RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2016-06-07 21:39:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5204, Տպվել է` 266, Ուղարկվել է էլ.փոստով` 200

ՄԱՐՇԱԼ ԲԱԲԱՋԱՅԱՆԸ ՉԷՐ ԴԱՎԱՃԱՆԻ ԻՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՈՐԻ ՄԱՍՆԻԿՆ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պատվից եւ արժանապատվությունից անտեղյակ մարդիկ չեն կարող հասկանալ դա

«Երկու մարշալ մեկ գյուղից»` այսպիսի վերնագրով պատմվածք կարՙ ընդգրկված միջին դասարանների ծրագրում: Խոսքը Չարդախլու գյուղում ծնված մեր ժողովրդի ռազմական տաղանդի եւ հերոսության երկու մարմնավորումներիՙ Խորհրդային Միության մարշալներ, կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի եւ հերոս Համազասպ Բաբաջանյանի մասին էր: Ֆաշիզմի ջախջախման մեջ անուրանալի ավանդ ունեցող մարդիկ, որոնցով հպարտացել ենք եւ կշարունակենք հպարտանալ սերնդե-սերունդ: Այլ բան է, որ պատմության վերաշարադրման հրահրված գործընթացը հասավ նաեւ մեր մեծերին:

Մասնավորապես, Համազասպ Բաբաջանյանի արձանի բացումը Երեւանում, առիթ դարձավ մարշալի անունը սեւացնելու արշավի: Արշավ, որի նախաձեռնողները նույն արեւմտյան «արժեքների», մարդու իրավունքների մասին ճամարտակողներն են, որոնք իրենց համարում են վերջին ճշմարտությունՙ առանց փաստեր կամ ապացույցներ ներկայացնելու: Իրեն քաղաքագետ համարող ինչ-որ մեկը հասավ նրան, որ մարշալ Բաբաջանյանին համեմատեց մարդասպան Սաֆարովի հետ, իսկ պատմությունից անտեղյակ մի խմբագիր էլ մարշալին անվանեց խաղաղ ցույց ճնշող: Ցավոք, մեր հասարակությունում կան նաեւ այլ մարդիկ եւ անգամ մարդկանց խմբեր, որոնք կարող են մեր հերոսներին զոհել հանուն ինչ-որ «արժեքների»:

Այսպիսով, ի՞նչ են «հայտնաբերել» վերոնշյալ խմբերը զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կենսագրությունում: Պարզվում է, որ նրա ղեկավարած տանկային բանակը խոհրդային զորքերի կազմում մասնակցել է հունգարական «խաղաղ» ցույցերի ճնշմանը 1956-ին Բուդապեշտում: Բնականաբար, նրա անցած փառապանծ ուղինՙ 1939-ից սովետակա-ֆիննական պատերազմից մինչեւ 1945-ի Բեռլինի գրոհը, «ժողովրդավարության» ջատագովները գերադասում են մոռանալ, ճիշտ այնպես, ինչպես մոռանում են հունգարական կառավարության մերօրյա գարշելի արարքըՙ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը:

Նախ հիշեցնենք, որ Հունգարիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը, նրա զորքերը նույնպես մասնակցել են խորհրդային բանակի, այսինքն նաեւ նրա կազմում կռվող հայ ժողովրդի հարյուր-հազարավոր զավակներիՙ դեմ մղվող մարտերին: Ֆաշիզմի ջախջախումից հետո Հունգարիան անցավ Խորհրդային Միության ազդեցության գոտի: Պատերազմի ավարտից հետո սկսված «սառը պատերազմը» ԽՍՀՄ-ի եւ Արեւմուտքի միջեւ սկիզբ դրեց, այսօրվա տերմինով ասածՙ բլոկային քաղաքականությանՙ երկու բլոկների դիմակայության: Հունգարիան արեւմտյան բլոկի կողմից 50-ականներին ընկալվում էր ամենաթույլ օղակըՙ այսպես կոչված սոցիալիստական երկրների մեջ: Նկատի ունենալով նաեւ ֆաշիստական գաղափարախոսության կենսունակությունն այդ երկրում, հունգարական էմիգրանտական ակտիվությունը արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ պատերազմում պարտվածի վիրավորված ինքնասիրությունը, արեւմուտքը սկսեց հունգարական «ապստամբության» նախապատրաստումը:

Նախՙ սկսվեց քարոզչական պատերազմը (հետաքրքրական է, որ փորձված մեթոդները գործում են նաեւ հիմաՙ տասնամյակներ անց), որի առաջին գծում նորաստեղծ «Ազատ Եվրոպա» եւ «Ազատություն» ռադիոկայաններն էին: Տարատեսակ կեղծ լուրեր տարածելով, նրանք հետեւողականորեն գնում էին դեպի սովետական զորքերի դուրս բերման եւ իշխողՙ աշխատավորական կուսակցության տապալման կոչերին: Գերմանիայի (ԳՖՀ) տարածքում պատրաստում եւ Հունգարիա էին ուղարկում ապագա ապստամբներին, օգտագործելով այդ ժամանակ փաստացի բաց ավստրո-հունգարական սահմանը:

1956-ի հոկտեմբերի 22-ին պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողները որոշեցին հաջորդ օրը ցույցի դուրս գալ, ի նշան աջակցության Լեհաստանում իշխանության գլուխ անցած Վլադիսլավ Գոմուլկայի, որի կուսակցության ղեկավար դառնալուն դեմ էր սովետական ղեկավարությունը, բայց միջամտություն չցուցաբերեց: Առաջին իսկ օրվանիցՙ հոկտեմբերի 23-ից սկսած, ցույցերը զարմանալի արագությամբ վերածվեցին զինված հարձակումների եւ բախումների: Առաջին բախումը տեղի ունեցավ, երբ ցուցարարները ցանկացան գրավել ռադիոտունը: Դա զինված հարձակում էր, զենքը ցուցարարները խլել էին ոստիկանական բաժանմունքներից, բանակի զորամասերից, հարձակումներ գործելով դրանց վրա: Ցուցարարներին զենք եւ զինված մարդիկ էին ուղարկում նաեւ ամերիկյան եւ գերմանական հատուկ ծառայությունները: Առաջին օրը հունգարական բանակը եւ անվտանգության ուժերը փորձում էին առանց զենք կիրառելու ցրել ցուցարարներին, ինչը չհաջողվեց: «Խաղաղ» ցուցարարները նրանց զինաթափեցին, գրավեցին զենքի պահեստներ, գործարաններ, սպառնում էին գրավել աշխատավորական կուսակցության գլխավոր գրասենյակը, ներքին գործերի նախարարությունը եւ մյուս կարեւոր կառույցները: Դրանից հետո խորհրդային սահմանափակ զորքեր մտցվեցին Բուդապեշտ, իսկ դրան զուգահեռ այդ երկրի նորանշանակ վարչապետ Ումրե Նադը կոչով դիմեց ցուցարարներին, հետագա արյունահեղությունից խուսափելու համար առաջարկելով վայր դնել զենքը եւ խոստանալով նման կերպ վարվողներին չենթարկել դատական պատասխանատվության: Դա տեղի չունեցավ:

Հոկտեմբերի 24-ին «Հունգարական ազգային կոմիտեն» դիմեց ԱՄՆ նախագահինՙ կոչ անելով օգնել հունգարական հեղափոխությանը: Երկրի խորհրդարանի մոտ ապստամբները առաջինը կրակեցինՙ սպանելով խորհրդային սպայի եւ այրելով մեկ տանկ, ինչին սովետական բանակը պատասխանեց ավելի ուժեղ կրակով: Այդուհանդերձ, Հունգարիայի կառավարությունը համաներում հայտարարեց զինված ապստամբության բոլոր մասնակիցների համար, պահանջելով հանձնել զենքը, բայց այս առաջարկը նույնպես մերժվեց: Դրան հաջորդող օրերին հունգարական իշխանությունները ամբողջությամբ տեղի տվեցին ցուցարարներին, իսկ խորհրդային զորքերը վերադարձան իրենց տեղաբաշխման վայրերը:

Այդ մի քանի օրը Բուդապեշտի փողոցները դարձան զանգվածային տեռորի եւ մարդասպանության վայրեր: Այն մարդիկ, ովքեր պարտքի զգացումով, հակառակ իշխանությունների անզորության, պաշտպանում էին պետական հիմնարկները, դաժանորեն սպանվեցին ցուցարարների կողմից: Առանց դատ ու դատաստանի սպանվեցին նաեւ կումունիստական կուսակցության մի քանի տասնյակ անդամներ, հարյուրավոր ուրիշներ, որոնք փաստացի իշխանություն դարձածների կողմնակից չէին: Մահապատժի ձեւերը հիշեցնում էին միջնադարյան դաժանությունները: Օրինակՙ շատ տարածված էր հետեւյալ մահապատիժըՙ երեք հոգու կապում էին բեռնատարի թափքից եւ քարշ տալիս քաղաքի փողոցներով մինչեւ նրանց դիակները արյունաշաղախ զանգված էին դառնում:

ԽՍՀՄ կոմունիստական ղեկավարությունը այդ ժամանակ որոշեց Հունգարիայում ստեղծել նոր կառավարությունՙ Յանոշ Կադարի գլխավորությամբ եւ գործողություն մշակեց իշխանությունը գրաված ապստամբներին ճնշելու համար: Գործողությունը մշակեց մարշալ Ժուկովըՙ «Վիխր» («Մրրիկ») անվանումով: Նոյեմբերի 5-8-ը զինված խռովությունը ճնշվեց, հետագա օրերին նրա ղեկավարները ենթարկվեցին մահապատժի, մի քանի հազար մասնակիցներ էլ բանտեր նետվեցին: Այդ գործողություններին մասնակցում էր նաեւ այն ժամանակ գեներալ-լեյտենանտ Բաբաջանյանի ղեկավարությամբ գործող մեքենայացված 8-րդ բանակը:

Պատկերացնելու համար, թե ինչ «խաղաղ» ցույցեր էին տեղի ունեցել Բուդապեշտում 1956-ին, ներկայացնենք կողմերի տված զոհերը: Խորհրդային բանակը տվեց ավելի քան 700 զոհ եւ 1200 վիրավոր, հունգարական ժողովրդական բանակըՙ 50 զոհ եւ 300 վիրավոր, իսկ հունգարական ապստամբների կորուստները կազմեցին մոտ 2700 զոհ եւ մոտ 19000 վիրավոր: Խորհրդային զորքերը կորցրեցին երկու տասնյակ տանկ, ինքնագնաց հրետանային համակարգեր, զրահամեքենաներ եւ այլ զինտեխնիկա: Այս տվյալները պատերազմական հաղորդագրությունների են նմանվում: Հունգար ապստամբները չէին կարող խաղաղ ցույցերով իշխանություն վերցնել կամ միայն թեթեւ հրազենային զենքով դիմադրել խոհրդային զրահատեխնիկային: Հետեւաբար, դա ոչ թե խաղաղ ցուցարաների գնդակահարություն էր, այլ զինված ապստամբության ճնշում: Թե՛ խորհրդային կողմը, թե՛ զինված հեղաշրջման ղեկավարներն ու նրանց աջակցող արեւմուտքը հետապնդել են իրենց շահերը:

Հարց է առաջանում, ի՞նչ պետք է աներ մարշալ Բաբաջանյանը: Հրաժարվե՞ր իր զորքի վրա կրակողներին պատասխանել, դավաճանե՞ր իր պետությանը, անցնե՞ր հակառակ ճամբարՙ զինված ապստամբների, հետեւաբար եւ նրանց հովանավորողների կողմը: Պատվից եւ արժանապատվությունից անտեղյակ մարդիկ չեն կարող հասկանալ, որ նման հատկանիշներ ունեցող մարդն այդպես չէր վարվի: Մարշալ Բաբաջայանը չէր դավաճանի իր պետությանը, որի մի մասնիկն էր Հայաստանը, չէր դավաճանի իր ժողովրդին: Արյունով եւ հերոսությամբ վաստակած փառքն ուներ, գումարը նրան չէր հետաքրքրում, վախկոտ չէր, պարտքի զգացում ուներ, իր ժամանակաշրջանի ու երկրի զավակն էր եւ մեծ հայրենասեր: Պարզապես նա չէր կարող ենթադրել, որ կգա մի ժամանակ, երբ Հայաստանում իր հատկանիշները չունեցող, ինչ-որ վախկոտ, նյութապաշտ մարդիկ կհերոսացնեն թշնամիների ջրաղացին ջուր լցնողներին, օրինակՙ ադրբեջանական լրատվամիջոցներից սեփական երկրին փնովողներին, իսկ իրական հերոսներին կզրպարտեն եւ կփնովենՙ հանուն իրենց ողորմելի շահերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ