ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ՎՈԿԱԼ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին, 2016-06-07 Ալիեւ-Մերկել ասուլիսի ճեպանկար Հունիսի 6-ին Բեռլինի Թեգել օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանի նախագահի օդանավը։ Կարճ հաղորդագրությունը փոխանցում է. պաշտոնական այցով ԳԴՀ մայրաքաղաք ժամանած Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին եւ 8-ին հանդիպումներ կունենա գերմանացի բարձաստիճան պաշտոնատարների հետ, ինչպես նաեւ կբացի գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումը, որ կազմակերպել են Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի նախարարությունը եւ գերմանա-ադրբեջանական առեւտրի պալատը։ Ադրբեջանի նախագահի բեռլինյան հանդիպումների թվում առանձնացվում են հունիսի 7-ի առավոտյան ԳԴՀ տնտեսության նախարար Զիգմար Գաբրիելի, իսկ ժամը 12.30-ին Անգելա Մերկելի հետ առանձնազրույցը։ Ժամը 12-ն էլ չկար, երբ կանցլերի նստավայրի հանդիպակաց մայթին երեւացին ադրբեջանական ու թուրքական դրոշակներ։ Սկզբում դրոշակակիրները մեկ- երկու հոգի էին, գնալով աճեց նրանց թիվը։ Ով գալիս, մի դրոշակ ձեռքն էր առնում եւ այնպիսի տպավորություն էր, թե մեծաթիվ զանգված է հավաքվել։ Նրանցից քիչ հեռու ոստիկանության պահակախմբի կողքին նիհարիկ մի խմբով պաստառներ էին պարզել Reporter ohne Grenzen «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները։ «Չկա ազատություն առանց մամուլի ազատության» պաստառի հետ մեկտեղ յուրաքանչյուրն առանձնացրել էր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի մի լրագրողի անուն։ Ադրբեջանցիների պաստառները հետեւյալ բովանդակությունն ունեինՙ «Stop հայկական ագրեսիային», «Stop հայկական միջուկային ռումբի ագրեսիային» «Ադրբեջանցի փախստականները եւ ներքին տեղահանվածները տուն են ուզում», «Մենք վստահում ենք Գերմանիային եւ ԵԱՀԿ- ին», «Պարոն նախագահ, աշխարհի ադրբեջանցիները սատարում են Ձեզ»։ Անցորդները տրամադրությունս բարձրացրինՙ «Stop Armenian nuclear bomb agression»-ի երկրորդ բառը համառորեն կարդում էինՙ American։ «Ղարաբաղ» գոռալը դադարեցրին, սկսեցին «Ազերբայջան» վանկարկելՙ նախագահական ավտոշարասյունը սրընթաց անցավ նրանց կողքով։ Նախագահ Ալիեւը երեւի գոհ էր, որ տնտեսության նախարարության շենքի առջեւ առավոտյան իրեն դիմավորած հայ ցուցարարներին էլ չտեսավ այստեղ։ Ադրբեջանի նախագահի ավտոշարասյունն ավելի ուշ հասավ կանցլերի գրասենյակի մոտ. երեւի այդ էր պատճառը, որ ասուլիսն էլ նախատեսված ժամինՙ 13.30-ին չկայացավ։ Կողքիս նստած գերմանացի լրագրողը նկատել տվեցՙ վստահ եմ նաեւ ուտում են։ Լրագրողների առջեւ հայտնված նախագահ Ալիեւը, ծամելով բերանում եղածը, հաստատեց գերմանացի գործընկերուհուս կարծիքը։ Կանցլեր Մերկելն ու նախագահ Ալիեւը նախ բարձրաձայնեցին, թե ինչի մասին են խոսել առանձնազրույցինՙ Ադրբեջանի տնտեսության խնդիրների, հանրային կյանքն արտացոլող թեմաներիՙ մարդու իրավունքներ, մամուլի ազատություն, տարածաշրջանային հարցերՙ ընդգրկելով Իրանի թեման։ Բնականաբար առանցքային թեման եղել է ԼՂ հիմնահարցը, որ կանցլերի շեշտադրմամբ պիտի բացառապես բանակցային լուծում գտնիՙ 3 հիմնարար սկզբունքները հաշվի առնելով։ Կանցլեր Մերկելն ակնհայտ դժգոհ, մի քիչ զարմացած տեսք ուներ, երբ Ալիեւը բարձրախոսին մոտենալուն պես սկսեց նույն բառամթերքը գործածելՙ հայկական ագրեսիա, 20 տոկոս բռնազավթված տարածքներ, Խոջալուի ցեղասպանություն, որն ի դեպ 10 երկիր արդեն ճանաչել են, իսկ ապրիլյան պատերազմն էլ հայկական ուժերի սադրանքն էՙ խաղաղ բանակցությունները տապալելու մտադրությամբ պայմանավորված։ Ի դեպ, ադրբեջանցի լրագրողների հարցերն էլ իրենց նախագահի շարադրանքի կրկնությունն էին։ Ոչինչ նոր չէր այդ ասուլիսում, ո՛չ նրանց հարցերի, ո՛չ էլ պատասխանների բովանդակությունը։ Մերկելը իր տխրությունը հայտնեց եւ քննադատեց Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած բռնարարքըՙ ասելովՙ «այնտեղ, ուր ահաբեկչության դեմ պայքար է ընթանում, Գերմանիան Թուրքիայի կողքին է»։ ԳԴՀ կանցլերը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Մենք օգտագործում ենք մեր կապերը, որ սատարենք Ռուսաստանի կառավարությանը, այնպես ինչպես Մինսկի խմբի համանախագահներ ամերիկյան, ֆրանսիական կառավարություններինՙ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, շեշտեց ԳԴՀ կանցլերը։ |