ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Բազմամարդՙ ուժեղ լինելու միֆը Թուրքական կազմակերպությունները հունիսի 1-ին ժամը 18-ին բողոքի ցույց են անցկացնելու Բեռլինի կենտրոնումՙ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ։ Այս անգամ քանի՞ հոգի կհավաքվի, կիմանանք ավելի ուշ, բայց որ Եվրոպայի տարբեր երկրներից կոչին արձագանքածների թիվն անհամեմատ նվազ կլինի, քան ԳԴՀ-ում ապաստան գտածՙ որոշ տվյալներով 4 միլիոն թուրքերի թիվն է, համոզել է տալիս մայիսի 28- ին նրանց կազմակերպածը։ «Ազգի » ուրբաթ օրվա համարում հաղորդել էինքՙ թուրքերի շաբաթ օրը Բեռլինումՙ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ բողոքի հանրահավաք անցկացնելու մտադրության մասին։ Թուրքական 500 կազմակերպությունների կոչին արձագանքել էր ընդամենը… 1000 ցուցարար, ինչպես փոխանցել էր Բեռլինի ոստիկանությունը։ Այնպիսի տպավորություն էր, թե մասնակիցներին հորդորել էին «յուրաքանչյուրը մի դրոշ, մի պաստառ» վերցնել ու Աթաթուրքի, կարմիրի, ադրբեջանական եռագույնի ու սպառնալից գրությունների հեղեղովՙ «Բունդեսթագն իրավասու չէ, խորհրդարանները դատարան չեն», ազգային երգերով թուրքական ժխտողականության անպարտելի լինելու շքերթ անցկացնել։ «Քիչ ենք, բայց ուժեղ ենք» ինքնաներշնչանք-խաբկանքը թոթափել են ուրեմն, որ շտապում են մեկ անգամ էլ հավաքվել։ Շաբաթ օրը տեսանքՙ «բազմամարդ կլինեն» միֆը հօդս ցնդեցՙ գերմանական լրատվամիջոցները նկատեցին, որ իրենց երկրում գրանցված 500 կազմակերպությունը սոսկ թղթի վրա գոյություն ունեցող թիվ է։ Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD- ն, ինչպես նաեւ ռադիոն, տպագիր եւ առցանց լրատվամիջոցներն անդրադարձան բողոքի երթինՙ հաղորդելով, թե թուրքական ճնշումն առաջին հերթին ուղղված է Բունդեսթագիՙ իրենց ազգակից պատգամավորներին։ Թուրքերի զենքըՙ սպառնալ Միշտ նույն որակումներըՙ «դավաճան», « հայ խոզ», «հայ տեռորիստ», նույնիսկՙ «նացի» …էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով Էոզդեմիրին հասցեագրված հայհոյանքները հիշատակած բառաշարքին չենք կցում։ Հայոց ցեղասպանության բանաձեւի նախաձեռնության հեղինակներից Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Էոզդեմիրին հայհոյալից նամակներն ու սպառնալիքները չեն վախեցնումՙ Բունդեսթագի պատգամավորներիս հետ որեւէ բան չի պատահի, ասում է Էոզդեմիրը, փոխարենը հիշեցնում է իրական վտանգվածների մասինՙ Թուրքիայում այս հարցի համար պայքարողներ կան։ «Վելթը» ծանուցում է, որ Էրդողանը Դաշինք 90/Կանաչներ կուսակցության նախագահ Ջեմ Էոզդեմիրի հասցեին ասել էՙ սա այլեւս «իսկական» թուրք չէ։ Թուրքիայի նախագահի որակումը նշանակում է, թե Գերմանիայում հայտնի քաղաքական գործչի կյանքին իրական վտանգ է սպառնում, գրում է թերթը ու իրազեկում, թե Էոզդեմիրի անվտանգությունը 1990-ականներին էլ դաշնային քրեական գերատեսչության 2-3 զինված աշխատակից են հսկել։ Այն ժամանակ ահաբեկել, վիրավորել են թե՛ գերմանացի աջերը, թե՛ թուրք եւ քուրդ ազգայնականները։ Հիմաՙ Էրդողանը, որ վերջերս կուսակիցների առջեւ ելույթ ունենալով, նրան անցանկալի անձ է հայտարարել Թուրքիայում, քանի որ Քյոլնում նախագահի ընտրարշավից հետո թուրքական թերթին փոխանցել է, թե «Գերմանիայում դաշնային կանցլերի հասցեին հնչեցրած դժգոհության ֆշշոցը շատ հեշտ չեն մոռանում»։ Երբ Քյոլնում Էրդողանը Մերկելի անունն է տվել, 15 000 ներկաներ սուլել են։ Թուրքերի հիշեցումը, թե ճանաչման հետեւանքը կլինի ինչպես Գերմանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գերմանացիների եւ թուրքերի խաղաղ գոյակցության խաթարումը, գերմանացիները հրապարակավ հնչեցրած սպառնալիք են դիտարկում, քանի որ թուրքերը հստակ նշել էինՙ միայն Անթալիայի շրջանում 30 000 գերմանացի ներգաղթյալ է բնակվում։ Թուրքական աննահանջ ժխտողականություն «Մենք որեւէ մեկին չենք սպանել, մեր երկիրն ենք պաշտպանել», ARD-ի թղթակցին ասում է ցույցի մասնակից երիտասարդ մի թրքուհի, իսկ նրան հասակակից կարմիր գլխաշորով մեկ ուրիշը բարձրախոսով է հորդորումՙ «պահանջում ենք պատգամավորներից արդարամիտ լինել եւ տեսնել, որ պատմական իրադարձությունների վերաբերյալ դատավճիռ չեն կարող կայացնել»։ Թուրքերի ստվար ընտրազանգված ունեցող Դույիսբուրգից պատգամավոր Մահմուդ Էոզդեմիրն ասում է, թե վստահ էՙ սա գիտնականների, պատմաբանների հարց է, հույս ունի, թե Գերմանիայի խորհրդարանը թույլ չի տա գործիք դառնալ, իսկ ինքը չի մասնակցի քվեարկությանը։ ԳԴՀ կառավարության օտարերկրյա քաղաքացիների հարցերով հանձնակատար սոցիալ-դեմոկրատ Այդան Էոզոգուզն ընդհակառակը կմասնակցիՙ կողմ քվեարկելով, բայց ասում էՙ « սարսափելի է, որ այս քվեարկությամբ դռներ կփակվեն, իսկ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ պատմության վերանայումը նույնիսկ կվտանգվի։ Այս թեմայի շահարկումն ինձ զայրացնում է»։ Հիշյալ հայտարարությունը , որ լրագրողները «շպագատ» որակեցին (նկատի առնելով քվեարկության «այո»-ն ու դրա ծանր հետեւանքների մասին զգուշացումները), քննադատության պակաս չունեցավ։ Դրանից հետո էլ Էոզգուզը երկուշաբթի «Զյուդդոյչե ցայթունգին» տված հարցազրույցում ամրապնդեց իր ասածը։ «Թուրքիան պիտի պատասխանատվություն ստանձնի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայոց դեմ իրագործած ցեղասպանության համար։ Սա պարտավոր է անել ոչ միայն իր, այլեւ երկրում հայոց փոքրամասնության հանդեպ»։ Սա է այն պատճառը, որի համար կողմ է քվեարկելու, ասում է, միաժամանակ «սխալ ուղի որակելով այն հանգամանքը, որ Բունդեսթագում բանաձեւի վերաբերյալ քվեարկություն է լինելու»։ «Բունդեսթագը կարող է իհարկե բանաձեւն ընդունել, բայց հո քրեական դատական ատյան չէ։ Հարցին առնչվող մարդկանց, ընտանիքների համար դրանով բարելավում չի լինի, ընդհակառակըՙ ծայրահեղ ազգայնականները եւ նախագահ Էրդողանը բանաձեւը կշահարկենՙ որպես Թուրքիայի դեմ Արեւմուտքի հերթական հարձակում»։ Այդան Էոզոգուզի մեկնաբանություններին Էոզդեմիրի հակադարձող պատասխանը չուշացավ ՙ «Հայոց ցեղասպանության բանաձեւը նպաստում է հաշտեցմանը, այդ թվում նաեւՙ ընդգծում թուրք քաղաքացիական հասարակության համարձակությունը»։ Իսկ «Թագեսշպիգելը» փոխանցում է Կանաչների խմբակցության ղեկավար Կատրին Գյորինգ-Էքհարդիՙ «առանց հիշողության ապագա չկա» բանաձեւին սատարող մեկնաբանությունը։ Թուրքիայից ուժեղ հակազդեցություն չեն ակնկալում Բունդեսթագի ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության ղեկավարի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը Թուրքիայից ուժեղ արձագանք չի ակնկալում։ «Մեր նպատակն այն չէ, որ Թուրքիայի կառավարությունը խոստովանի ցեղասպանության իր մեղքը, այլ այն, որ իր պատմական պատասխանատվությունը ճանաչի։ Մենք չենք ուզում Թուրքիային մեղադրյալի աթոռին նստեցնել», ասել է Յունգը «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն զոնթագսցայթունգին»ՙ հիշեցնելով, թե մեկ տարի առաջ, երբ ԳԴՀ նախագահը, այնուհետ Բունդեսթագի նախագահը ճանաչեցին ցեղասպանություն որակելով, Թուրքիան չափազանցված արձագանք ցույց չտվեց, ինչո՞ւ պիտի հիմա ուրիշ լինի»։ ՍԴ խմբակցության արտաքին քաղաքականության խոսնակ Ռոլֆ Մյութցենիհի համար կանխատեսելը հեշտ չէՙ « ինչպես կարձագանքի Թուրքիան, դժվար է կռահել»։ Երկու կողմի ճնշումների տարբերությունը Քվեարկությունից առաջ բազմաթիվ պատգամավորներ ճնշման են ենթարկվում թե՛ թուրքական, թե՛ հայկական կազմակերպությունների կողմից, վերջիններս գերմանացի օրենսդիրներից պահանջում են թուրքական կողմի պահանջներին չենթարկվել, նշում է ARD-ի «Թագեսշաու» («Օրվա համայնապատկեր») լրատվական հաղորդումը։ Հազարավոր նամակներ են ուղարկվել ինչպես պատգամավորներին, այնպես էլ «ցեղասպանություն» բառը գործածած, այդ թեման լուսաբանող լրագրողներին, հայտնում է «Շպիգելը»ՙ մասնավորեցնելով այդ սպառնալիքներից մեկի հստակ բովանդակությունըՙ «Քեզ Հրանտ Դինքի վերջաբանն է սպասվում»։ Հայկական կողմից էլ ճնշման փորձեր կան, հայտնում են Կանաչների խմբակցությունից, 10 հազարից ավելի էլեկտրոնային նամակներ են ուղարկել, գրում են եռանդուն, պահանջելով «վերջապես ճանաչելՙ չընկրկել թուրքական պահանջների առջեւ»։ Նրանց նամակներն էլ «ագրեսիվ են, բայց սպառնալից չեն որոշ թուրքերի գրածների նման»։ Թուրքական ճնշումների զգուշավոր կրեշչենդոն Մայիսի 29-ի համարում գերմանական «Շվեբիշե» լրատուն փոխանցեց թուրքական տրամադրությունների մասին։ Ազգայնականների համար բանաձեւը Անկարային ճնշելու նպատակն ունի։ Նախկին գեներալ Բազբուգը եւ այլ ազգայնականներ վստահ են, որ բանաձեւն առնչվում է Եվրոմիություն- Թուրքիա փախստականների հարցերով արձանագրությանը։ Նախ Էրդողանը լռում է, ընդդիմությունն է Բունդեսթագի վրա ճնշում բանեցնում։ Մերկելին, գերմանական քաղաքական հայտնի գործիչներին ուղղված նամակում Քեմալ Քիլիչդարօղլուն Բեռլինից պահանջում է բանաձեւի քվեարկությունը կասեցնել։ Կուսակից հարյուրից ավելի նախկին պատգամավորներ նամակներ են հղել գերմանացի օրենսդիրներինՙ ցեղասպանության «ատելի ստի» դեմ բողոքելու հորդորով։ Իսկ Էրդողանի, ինչպես նաեւ կառավարության «լռությունը» մի բան է նշանակումՙ Թուրքիան պիտի լավ չափուձեւիՙ ինչպես արձագանքի։ Տարբերակներից մեկը դեսպաններին ժամանակավորապես հետկանչելն է։ Բայց Անկարան ուշադիր կլինի, որ իր գործողությունները չափը չանցնեն, քանի որ Գերմանիան իր կարեւորագույն առեւտրային գործընկերն է եւ ԵՄ առաջնորդող ուժ։ Երկուշաբթի հետմիջօրեին արդեն Անկարայից զգուշացնող ձայն լսվեց։ «Գերմանիան պարտավոր է Թուրքիայի հետ իր հարաբերություններին ուշադրություն դարձնել», ասել էր փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը։ Նա չի հավատում, թե Բունդեսթագը մտադիր է այդ հարաբերությունները խափանելՙ երկու կամ երեք պատգամավորների շահերը գերադասելով։ «Սա խորհրդարանների գործառույթը չէ, այլ անկախ պատմաբանների», ծանոթ թեզն է կրկնում։ Մայիսի 31-ին գերմանական լրատվամիջոցները տարածեցին, որ Թուրքիայի նորանշանակ վարչապետը հեռախոսով իր դժգոհությունն է հայտնել կանցլեր Մերկելին։ Անկարան ակնկալում է Դաշնային կառավարությունից եւ Բունդեսթագից «հարգալից կեցվածք», ասել է Բինալի Յիլդիրիմը ի պատասխան Մերկելիՙ իր պաշտոնավարման առթիվ շնորհավորական հեռախոսազանգի։ Գերմանական dpa գործակալությունը մայիսի 31- ի հետմիջօրեին իրազեկեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսի 31- ին զանգահարել է Մերկելին ու իր մտահոգությունը հայտնելՙ «մարդկային առողջ բանականություն» կամ «ողջախոհություն» ակնկալելով Գերմանիայից։ Թուրքիայի նախագահը նախազգուշացրել է, որ բանաձեւի ընդունման պարագայում երկու երկրների հարաբերությունները կվատթարանան։ Իզմիրում լրագրողներին էլ հաղորդել է, թե պիտի նկատի առնել այն հանգամանքը, որ թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ առեւտրային եւ թե՛ ռազմական բնագավառներին է վերաբերում իր ասածը։ ԳԴՀ արտաքին քաղաքական արդի օրակարգն ու «ժամանակավրեպ» ցեղասպանությունը. հայերի ձայնը էլի չի լսվում Կիրակի ուշ երեկոյան ARD- ով Աննե Վիլլի թոք- շոուի եթերում էլ գերմանացիներ եւ թուրքեր են։ Քննարկման թեմանՙ «Ո՞վ կկանգնեցնի Բոսֆորի բոսսին»։ Հաղորդման վերջում էլ վերնագիր հարցն անպատասխան մնաց, թեեւ մասնակիցներըՙ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռյոթթգենը ( ՔԴՄ ), Բունդեսթագի Ձախերի խմբակցության միջազգային հարաբերությունների խոսնակ Սեվիմ Դագդելենը, Քյոլնում հասակ առած, կրթություն ստացած Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մուստաֆա Յեներօղլուն, «Շպիգել» հանդեսի մայրաքաղաքային գրասենյակի ղեկավարի տեղակալ Քրիստիանե Հոֆֆմաննը եւ քաղաքագետ Բուրակ Չոփուրը տաք քննարկում ապահովեցինՙ չմոռանալով նաեւ հինգշաբթիՙ հունիսի 2- ին կայանալիք ցեղասպանության բանաձեւի քննարկման ու քվեարկության մասին։ « Ի՞նչ կանի Էրդողանը, երբ Բունդեսթագը «ցեղասպանություն» բառեզրով բանաձեւն ընդունի»։ Հաղորդավարի հարցին Յեներօղլուն պատասխանում է. «Էրդողանը կարող է հաճելի չլինել, երբ նրա սկզբունքները ուշադրության չարժանանան», հիշեցնում նաեւ, որ թուրքերի 60 տոկոսը սատարում է նախագահ Էրդողանին։ «Նոր սպառնալիքնե՞ր կլինենՙ փախստականների հարցով պայմանավորվածությունը կչեղարկվի՞», հարցին թուրք պատգամավորը պնդում է, թե ԵՄ-ի հանդեպ սպառնալիք չի հնչել, դրանք սոսկ մեկնաբանություններ են եղել։ Հարցինՙ «ցեղասպանությո՞ւն էր», երկար բառախաղերից հետո ասաց ՙ «Ոչ, կոտորած էր»։ Ինտեգրացիայի հարցերով կառավարության ներկայացուցիչ Այդան Էոզոգյուզի հայտարարություններին էլ անդրադարձան։ Նորբերթ Ռյոթգենը նկատել տվեցՙ սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչը պիտի ընտրություն կատարիՙ «քննադատի կամ քվեարկի հօգուտ դրա»։ «Ցեղասպանություն» բառեզրը հաղորդման մասնակիցներից միայն Յեներօղլուն չշրջանառեց, մյուսները, մեր տպավորությամբ, դրա կիրառումը բնական են համարում։ Բայց, մի իրողություն մեզ ամենաշատը մտահոգեց։ Գերմանիայում այսօր շրջանառվում է մի նոր ժխտողականություն. արդեն որերորդ անգամ նկատելի է դառնում, որ 2016-ին Գերմանիայում բանավեճ է արթնացնում ոչ թե Բառը, այլՙ «ուրիշի հողում ուրիշի ձեռքով կատարված արարքի հանդեպ ինչո՞ւ պիտի գերմանացի օրենսդիրը վճիռ կայացնի» մտայնությունը։ Ինչո՞ւ պիտի արդի հրատապ, մեզ վերաբերող հարցերը թողածՙ մեկ ուրիշ երկրի գլխին քարոզ կարդանք, թե 100 տարի առաջ կատարած հանցանքդ ընդունիր։ Որքան էլ մեզ համար զարմանալի, բայց այս մտայնությունը այդ օրը բարձրաձայնողը «Շպիգելի» լրագրողն էր։ Հունիսի 2-ին քննվելիք բանաձեւի հանդեպ այդօրինակ վերաբերմունքը, ցավոք, բացառություն չէ։ Նմանատիպ կարծիք է հայտնել նաեւ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների նախկին հանձնակատար Մարկուս Լյոնինգը։ Նա նախ իր զարմանքն է հայտնել, որ բանաձեւի վերաբերյալ այսքան մեծ հետաքրքրություն կա այն ժամանակ, երբ արտաքին քաղաքական օրակարգը այլ հրամայականներ է թելադրում։ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է ինչպես փախստականների, այնպես էլ սիրիական հակամարտության լուծման հարցում, Լյոնինգի խոսքերն է փոխանցում «Թագեսշպիգելը»։ Բունդեսթագի բանաձեւն էլ Թուրքիայում քաղաքական կուրս չի փոփոխի «Հանդելսբլաթը» մայիսի 30-ին «Ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ» հոդվածում նկատել է տալիս, որ հինգշաբթի կայանալիք նիստը կարող է Հայաստանի արտաքին քաղաքականության երկարամյա հաջողության վկայություն լինելՙ հիշեցնելով ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու համար Հայաստանի տասնամյակների պայքարը։ Թերթը վկայակոչում է ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի կարծիքը, որ համոզված էՙ բանաձեւն անցնելու է, քանի որ շանսերը երբեք այսքան լավ չեն եղել։ Իսկ իր կարծիքը հենված է «պաշտոնական եւ անպաշտոն տեղեկությունների» վրա։ Թերթի ծավալուն հոդվածում ակնարկ կա, թե ԱՄՆ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունըՙ ՆԱՏՕ-ի իր գործընկերությունը հաշվի առնելով, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը 2015- ի ապրիլի 24- ին Երեւանում էր։ Ռուսաստանը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է, ռազմական տեսակետիցՙ պաշտպանը, նկատի առնելով արեւմուտքում Թուրքիայի հետ 300 կմ-ից ավելի փակ սահմանը։ Արեւելքում թշնամի Ադրբեջանն է, եւ անցյալն է պատճառը, որ Հայաստանը գերզգայուն է ԼՂ խնդրիՙ Բաքվի հետ տարիների հակամարտության հարցում։ Ապրիլին նորից արնահոսեց հայերով բնակեցված անհանգիստ այս տարածաշրջանը, եւ 20 տարվա ընթացքում 120 մահ գրանցած ծանրագույն էսկալացիան էր սա։ «Մենք նոր ցեղասպանություն թույլ չենք տա», նախագահ Սարգսյանի բառերն է մեջբերում թերթը։ Հայերի ցավը գեներով է փոխանցվում։ Սփյուռքում 10 միլիոն հայերի փափագն էլ արդարության հաստատումն է։ ԱՄՆ-ում վաղուց փոխհատուցման, դատարան դիմելու մասին են խոսում։ Բայց կառավարությունը գիտիՙ ռեւանշիզմը հեռուն չի տանի, երկխոսությունն անհրաժեշտ է։ «Թուրք հասարակությունը փոխվել է, ասում է Սարգսյանը ապրիլի 24- ին, այսօր նա իր պատմության մասին ավելին գիտի, վաղն այսօրվանից շատ է իմանալու»։ Որեւէ մեկը Երեւանում չի հաշվարկում, թե Թուրքիայում կուրսի փոփոխություն կլինի։ Բունդեսթագի բանաձեւն էլ դրանում փոփոխություն չի գրանցի, գրում է «Հանդելսբլաթը»ՙ իրազեկելով, թե Հայաստանում հունիսին սպասում են «բարյացակամ» հյուրերից մեկինՙ Ֆրանցիսկոս պապին, որ անցյալ տարի հրապարակավ խոսեց «20-րդ դարի առաջին ցեղասպանության» մասին։ Քանի՞ ձայն կստանա ցեղասպանության բանաձեւը Առցանց «Շպիգելը» մայիսի 31-ին իրազեկում է, թե բանաձեւի վերնագրից բացի, 4 անգամ գործածված է «ցեղասպանություն» բառեզրը 5 էջանոց առաջարկության մեջ։ Իշխող կոալիցիայիՙ ՔԴՄ-ՔՍՄ-ի, ՍԴԿ-ի, Կանաչների ներկայացրած բանաձեւի վերնագիրը, հիշեցնենք, հետեւյալն է. «1915-1916-ին հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակումն ու ոգեկոչումը»։ Ի դեպ, հայ համայնքի տարբեր կառույցներ նամակ են հղել Բունդեսթագինՙ խնդրելով հստակեցնել «քրիստոնյա փոքրամասնություններ» արտահայտությունը, նշել, որ այդ խմբին են պատկանում Փոքր Ասիայի եւ Արեւելյան Թրակիայի հույն ուղղափառ քրիստոնյաները եւ արամեերեն խոսող քրիստոնյաներըՙ արամեացիները, ասորիները, քալդերը։ Առավել հավանական է, որ բանաձեւը Բունդեսթագում մեծամասնության հավանությանն արժանանա։ Բայց հետաքրքրականն այն էՙ քանի՞ ձայն կստանա, գրում է «Շպիգելը» հիշեցնելով, թե բազմաթիվ առաջատար քաղաքական գործիչներ հայտարարել են, թե քվեարկությանը չեն մասնակցելուՙ իմաստ չեն տեսնումՙ բանաձեւի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատ հեռանկարից երկյուղելով։ Երեկ ծանուցել էինք, որ գերմանական «Մերկուր» լրատվամիջոցը, հղում անելով dpa գործակալությանը, մայիսի 31- ին տարածեց հետեւյալըՙ «Հետմիջօրեին ՔԴ- ՔՍ միության խմբակցությունը բանաձեւի փորձնական քվեարկություն է անցկացրել։ Բանաձեւին սատարել է մեծամասնությունը, գրանցվել է 1 դեմ, 5 ձեռնպահ»։ «Այո» է քվեարկել նաեւ կանցլեր Անգելա Մերկելը։ Պատմական ճշմարտության հաստատում, հաշտության հիմքը Նույն աղբյուրը նշում է քրիստոնյա-դեմոկրատ Միշայել Գրոսսե-Բրյոմերիՙ մայիսի 31-ին Բեռլինում հայտարարածը. «Ոչ մեկը մեղադրյալի աթոռին չի նստեցվելու, առավել եւս թուրքական ներկայիս կառավարությունը»։ Կոալիցիան նպատակ չունի Թուրքիայի հետ առճակատվել։ Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Թոմաս Օփփերմանն էլ ընդգծել է. «Ուզում եմ ջանասերներին զգուշացնելՙ բանավեճը շատ հեռու չտանել։ Բունդեսթագը կամենում է Հայոց ցեղասպանության «պատմական ճշմարտությունը» հաստատել։ Սա թուրքերի ու հայերի հաշտեցման հիմքն է, եւ թուրքական կառավարության հետ ճակատամարտի մասին չէ խոսքը»։ Նույն այդ պատմական ճշմարտության շեշտադրման տեսակետից կարեւոր ընդգծում էր մայիսի 31-ի երեկոյան ARD-ի եթերում «Փաստ» հաղորդման շրջանակներում Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելու անհրաժեշտության մասին ՔԴՄ- ից Քրիստոֆ Բերգների, Ջեմ Էոզդեմիրի պնդումերն եթեր հեռարձակելը։ Քաղաքական կամքի՞, թե՞ քաղաքացիական արիության բացակայություն «Բայերնքուրիերի» մեկնաբան Վոլֆրամ Գյոլլը ամոթալի է համարում գերմանացի քաղաքական որոշ գործիչներիՙ Էրդողանի առաջ ծնկի գալը։ Արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը քվեարկությանը չի մասնակցիՙ Արգենտինա այցը պատճառաբանելով, թեեւ կարող էր գիտակցված ուրիշ կերպ ծրագրել։ Կանցլեր Մերկելը ներկա լինելո՞ւ է հունիսի 2- ի նիստին։ Առցանց «Շպիգելի» հարցին կանցլերի գրասենյակից պատասխանել են, թե « Մերկելը կփորձի քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել », բայց նաեւ ներկայացրել են նրա ժամանակացույցըՙ 11.30-ին Բեռլինի կենտրոնում մասնակցելու է մի միջոցառման ու ելույթ է ունենալու, իսկ 12.30-ին էլ իր գրասենյակում հյուրընկալելու է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգին։ Հունիսի 1-ինՙ լույսը դեռ չբացված, «Բիլդը» ծանուցեց, թե երեքշաբթի փորձնական քվեարկության ժամանակ կանցլերը «այո» է ասել, բայց հունիսի 2-ի քվեարկությանը կբացակայիՙ ժամադրության պատճառաբանությամբ։ Կանաչները քննադատում են Անգելա Մերկելի վարքագիծը, պահանջում ներկա լինել քվեարկությանը։ Հետգրություն, որ նախաբան կարող է լինել Արդեն օրեր է, Գերմանիայում խոսում են Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին առանց մեզ, առանց նույնիսկ գերմանահայ սփյուռքին ներգրավելու, այնպես, ասես զոհերից որեւէ մեկն իր ներկայությունը չի շարունակել, ժառանգներ չկան, իսկ ոճրագործներին չնեղացնելու շահագրգռությունն, շահն այնքան է գերակա, որ ունկնդրում են նրանց սպառնալիքն ու հայհոյանքը, մտքում կամ կիսաձայն իրենք էլ հայհոյում ու… երկյուղումՙ հատկապես Անթալիայում «պատանդ» մնացած 30 հազարի համար։ Ցինիկ է հնչում, չէ՞։ Գերմանացիները ասում են, ոչինչ չեն մոռանում, առաջին հերթինՙ երեւի մեր թղթե շերեփը, իսկ մենք 80- ականների զենքի մասին հիշատակելով թարմացնում ենք նրանցՙ հենց այդ հիշողությունը։ Գերմանիայում, Հայաստանում մեզ ո՞վ կտա անվտանգության երաշխիքներ։ Բունդեսթա՞գը, թե՞ Թեհլիրյանի կրակոցի չմարող արձագանքը։ |