանկավարժների եւ հենց Անդրեայի համար հերթական հայտնությունն էր դառնում: Փորձերն սկսվում էին ժամը 17:00-ին, եւ ուղիղ այդ ժամին ներկայացման բոլոր մասնակիցները կազմուպատրաստ կանգնած էին լինում` այդքան ուժգին էին գիտակցում համատեղ աշխատանքի կարեւորությունը, այդքան սպասված էին նրանց համար Անդրեա Մելլիսի դասերը: «Մյուզիքլի բեմադրությունը հետաքրքրական էր նաեւ ինձ համար,- անկեղծորեն նշում է ռեժիսորը:- Երիտասարդ երաժիշտների հետ աշխատելը դյուրին էր` հայ մանուկները տաղանդավոր են, ունեն հիասքանչ ձայն, զգում են ռիթմը, չափազանց երաժշտական են»:

«Հրեշտակը, մուրացկանն ու կախարդական ջութակը» մյուզիքլի հիմքում խաղաղության եւ ազգերի միջեւ համերաշխության գաղափարն է: Այդ գաղափարի հիման վրա էլ կառուցված էր ներկայացումը` աշխարհի ազգերի երգ-երաժշտություն, պարային համարներ` թատերականացված էտյուդների տարրերով: Երգերը հնչում էին վեց լեզվով` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն եւ արամեերեն: Ի զարմանս բոլորի` երեխաները բարդ տեքստերը կարճ ժամանակահատվածում գերազանց յուրացրին:

«Այս մյուզիքլի իմաստը հետեւյալն է,- պատմում է Անդրեա Մելլիսը»: Մենք գիտենք, որ տարբեր ազգերի մարդիկ երգում են սիրո, ընկերության, խաղաղության, ընտանիքի, երեխաների եւ ծնողների մասին, դեմ են պատերազմներին եւ բռնությանը: Պատերազմներին դեմ եւ խաղաղությունը գովերգող երգի բազմազգ լեզուն հենց մեր ներկայացման գաղափարն է»:

Երգերի հնչյունավորմամբ/ ձայնադրմամբ զբաղվել է Անդրեա Մելլիսի ամուսինը` կոմպոզիտոր եւ հնչունավորող Ռոն Հաննահն:

Ինչպես նշում է Նունե Շամախյանը` ամուսիններն աշխատում էին նվիրումով, հայ երեխաներին օգտակար լինելու ազնիվ մղումով: «Անդրեան մեր դպորցի սաներին ընտելացրեց համակարգված խմբային աշխատանքին, կարգապահությանը, սովորեցրեց բեմական խոսք եւ շարժում, երգեցողությունը պարի հետ համատեղել...- ասում է Ն. Շամախյանը:- Բոլոր դասերը եւ փորձերն անց էին կացվում անգլերենով, սակայն դա երեխաներին չէր խանգարում իրենց ուսուցչին հասկանալ»:

Ներկայացման երիտասարդ մասնակիցները խոստովանեցին, որ Անդրեա Մելլիսի ղեկավարությամբ աշխատելն իրենց կարողությունների հանդեպ վստահություն ներշնչեց, հարստացրեց գիտելիքներով եւ լուրջ խթան դարձավ հետագա ուսմնառության համար: Իսկ Անդրեան ստեղծագործական նոր նախագծով կրկին Երեւան գալու ցանկություն հայտնեց, ուր իր իսկ խոստովանությամբ դրական կենսաուժի մեծ չափաբաժին ստացավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ