RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-06-07 21:39:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5085, Տպվել է` 264, Ուղարկվել է էլ.փոստով` 199

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԱՅՖԱԲԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հիշո՞ւմ եք անկախ Հայաստանի առաջին կառավարության կազմը. կառավարման համակարգերին բոլորովին անծանոթ մարդիկՙ գրեթե բոլորը: Նոր պետականության կառուցման գործում նրանք ներգրավվել էին պարզապես «Ղարաբաղ կոմիտեի» ընկերական նեղ շրջանակի մասը կազմելու, ավելի շուտՙ «տղաներին» տարբեր ծառայություներ մատուցած լինելու պատճառով: Օրինակՙ նախկին մի բառմեն, որը «նիսյա» խմիչք էր մատուցել նրանց, սովետական կազմավորմամբ մի ֆինանսիստ, որը երբեւիցե ամերիկյան դոլար շոշափած չկար, մի տերտեր, որը կյանքում երեւի բնավ չէր աղոթել, գրասենյակներում նրանց համար սուրճ եփած աղջիկներ ու սիրուհիներ, մի «սպեկուլյանդ», որը այդ աղքատ ու ռոմանտիկ տղաներին «տակից» ջինս էր հայթայթել... (որքան հիշում եմ, այս վերջինն էր, արդեն նախարար, որ պետական առաջին միլիոնը հափշտակեց ու փախավՙ շունչը առնելով Բուլղարիայում):

Այո, տխուր է ասել, մեր անկախ պետականության հիմնադիրները մի թայֆա էին, որը հետագայում մեծացավ, հզորացավ, իսկ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսից հետո վերածվեց թայֆաբազության, այսինքն դարձավ մի համակարգ, որի ավանդույթները առայսօր կենսունակ են մեր երկրում եւ որի ազդեցությունըՙ ավելի քան զգալի թե՛ պետական, թե՛ սոցիալական եւ թե այլ ոլորտներում:

Այդ ազդեցությունը առավել ամեն ինչից զգալի է մանավանդ պետական կադրային քաղաքականության մեջ: Նախորդ իմ սյունակում, «Ինչպե՞ս «ազատել» կադրերին» վերնագրի ներքո, փորձել էի անդրադառնալ կադրային քաղաքականության մեջ իմ կարծիքով ամենախոցելի պահերից մեկինՙ չինովնիկների աշխատանքից հեռացմանը, ավելի ճիշտՙ «սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման»ՙ Հայաստանում ընկալյալ սովորության: Այդ հոռի սովորությունը, ըստ իս, ամենախոցելի, ավելինՙ պետական կառավարման համակարգի զարգացմանը, զարգացած երիտասարդների ընդգրկմանը խոչընդոտող գլխավոր գործոնն է, քանզի դրանով կանխորոշվում է նաեւ չինովնիկներին աշխատանքի ընդունելու սկզբունքը: Մարդը նշանակվել է պաշտոնի, ձախողել է գործը, հեռացվում կամ, թեկուզ, ինքնադիմումով ազատվում է աշխատանքից, բայց պաշտոնապես բացատրություն չի տրվում, ձախողման հանգամանքները չեն պարզաբանվում, փոխարենը բացասական բնույթի ասեկոսեներ են տարածվում գրասենյակներում ու մամուլի էջերում, նույն պաշտոնում նշանակված նոր չինովնիկը ի սկզբանե իրեն երաշխավորված է զգում աշխատանքն իր հերթին ձախողելու պարագայում եւ, միաժամանակ, համոզվում իր պաշտոնավարման կարճատեւության մեջ եւ... աշխատում է ուտել, արագ եւ շա՛տ ուտել:

Նույն հոդվածում նշել էի նաեւ մեր իրականության մեջ սովորություն դարձած մեկ ուրիշ երեւույթՙ պաշտոնից հեռացած-հեռացված մարդը որոշ ժամանակ անց նշանակվում է մի այլ պաշտոնի, անգամՙ միեւնույն պաշտոնին, եւ հասարակությունը մնում է ապշած-զարմացած, ու հետեւում են «էս անգամ ավել է փող տվել» բնույթի ենթադրությունները, որոնք տիրապետող են դառնում հասարակության մեջ, այն հասարակությանՙ որի վստահությունն են կառավարական շրջանակները ցանկանում շահել այս նեղ օրերին...

Ավելորդ է ասել, որ այս եւ նման երեւույթները ակներեւ ցուցիչներն են մեր երկրում թայֆաբազության կենսունակությանը: Թայֆան, ինչպես մաֆիան, ինքն է պատժում, ինչպես առաջ քաշում, իր անդամներին, եւ չի հանդուրժում արտաքին որեւէ միջամտություն: Դա ոչ թե նրա կենսակերպն է, այլ իր իսկ գոյության երաշխիքը:

Շուտով, այս եւ առաջիկա երկու տարիների ընթացքում մեր երկիրը կանցնի պետական կառավարման նոր համակարգիՙ վարչապետական-կուսակցական ղեկավարման ձեւի: Մեզ կհաջողվի՞ վերջ տալ թայֆաբազությանը: Կասկածում եմ: Թայֆան, միկրոպի պես, հատկություն ունի հարմարվելու բոլոր պայմաններին եւ ի վերջո թելադրելու ի՛ր կամքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ