RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



ՀԵՆՐԻԿ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԳՐՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1200, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՄԻ ՓՈՔՐ ՃՇՏՈՒՄ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Գրասեղանիս է «Հոգեւոր արահետների ներշնչանքներով» գրքույկը, որի հեղինակն է Դիլիջանի ծնունդ, վաստակաշատ պրն Հենրիկ Խառատյանը:

Գիրքը ծավալուն չէ, մոտ 130 էջ, հազվագյուտ նկարներով: Գրքի ենթագլուխները հետաքրքրական ենՙ «Վանքերի սեղանատները», «Արծվնիկի եկեղեցին», «Ամենայն հայոց Հայրիկը Դիլիջանում», «Էջմիածնի Մայր տաճարի 110 տարեկան դռները» եւ այլն:

Տողերիս հեղինակը, հեռու լինելով կրոնից ու նրա պատմությունից, չի կարող որեւէ մեկնաբանություն կամ վերլուծություն անել նյութի հոգեւոր կողմի մասին, նա հետաքրքրությամբ կարդացել է գիրքը եւ ցանկանում է մի պատմական ճշտում կատարելՙ որպես Հաղարծնի վանքի բազմաշխատ (ինչպես գրված է Էջմիածնում իր գերեզմանաքարին) Պողոս Վարդապետի շառավիղ:

Վարդապետը եղել է (մայրական կողմից) մեծ մորս մորեղբայրը, որի մոտՙ Հաղարծին, տարիներ շարունակ, ամռան ամիսներին, բնական էՙ սայլով, մեկնել են նրա քրոջ եւ եղբոր զավակները:

Մանկուց լսածներիս համաձայն, ինձ համար Պողոս Վարդապետը հերոս է եղել, որը ոչ միայն կարողացել է վանքը վերականգնել, հնություններ գտնել, ջրաղաց կառուցել (որի ընթացքում, պայթեցման ժամանակ կորցրել էր բթամատը, արդյունքումՙ մյուռոն քսելու արարողության հետ կապված բարդություններ էին առաջացել), այլեւ զենքը ձեռքին պահպանել է վանքապատկան տարածքները:

Հստակ հիշում եմ պատմություններ այն մասին, որ, չնայած կին լինելուն, վանքի տնտեսըՙ Ղումաշը, հրացանն ուսին պաշտպանել է վանքը գողերից ու ավազակներից: Տիկին Ղումաշը մեծ մայրն է եղել սույն գրքի հեղինակ Հենրիկ Խառատյանի:

Կովկասյան իշխանություններից հիասթափված, որոնք չեն կարողացել կանխել թալանն ու անօրեն որսը, պատմական արժեքների գողությունը, Պողոս Վարդապետը մեկնել է Պետերբուրգ եւ 9 ամիս այնտեղ մնալովՙ կարողացել իր հետ բերել ռուսական ցարի հրովարտակը, որը հստակ ամրագրել է վանքին պատկանող հողն ու սեփականությունը:

Նիկոլայ 2-րդի թագադրության արարողության ժամանակ Վարդապետի հետ հանդիպման մասին «Արձագանք»-ի 1896 թվականի 132-րդ համարում Ալեքսանդր Ռոստինյանցը գրում է. «Տարիներ անց, ներկա տարուս մայիսի 12-ին Պետերբուրգ քաղաքում պատարագին ներկա լինելով եւ ինչ տեսնեմ. Պատվական Պողոս Վարդապետը թափոր է կատարում: Մի՞թե նա է, ինչ բան է սրան քշել բերել, այս աղքատիկ Վարդապետին»:

Դառնանք բուն ասելիքին:

Գրքում գրված է, որ Պողոս Վարդապետը Պետերբուրգից վերադառնում է Հաղարծին եւ նրան Էջմիածին է հրավիրում Ամենայն հայոց կաթողիկոսը, ու մի քանի օր միայն Էջմիածնում իր օծակից եղբորՙ մանկության ընկեր գերապատիվ Սարգիս եպիսկոպոսի մոտ ապրելուց հետո, 1896 թվականի նոյեմբեր ամսին, Պողոս Վարդապետն ավանդում է հոգին:

Բժիշկը եզրակացություն է տալիս: Տիֆ:

Տողերիս հեղինակին հայտնի է, որ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը Վարդապետին հրավիրել եւ ասել է, որ Էջմիածնում վանքապատկան տնտեսությունում կա 17 խոզ, որոնց դժվար է ձմռանը պահել Էջմիածնում, եւ առաջարկել է խոզերին տեղափոխել Հաղարծին:

Այս ստորացուցիչ առաջարկն այնքան է վիրավորել Պողոս Վարդապետին, որ նա նույն գիշեր մահացել է, հավանաբարՙ սրտի կաթվածից:

Այս տեսակետի հավաստի լինելն իմ մեջ ավելի ամրացավ այն ժամանակ, երբ, տարիներ առաջ, սույն գրքի հեղինակն ինձ հետ զրուցելիս (նա չգիտեր Վարդապետի հետ իմ կապի մասին) լսեց խոզերի պատմությունը, շատ զարմացավ իմ լավատեղյակության վրա եւ իմանալով իսկությունըՙ ժպտալով ասաց. «Այդ պատմությունը տհաճ իրողություն է, մտածեցի գրել պաշտոնական լուրը, որը եւ հավաստվում է արխիվային նյութերով»:

Տիֆի պատմությունն անհամոզիչ է, հատկապես Հաղարծնի նման ստերիլ վայրում ապրող մեկի համար, իսկ եթե նույնիսկ Վարդապետը տիֆով հիվանդ էլ էր, չէր կարող գնալ Ս. Էջմիածին: Եթե նույնիսկ գնացել էր, ինչպե՞ս տիֆով հիվանդին թողեցին ապրել իր օծակցի սենյակում, ի՞նչ էՙ մի առանձին սենյակ չկա՞ր, եւ վերջապես, ո՞վ է տիֆից երկու-երեք օրվա մեջ մահացել, այն էլ նոյեմբեր ամսին:

Ահա, այսքանը, մեր պատմաբաններինՙ մի նոր նյութ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ