ՄՈՆՐԵԱԼԻՑՙ ԱՐՑԱԽԻ ԿԱՄԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ Հ.Ծ. Մոնրեալի (Կանադա) Թեքեյան Մշակութային միության կից գործող «Սարո Մանուկյան ֆոնդը», որն ստեղծվել է անմահացնելու համար վաղամեռիկ ազգասեր, կանադահայ երիտասարդ Սարոյի հիշատակը, իր այս տարվա բարեսիրական հատկացումները ուղղորդել է Հայաստանում ապրող 28 ընտանիքների կամավոր հերոսներին, որոնք միանալով բանակինՙ պաշտպանեցին Արցախը Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի օրերին: Հատկացումները մայիսի 8-ին կատարվել են Օտտավայից Անտուան Թերջանյանի օժանդակությամբ: «Այս տարվա բարերարության նպատակն էր երախտագիտություն հայտնել նրանց եւ ցույց տալ, որ Սփյուռքը գնահատում է նրանց անձնվիրությունը», ասված է ֆոնդի հիմնադիրներՙ Արտո, Անի, Արեն եւ Լոռի Մանուկյանների հաղորդագրության մեջ: Հիմնադրամի նախորդ հատկացումները ուղղվել են Կանադայի Արմեն Քեբեք վարժարանի գրադարանին, Մոնրեալի մանկական հիվանդանոցին, Հայաստանում ծառատնկման ծրագրերին, մի խումբ երաժիշտների բարօրությանը, Արցախի ականազերծման աշխատանքներին եւ այլն: |