ՄԱԿ-Ը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ Մեր ժողովրդի կողմից անչափ սիրված եւ հարգված Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին ես շատ եմ գրել: Նորին սրբության հարյուրամյակի կապակցությամբ (2008 թվական) «Լիտերատուրնայա գազետա» թերթը տպագրեց իմ ծավալուն ակնարկը: Հիմա, նույնիսկ շատ տարիներ անց, ես բոլորովին էլ պատահաբար չհիշեցի այդ զարմանալի մարդուն: Մի անգամ, հերթական հանդիպման ժամանակ, երկար ձգվող խոսակցության թեմայի արծարծման ընթացքում, ես հարցրեցի Վեհափառին. «Ինչո՞ւ են ռուսական Պատրիարքին անվանում «Ամենայն Ռուսիո», իսկ հայկական Կաթողիկոսինՙ «Ամենայն հայոց»: Առանց երկար մտորելու, նա իսկույն պատասխանեց, ակնհայտորեն սպասելով այդ հարցին. «Որովհետեւ «Ամենայն» Հայաստանն աշխարհագրականորեն փշրված է, իսկ «ամենայն» հայերն ապրում են բոլոր հինգ մայրցամաքներում»: Եվ, առանց շունչ առնելու, հավելեց, աշխատելով ճշգրտել իր միտքը. «Չէ՞ որ երբ Երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղ արյուն է հեղվում, ապա, որպես կանոն, հեղվում է նաեւ հայկական արյուն: Եվ, իհարկե, ես որպես հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդ, անհանգստություն արտահայտելով մեր հայրենակիցների ճակատագրի համար, չեմ կարող անտարբեր գտնվել այլ ժողովուրդների ճակատագրի հանդեպ»: Ինձ համար հիշարժան այդ հանդիպումից մեկ տարի անց ես Էջմիածնում Վեհափառին այցելեցի ռազմաճակատային Բեյրութից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ գործուղվել էի «Լիտերատուրնայա գազետա»-ի կողմից: Հայտնեցի այն մասին, որ բազմիցս եմ հիշել մեր այն զրույցը եւ իր մարգարեությունը: Պատմեցի, թե ինչպես էր միլիոնանոց քաղաքում հեղվում բազմաթիվ ժողովուրդների արյունը: Քրիստոնյաների եւ մահմեդականների արյունը: Զոհվեցին եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր, ավելի քան երեսուն հազար հոգի զրկվեցին տանիքից եւ օթեւան գտան Սիրիայում: Մեծամասնությունըՙ Հալեպում: Պարզվեց, որ Վեհափառը լավատեղյակ էր իրավիճակին: Նա ասաց, որ հանգամանալից նամակ է ուղարկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին եւ պատճենըՙ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Ես ուշադիր նայում էի նրա դեմքին, բարձր, լուսավոր ճակատին, բարի-թախծոտ մուգ աչքերին եւ մտածում այն մասին, որ աշխարհիկ կյանքում, ավարտելով Բուխարեստի պետական համալսարանը, նա աշխատել է որպես ուսուցիչ, զբաղվել լրագրական գործով, գրել գրականագիտական հանգամանալից աշխատություն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» լեգենդար գրքի մասին: Հիշեցնեմ, որ տասնամյակներ անց նրա տաղանդավոր աշխատությունը մենք հրատարակեցինք «Դրուժբա նարոդով» հեղինակավոր ամսագրում: Հայտնի է նաեւ, որ հետպատերազմյան 40-ական թվականների վերջերին նա ակտիվ մասնակցություն է հանդես բերել խաղաղության մարտիկների շարքերում: Արժանացել է միջազգային մրցանակիՙ Ժոլիո Կյուրիի անվան Խաղաղության ոսկե մեդալի: (*) Այդ զրույցի ժամանակ, հիշում եմ, մի ինչ-որ պահ լռություն տիրեց: Վեհափառը մատներով դիպավ իր թավ, ճերմակ մորուքին, խորն արտաշնչեց եւ մեղմաձայն ասաց. «Այն, ինչ այսօր կատարվում է Լիբանանում, դա միայն սկիզբն է, դրանք ծաղիկներն են: Ես կասեիՙ դա գալիք արյունոտ տարիների գարունն է»: Զարմանալի է, որ ավելի քան երեսուն տարի անց (այն էլ ինչպիսի՜ տարիներ) վեհափառյան «գարնան» յուրօրինակ պատկերը համաշխարհային քաղաքականության կողմից օգտագործվելու էր «արաբական գարուն» բառակապակցության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ասես դեռ այն ժամանակ կանխատեսում էր այսօրվա օրը: Եվ դեռ այն ժամանակ, բարձր գնահատելով ՄԱԿ-ի դերը մեր բարդ աշխարհում, առաջարկեց. «Ստեղծված իրավիճակում,- ասաց նա,- ՄԱԿ-ի կառուցվածքում Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կառույցների կողքին պետք է գործի Համաշխարհային հիմնական եկեղեցիների խորհուրդ, նույնիսկ Փիլիսոփաների եւ պատմագետների խորհուրդ»: Ես կարծում եմ, հիմա էլ առանձնապես ուշ չէ սթափ ականջալուր լինել բոլորովին էլ ոչ հասարակ բառերին այն իմաստուն մարդու, որը, կրկնում եմ, դեռեւս Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս եղած ժամանակ ակտիվորեն պայքարել է խաղաղության մարտիկների շարքերում: Վեհափառը վախճանվեց 1994 թվականի օգոստոսի 18-ին, վերապրելով Սումգայիթի եւ Բաքվի ողբերգությունը, վերապրելով ԽՍՀՄ-ի փլուզումը եւ Ռուսաստանի Պետդումայի շենքի գնդակոծումը: Սկիզբ առնող միաբեւեռ աշխարհի գալիք օրով դեռ այն ժամանակ նա մեծապես անհանգստացած էր: Հասկանում էր եւ այն, որ առաջիկա տասնամյակների ընթացքում անիմաստ է խոսել բազմաբեւեռության մասին, գիտակցելով Ռուսաստանի, Չինաստանի եւ լուծարված ողջ սոցիալիստական ճամբարի վիճակըՙ իր Վարշավայի պայմանագրով հանդերձ: Նա ասաց, թե լավ է հիշում, թե ինչպես էին սթափ գլուխները Հիտլերի իշխանության գալուց անմիջապես հետո, Ֆրանկոյի օրոք Իսպանական Ֆալանգիստների թեժ օրերին անարդյունք փորձում վերանայել Ազգերի լիգայի իմաստն ու էությունը: Հայտնի է, որ դա ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմով: Վեհափառը հավելեց. այսօր, ստեղծված այս իրադրության մեջ ՄԱԿ-ը պետք է հիմնովին վերակառուցվիՙ արմատապես վերանայելով իր կանոնադրությունը: Ես ուշադիր ուսումնասիրել եմ ՄԱԿ-ի պատմությունը, սկսած 1945 թվականի հոկտեմբերի 24-ից, եւ եկել այն եզրակացության, որ այսօր, երբ ԻԼԻՊ-ը բազմաթիվ անգամներ լկտի թատերայնությամբ, ըստ էության լիովին անպատիժ, ողջ աշխարհի աչքի առջեւ թռցնում է մարդկանց գլուխները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առջեւ հիմնահատակ ավերում է հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցները, պետք է գործուն կերպով մտածել առաջին հերթին բուն ՄԱԿ-ի մասին, որն ինչ-որ բանով հիշեցնում է պենիցիլինի ճակատագիրը (թող ներվի ինձՙ բժշկիս, առաջին հայացքից այսքան տարօրինակ համեմատությունը): Ի դեպ, պենիցիլինը բժշկության մեջ գործածության մտավ նույնպես 40-ականների վերջերին, երբ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները Վաշինգտոնի Դամբարտոն Օուքս առանձնատանը քննարկում էին ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այն ժամանակ ինչ-որ մեկը դա անվանեց բոլոր դժբախտությունների գալիք համադարման: Իսկ չէ՞ որ պենիցիլինը նույնպես կոչեցին բոլոր դժբախտությունների համադարման: Եվ իրոք, սկզբում, առաջին տարիներին դա այդպես էլ կար. հրաշք: Սակայն մի քանի տարի անց «բոլոր ցավերի համադարմանը» սկսեց բառացիորեն հակառակ ազդեցությունը գործել: Իհարկե, ոչնչով մեղավոր չէին մեծ գիտնականներ, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին եւ Էռնստ Չեյնին: Պարզապես ժամանակի հետ չարանենգ մանրէներն ակտիվորեն հարմարվեցին բորբոսասնկերին, որոնք շուտով, պարզ ասած, համեղ կեր դարձան նրանցՙ մանրէների համար: Մի ողջ գիտություն ի հայտ եկավ հակաբիոտիկների գծով, առանց որոնց այսօր, ցավոք, բժշկագիտությունը առայժմ չի կարող յոլա գնալ: Բայց հայտնի է եւ այն, որ հակաբիոտիկները դժվար թե կայուն ապագա ունենան: Դրանք ավելի շատ խնդիրներ են պարունակում, քան օգուտ: Իսկ չէ՞ որ, գրողը տանի, իրոք նույնն էլ հիմա է կատարվում ՄԱԿ-ի հետ, որն անվիճելիորեն, անկախ նրանիցՙ ցանկանում ենք, թե ոչ, կարիք ունի հիմնովին վերափոխվելու, ինչպես, կրկնում եմ, դա եղավ անցած հարյուրամյակի երեսնական թվականների կեսերին Ազգերի լիգայի պարագայում: Կարծում եմ, այդ ամենը շատ էլ բնականոն էր: Վերջիվերջո, այսօրվա ՄԱԿ-ը Դամբարտոն Օուքս առանձնատանը հավաքված առաջին չորս պետությունները չեն, այլ մոտ երկու հարյուր երկրներ: Այն ժամանակ ատոմային ռումբ ուներ միայն մեկ երկիր, այսօրՙ ավելի քան մեկ դյուժին, այդ թվումՙ Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան: Այն ժամանակ աշխարհում ապրում էր երկուսուկես միլիարդ մարդ, այսօրՙ յոթուկես միլիարդ: Այն ժամանակ մահմեդականները 300 միլիոն էին, այսօրՙ մեկուկես միլիարդ: Այդ թվի մեջ է մտնում, բնականաբար, ԻԼԻՊ-ը, որը չտեսնված վտանգ է ներկայացնում, եւ առաջին հերթին, հենց իրենցՙ մահմեդականների համար: Դեռեւս 90-ականների սկզբին, կանխատեսելով ԽՍՀՄ-ի փլուզումը, Ամենայն Հայոց կաթողիկոսը զարմանք հայտնեց, թե ինչպես կարելի է անփոփոխ թողնել ՄԱԿ-ի կառուցվածքը, որն ունի մեկ գերխնդիրՙ ազգերի միջեւ հասնել փոխըմբռնման: Եվ Վեհափառը խորապես միտք արեց ՄԱԿ-ի դերի եւ խնդիրների վրա այն պայմաններում, երբ աշխարհը դառնում է միաբեւեռ: Նա խոսում էր այն մասին, թե ինչպես կարող են քաղաքական գործիչներն օգտագործել ողորմություններն ու պատժամիջոցները, կրոնական երկպառակությունները, հարեւան երկրների, աջերի ու ձախերի միջեւ ծնվող անհամաձայնությունները: Բերում էր բազմաթիվ օրինակներ պատմությունից: Այդ ամենի մասին խոսակցություն ընթացավ, այսօրվա պես հիշում եմ, 1990 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայում: Զրույցին մասնակցում էր հայ մեծ արտիստ Սոս Սարգսյանը: Ես գրառումներ էի կատարում հուշատետրում: Երկար ու դժվարագույն տարիներ անց, շուրջերկրյա նավարկության ժամանակ ես օգտագործեցի այդ գրառումները «Արմենիա»-ի նավամատյանում, երբ անձնակազմն իր աչքերով տեսավ արյունը Կահիրեի հրապարակներում: Մի հատված բերեմ գրառումից, որը զետեղալ եմ իմ Երկերի ժողովածուի ութերորդ հատորում. «...Գուցե արժե մտածել, բացի ամենայնից, ՄԱԿ-ի նստավայրի աշխարհագրությունը փոխելու եւ այն «չեզոք» երկրում տեղադրելու մասին, ճիշտ նույն կերպ, ինչպես որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի թեկնածու է ընտրվում բացառապես այն երկրից, որը հավատարիմ է չեզոքության սկզբունքին: Անհրաժեշտ է փոխել ՄԱԿ-ի էությունն ու բովանդակությունը, ելնելով տրամաբանորեն ճշգրտված գործունեությունից, որից կախված են աշխարհի բոլոր ժողովուրդների, բոլոր երկրների, մեր ողջ մոլորակի ճակատագրերը: Իսկ մոլորակն այսօր արդեն հիշեցնում է աստվածաշնչյան Բաբելոնը: Դա, իհարկե, գեղարվեստական պատկեր չէ: Դա հիշեցում է այն մասին, որ բոլոր աշխարհները կործանվել են անըմբռնողականությունից: Վաղուց է ասված, որ այն թշնամիների է վերածում բարեկամներին: Այդպես եղավ բիբլիական աշտարակաշինության ժամանակ: Աշտարակը փլուզվեց եւ միմյանց չհասկացող բոլոր մարդիկ զոհվեցին: Այսօր նաեւ մեր Երկիր մոլորակին կարող է բաժին ընկնել այդ օրինաչափ ճակատագիրը, իր բոլոր, լիովին ոչ առասպելական իրողություններով հանդերձ...»: Եվ այսօր, ինչպես ասում էր իմաստուն Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, մենք դեռեւս կարող ենք փրկել մեր մոլորակը, մեր ընդհանուր տունը: Ես հավատում եմ դրան: Քանզի այլ տարբերակ չկա... (*) Որոշ վկայություններ կան այն մասին, առայժմ բանավոր հիշողությունների ձեւով արտահայտված, որ Վազգեն վարդապետ Բալճյանը, Ամենայն հայոց հայրապետը, Ռումինիայում ֆաշիստների ձեռքից փրկել է հրեաների, ըստ ոմանցՙ շուրջ 300 հոգու: Կարծում ենքՙ պետք է փաստաթղթերի հետազոտում եւ արխիվային նյութերում պրպտումներ կատարել Ամենայն հայոց կաթողիկոսի կենսագրության այդ եւ նման դրվագների պարզաբանման ուղղությամբ: Դա մեծագույն նշանակություն կունենա հայ-հրեական հարաբերությունների տեսակետից: Խմբ.: |