RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



Տեղադրվել է` 2016-06-07 21:39:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4024, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԼՂՀ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՅԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի պատվո հյուպատոս, Աշխարհաքաղաքականության ակադեմիայի նախագահ

Փորձագիտական գնահատական

Մայիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը զանգահարեց ՀՀ եւ ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին, նրանց հետ քննարկեց Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման արդյունքները, նշելով երկու նախագահներիՙ հունիսին նախատեսված հանդիպմանը վերաբերող պայմանավորվածության կարեւորությունը: Սերժ Սարգսյանի հետ զրույցին վերաբերող պաշտոնական հաղորդման մեջ նշվում է, որ հայտարարվել է Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունների իրագործման կարեւորության մասին:

Հետաքրքրական էՙ Բայդենի եւ Սերժ Սարգսյանի խոսակցությունը տեղի է ունեցել Սարգսյանի հետ ՌԴ վարչապետ Մեդվեդեւի զրույցից առա՞ջ, թե՞ հետո: Բանն այն է, որ ՌԴ վարչապետը Երեւանում հայտարարեց, թե ինքը կշարունակի Ղարաբաղի թեմայով ապրիլի 7-ին սկսված բանակցությունները:

Թե ինչ է քննարկվել ապրիլի 7-ին եւ շարունակվել մայիսի 20-ինՙ անհայտ է: Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին Դ. Մեդվեդեւը Երեւանից մեկնեց Բաքու, ինչից հետո ակտիվորեն լուրեր տարածվեցին ռուսական նախագծի եւ Լեռնային Ղարաբաղ ռուսական զորք մտցնելուն նպաստող խաղաղարարների մասին: Հայտնվեցին տեղեկություններ, թե Ռուսաստանը փորձում է ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ալիքի վրա տարածաշրջան բերել իր խաղաղարարներին: Այն ժամանակ Դ. Մեդվեդեւը Երեւանում քննարկել է նաեւ այդ հարցը: Մեր Աշխարհաքաղաքականության ակադեմիայի փորձագետները այն ժամանակ նույնպես տվեցին իրենց գնահատականը. «Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կայծակնային պատերազմը ձախողվեց»- http://clubvi.ru/news/2016/04/11/12/:

Վիեննայի հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի կողմերի միջեւ փոխզիջում որոնելու ջանքերը: Հանդիպումից մեկ-երկու օր անց «Ղարաբաղի հարցը» ի թիվս այլ հարցերի քննարկվում էր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը զգացել է իր համար շոշափելի փոփոխությունը: Այդ մասին կարող եք լսել նաեւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Աշխարհաքաղաքականության ակադեմիայի նախագահի արտահայտած կարծիքը- http://echo.msk.ru/news/1741144-echo.html#sthash.NjpAKZsr.dpuf:

Վիեննայի գագաթաժողովի շոշափելի արդյունքը դարձավ հետաքննության միջազգային մեխանիզմներ ներդնելու որոշումը: Դա Ռուսաստանի համար իրոք վտանգավոր որոշում է, քանի որ այդ մեխանիզմները տարածաշրջանում սահմանափակում են ՌԴ գերակշռությունը: Այդ մեխանիզմները մշտադիտարկելու են ոչ այնքան Հայաստանին եւ Ադրբեջանին, որքան Ռուսաստանին: Դա տարածաշրջանի անվտանգությունը փաստորեն Ռուսաստանից ապահովագրող մեխանիզմ է: Ղարաբաղա-արդբեջանական հակամարտության գոտում ԵԱՀԹԿ դիտորդների մշտադիտարկման արդյունավետությունը կարող է բազմիցս աճել, եթե այդ աշխատանքին միանա ԼՂՀ անմիջական հարեւան Իրանը: Արդեն սկսվել են ԵԱՀԿ նախագահի եւ Իրանի արտգործնախարարի խորհրդակցություններ:

Մոսկվան չի կարող հրապարակավ դեմ արտահայտվել մշտադիտարկման մեխանիզմներին: Սակայն հայտարարություններն այնքան էլ կարեւոր չեն, քանի որ հաճախ լոկ քողարկում են իրական մտադրությունները:

Այս առումով ակնհայտ է, որ Մոսկվայի համար խիստ անցանկալի է Ղարաբաղյան հակամարտության գոտում հսկողության միջազգային մեխանիզմների հայտնվելը, քանի որ դրանք կսահմանափակեն Ռուսաստանի ահաբեկման ապակառուցողական քաղաքականությունը: Եվ քանի որ Կովկասում ՌԴ քաղաքականությունը բաղկացած է միայն ահաբեկումից, բացահայտ մրցակցության ռեսուրսի բացակայության պատճառով մեխանիզմները կարող են ըստ էության սահմանափակել Ռուսաստանի քաղաքականությունը:

Հայաստանի համար դա Ադրբեջանի զսպման միջոց է, քանի որ Բաքվի գլխավոր սնուցիչները շարունակում են մնալ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը: Կովկասի համար դրանք նշանակում են կայունություն եւ անվտանգություն: Վիեննայի գագաթաժողովից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այցելեց Բաքու, եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը նրա հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ Բաքուն ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ կապերն ամրապնդելու համար: Մանավանդՙ երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար հարաճուն «վտանգ» է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, ինչի մասին հայտարարել են Ուրուգվայի, Մակեդոնիայի եւ Չիլիի դիվանագիտական շրջանակներում- http://regnum.ru/news/polit/1581931.html, http://www.vesti.az/news/282244, http://www.azernews.az/azerbaijan/96992.html, http://news.am/eng/news/324443.html...

Իսկ դրանից հետոՙ մայիսի 20-ին Դ. Մեդվեդեւը Երեւան է ժամանում, որպեսզի շարունակի «Ղարաբաղի հարցի» վերաբերյալ ապրիլի 7-ին ընդհատված խոսակցությունը: Ըստ երեւույթին, Ի. Ալիեւը Դ. Ռոգոզինին «սպառնացել» էր, թե Բաքուն չի գնի ռուսական սպառազինություն:

Վերադառնալով մեր հոդվածի սզկբնական թեմայինՙ հարկ է ենթադրել, թե Ջո Բայդենը Սերժ Սարգսյանին զանգահարել է ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի Երեւան այցելելուց հետո: Դատելով ըստ ամենայնի, ԱՄՆ-ը ուզում է Ղարաբաղյան հակամարտության կողմերին պահել վիեննայի պայմանավորվածությունների շրջանակներում, մանավանդ, որ նրանց այդ շրջանակներից դուրս բերելու Ռուսաստանի փորձերը դառնում են ավելի ու ավելի ակնհայտ:

Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր, որպեսզի հակամարտության կողմերը դադարեցնեն կրակը: Իսկ ԼՂՀ գոտում «չկրակել» հրամանը քաղաքական մահ է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի համար:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ