RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1189, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ... «ՓԱՓԿԱԾ»

Վ. Պ.

«Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին ու բնութագրվում էին հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքով», նշված էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում, որ ներկայացվեց երեկ Ստրասբուրգում մեկնարկած նստաշրջանում:

Զեկույցը ներկայացրել էր Հայաստանի նախագահի ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽԽՎ պատվիրակությունը, զեկույցը պատրաստել էր զեկուցող Քերին Ուոլդսեթը : Եվ այն, ինչ նախապես հայտարարվել էր վեհաժողովականների կողմից անմիջապես ընտրություններից հետո, բավականին մեղմացված է վերջնական զեկույցում:

Զեկույցի առաջին արդեն ներկայացված եզրակացությանը հետեւում է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատել քվեարկությունը իրենց դիտարկած ընտրատեղամասերի 95 տոկոսում, ձայների հաշվարկը` 106 հաշվարկներից 92 տոկոսում:

Միեւնույն ժամանակ, ըստ զեկույցի, դիտարկվել են «մի շարք թերություններ, որոշները` կառուցվածքային»: «Մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահումը եւ թեկնածուների վստահված անձանց եւ աջակիցների կողմից ընտրական գործընթացին միջամտությունը կրկնվող խնդիրներ են, որ հակասում են ժողովրդավարական ընտրությունների եվրոպական ստանդարտներին եւ բացասական են ազդում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա», ասված է զեկույցում:

Ըստ փաստաթղթի, իշխանություններին կոչ է արվում կարգավորել նշված «լուրջ թերությունները` ապահովելու, որպեսզի դրանք նորից ի հայտ չգան ապագա տեղական, ազգային կամ տարածաշրջանային ընտրություններում»:

Որպես մեկ այլ եզրակացություն էլ ներկայացվում է քվեարկողների կողմից ափսոսանքը, որ որոշ հիմնական կուսակցություններ որոշեցին թեկնածու չառաջադրել` դրանով իսկ «պակասեցնելով հնարավոր ընտրությունը»: Սրա հետ մեկտեղ, իշխանություններից ակնկալվում է նաեւ, որ ընտրական խախտումների ու թերացումների վերաբերյալ բոլոր բողոքները կհետաքննվեն եւ մեղավորները կպատժվեն:

Մինչ եզրակացություններն այսպիսին են, զեկույցի ներածությամբ ներկայացվում է, որ դեռեւս վեհաժողովի դիտորդական առաքելությունը նախընտրական շրջանում դիտարկում է իրականացրել հունվարի 16-17-ին, ապա ընտրական շրջանում` փետրվարի 16-19-ին: ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը որպես միջազգային դիտորդական առաքելության մասնակից` քվեարկության օրը բաժանվել էր 11 թիմերի, որոնք դիտարկել են ընտրությունները Երեւանում, նաեւ Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, Գյումրիում, Սեւանում, Իջեւանում, Դիլիջանում, Վանաձորում եւ Վայոց Ձորում:

Զեկույցում հիշատակվում են միջազգային դիտորդական առաքելության նախնական բացահայտումներն ու եզրակացություններն առ այն, որ փետրվարի 18-ի ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված ու բնութագրվում էին հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքով, ազատ մրցակցության հնարավորությամբ, մամուլի կողմից հավասարակշիռ լուսաբանման պահանջի բավարարմամբ, միեւնույն ժամանակ` վարչակազմի անկողմնակալության բացակայությամբ, վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքերով:

Սրա հետ մեկտեղ, որպես ընտրությունների քաղաքական ու իրավական համատեքստՙ ներկայացվում է, որ նախագահի վերջին ընտրությունները «քայլ առաջ էին» 2008-ի իրադարձություններից հետո ստեղծված «բեւեռացված քաղաքական մթնոլորտը» հաղթահարելու համար: Բացի դրանից, փետրվարի 18-ի ընտրություններն առաջինն էին, որ անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որ ընդունվել է 2011-ի մայիսի 11-ին:

«Այս ընտրությունների կարեւոր քաղաքական բնութագրիչ էր երեք հիմնական կուսակցությունների որոշումը թեկնածու չառաջադրելու մասին, ինչպես նաեւ մի շարք հայտնի քաղաքական դեմքերի որոշումը` չառաջադրվելու այս ընտրություններում», ասվում է փաստաթղթում: «Ի հավելումն` ընդդիմադիր կուսակցությունները ձախողեցին ընդհանուր թեկնածուի համաձայնեցումը կամ ընդունումը` մարտահրավեր նետելու թեկնածու նախագահին»:

Զեկույցը ներկայացնելուց հետո ելույթներում տարբեր կարծիքներ էին հնչում. Հայաստանի համար զեկույցը մեղմ է, կամ հակառակը, ավելի վատն է եղել իրավիճակը, կամ 2008-ին ինչեր էին կատրավում Հայաստանում: Ելույթ ունեցավ նաեւ Ստրասբուրգում գտնվող վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը ժամանակին նույն դիտորդների նախնական գնահատականներից «ցնցված» էր, սակայն երեկ բավարարվեց նշելով, որ զեկույցը հավասարակշռված է, ներկայացնում է «Հայաստանի ապագայով մտահոգ գործընկերների տեսակետը»: Ու թեեւ ըստ Դավիթ Հարությունյանիՙ զեկույցի որոշ պարբերություններ վիճելի են, մեկ բան շեշտեց Հայաստանի ներկայացուցիչը, թե «վարչական ռեսուրսի չարաշահում» ասվածը հաճախ է հանդիպում ընտրությունների ԵԽԽվ գնահատականներում, թեեւ տեղին չի օգտագործվում:

Հայաստանին վերաբերող հարցի առնչությամբ, բնականաբար, գոնե մեկ ադրբեջանցի պատգամավոր պետք է խոսեր: Խոսեց Սամեդ Սեիդովը , այնպիսի պաթոսով քննադատելով զեկույցը, կարծես Հայաստանի ժողովրդավարության վերջին ջատագովը լիներ, ինչպիսին, ի դեպ, առանց վարանելու ներկայացավ, թե «մենք չենք ուզում Հայաստանին սեւացնել, այլ կողմ ենք Հայաստանում ժողովրդավարությանը»: Առանց մեկնաբանության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ