RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-06-07 21:39:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 3413, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ. ՄԵՂԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ

Պ. Ք.

Առկա է դավանանքի, բայց ոչ կրոնների ազատություն

Բունդեսթագը մտադիր է հունիսի 2-ին քննարկել եւ ընդունել որոշում «Հիշողություն եւ հիշեցում 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության մասին»: Դատելով ըստ ամենայնի, դրա օգտին պատրաստ են քվեարկել ՔԴՄ/ՔՍՄ-ի, ԳՍԴԿ-ի ներկայացուցիչները եւ «կանաչները»:

Թուրքիայի բացասական արձագանքը չի կանգնեցնում գերմանացի պատգամավորներին: «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի խոսքերով, «միանգամայն հնարավոր է խնդիրների գոյությունը Անկարայում: Սակայն Բունդեսթագը չի կարող թույլ տալ, որ իրեն ահաբեկի մի այնպիսի բռնակալ, ինչպիսին է պարոն Էրդողանը»: Իր հերթին ԳՍԴԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օպպեմանը գտնում է, որ որոշման ընդունման վրա չպետք է ազդեն նույնիսկ «գաղթականների հետ կապված ճգնաժամային իրավիճակում վարվող դժվարին բանակցությունները», քանի որ «Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակից, առանձնահատուկ պատմական պատասխանատվություն է կրում»: Իսկ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը վստահ է, որ Ցեղասպանության ճանաչումը թույլ կտա սեփական ավանդ ներդնել «հայերի եւ Թուրքիայի» հաշտեցման գործում:

Մեկ տարի առաջ, երբ համայն աշխարհը նշում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Բունդեսթագում արդեն քննարկվում էր բանաձեւի ընդունման հարցը, բայց Անգելա Մերկելի կառավարությանը հաջողվեց խույս տալ «Կանաչների» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնությունից: Իսկ այժմ կառավարող կոալիցիայի կարծիքն ինչո՞ւ է փոխվել: Սա առաջին հարցն է:

Կա նաեւ երկրորդ հարց: Մինչեւ վերջերս թուրքական իշխանությունները ի դեմս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բարենպաստ ազդանշաններ էին տալիս տեղի քրիստոնյա համայնքներին: 2014 թ. վերջերին ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար կազմակերպված ճաշկերույթի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե ասորի քրիստոնյաներին կթույլատրվի Ստամբուլում կառուցել Կույս Մարիամի տաճար, որը կդառնար առաջին նոր եկեղեցին Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ: Մինչ այդ Անկարան հետեւում էր դեռ Օսմանյան կայսրությունում ընդունված քաղաքականությանը, երբ քրիստոնյա համայնքներին մեծ փողերի դիմաց եւ երկար քաշքշուկներից հետո թույլատրվում էր լոկ նորացնել կամ վերանորոգել արդեն գոյություն ունեցող պաշտամունքային շինությունները: Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը ասորական ուղղափառ Մար Գաբրիել վանքի կողմն էր բռնել, որի հողերը զավթել էին տեղացի քրդերը: Վատիկանի ռադիոն այդ կապակցությամբ հայտարարեց, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դա «անշարժ կայքի մեծագույն վերադարձն է եկեղեցական համայնքին»: Իսկ 2015 թ. փետրվարին կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության վարչության համագումարում ելույթ ունենալիս Դավութօղլուն ԱՄՆ-ում ապրող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առնչությամբ հայտարարեց, որ ոչ այդ քարոզիչը, ոչ էլ «հրեական լոբբին» կամ «հայկականը» չեն կարողանա «ընկճել Թուրքիային», բայց այդուհանդերձ Անկարայում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ իր կառավարությունը Թուրքիայի քրիստոնեական եւ հուդայական համայնքներին կպաշտպանի ազգայնական քարոզչության հարձակումներից:

Սակայն այս տարվա ապրիլին ամեն ինչ հանկարծ փոխվեց: Ամսվա սկզբին կառավարությունը կարգադրեց օտարել թուրքական Քրդստանի մայրաքաղաք Դիարբեքիրի պատմական կենտրոնի գույքեր եւ շենքեր, այդ թվում քրիստոնեական եկեղեցիներ: Ինչպես հաղորդվում էր կառավարական տեղեկագրում, օտարվող շինությունների ցանկում հայտնվել էին Հայ Առաքելական եկեղեցու Սբ. Կիրակոս տաճարը, ասորական Կույս Մարիամ տաճարը, քաղդեական Մար Սարգիս տաճարը, հայ կաթոլիկների տաճարը եւ բողոքականների աղոթատունը, ինչպես նաեւ առավելապես հին քաղաքում գտնվող 6 հազարից ավելի տներ: Այնուհետեւ երկրի Անտառային տնտեսության վարչությունը առաջարկեց պետգանձարանի տնօրինմանը վերադարձնել Գոքսուում եւ Ումիթ-Թեփեում գտնվող հողամասերը, որոնք չորս տարի առաջ Կոստանդնուպոլսի հունաց պատիրարքարանին էին հանձնվել Հալքի կղզու աստվածաբանական դպրոցի համար: Բարդուղիմեոս պատրիարքը մտադրվեց հանդիպել նախագահ Էրդողանի հետ եւ քննարկել այդ հարցը, քանի որ Անկարայի այդ գործողությունները սպառնում էին ի չիք դարձնել ավելի վաղ առգրավված ունեցվածքը կրոնական փոքրամասնություններին վերադարձնելու նպատակով արդեն ընդունված օրենսդրական ակտերը: Միեւնույն ժամանակ Կոստանդնուպոլսի պատրիարքը օգնության խնդրանքով դիմեց արտաքին ուժերի: Նա այցելեց Վիեննա, որտեղ բանակցեց Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերի հետ, նրանից օգնություն խնդրեց «Թուրքիայում քրիստոնյաների վիճակի կտրուկ վատթարացման» կապակցությամբ: Սակայն Էրդողանի դրածո, Բուրսայի նահանգապետ Մունիր Քարալօղլուն «ի պատասխան» դեմ արտահայտվեց Օսլուջայում Սբ. Գեւորգ Բազիլիկի բացմանն ու օծմանը, որոնց հրավիրված էր Բարդուղիմեոսը:

Քրիստոնյաների վրա թուրքական իշխանությունների հարձակումները ժամանակի առումով համընկան Դավութօղլուին կառավարող կուսակցության նախագահի պաշտոնից հանելու Էրդողանի որոշման հետ, ինչը հանգեցրեց նաեւ վարչապետությունից նրա հրաժարմանը, եւ դա, ըստ երեւույթին, պատահական զուգադիպություն չէ:

Ավստրիայի կաթոլիկների KATHPRESS գործակալությունը հաղորդեց, որ «վերջերս Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում արտաքսված քրիստոնյաների եւ նրանց սերունդների Թուրքիա վերադառնալու առնչությամբ, բայց Էրդողանի ինքնակալական ծրագրերը խաչ են քաշում այդ ջանքերի վրա»: Համընդհանուր կարծիքն այն է, որ Դավութօղլուն իր քաղաքական նկարագրով տարբերվում է նախագահ Էրդողանից, որին Արեւմուտքում եւ այլուր սկսել են անվանել «խելագար սուլթան», որը երկիրն իսլամականացնելու ուղեգիծ է ընտրել: Քիչ թե շատ «արեւմտամետ» Դավութօղլուն կարող էր ձեռնտու այլընտրանք լինել Եվրոմիության եւ մասնավորապես Գերմանիայի համար, եւ այդ դեպքում հայտնի չէ, թե նախագահ Էրդողանը որքան երկար կկարողանար պահել իշխանությունը: Սակայն Էրդողանը որոշեց ազատվել իր վաղեմի զինակցից եւ իր ուղեգծի գաղափարախոսից, ինչն ինքնաբերաբար հանգեցնում են կառավարության քաղաքականության փոփոխմանը, ներառյալՙ քրիստոնյա համայնքներին ընդառաջելու հարցում:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե ցայտունգ» ազդեցիկ թերթը օրերս Էրդողանին նվիրված ծավալուն հոդված հրապարակեց «Իսլամը եւ ժողովրդավարությունը. ինչպես է Թուրքիան պայքարում կրոնի դեմ» վերնագրով: Թերթը ընդգծում է, որ «աշխարհիկության թուրքական տարբերակը հանգեցնում է նրան, որ երկիրը ընդունում է դավանանքի, բայց ոչ կրոնների ազատություն», քանի որ «պետությունը սուննիական պետական իսլամի շրջանակներից դուրս սահմանափակում է կրոնական ամբողջ գործունեությունը», իսկ ինքըՙ Էրդողանը ղեկավարվում է Լյուդովիկոս 14-րդի «Պետությունը ես եմ» կարգախոսով: Նման ինքնակալությունը Թուրքիայի քրիստոնյա համայնքներին կանխագուշակում է միայն նորանոր աղետներ ու տառապանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ