RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1834, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 79

«ԱՅԴ ԼՌՈՒԹՅԱՄԲ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մադլեն Օլբրայթն իր հրեական արմատների մասին

ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Մադլեն Օլբրայթը Բեռլինում ներկայացրեց իր ինքնակենսագրական «Աշունը Պրահայում. մանկության հիշողություններս պատերազմի ժամանակ» գիրքը, որը 2013-ի մարտին գերմաներենով լույս է ընծայել «Զիիդլեր» հրատարակչությունը: 544-էջանոց հատորի գինը 24,99 եվրո է: Ապրիլի 17-ին հյուրընկալվելով zdf-ի առավոտյան եթերին, իր արտաքին տեսքն անփոփոխ թողած, կրծքազարդ-ճարմանդների սիրահար լեդին նախ անդրադարձավ Բոստոնում տեղի ունեցած բռնարարքին, կարծիք հայտնելիս նախընտրեց խաղաղ տոնըՙ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի զգույշ հռետորաբանությունը: Այնուհետեւ խոսեց իր հիշողությունների գրքի մասին:

1996-ին էր, Oլբրայթն այն ժամանակ 58 տարեկան էր, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում երդմնակալության արարողությունից առաջ լրագրողներից մեկից պատահաբար իրազեկ է դառնում, թե ինքն իրականում հրեաների դուստր է, որ իր ընտանիքի 25 անդամներ Հոլոքոսթի զոհ են, այդ թվում նաեւՙ ընտանիքի ավագ անդամներից երեքը, մեծ հայր ու մայր չի տեսել: Իսկ պրահայաբնակ ազգականները տեղահանվել են: Ինչո՞ւ որեւէ մեկը չի պատմել այս եղելությունը կաթոլիկ դաստիարակություն ստացած, 1937-ին Պրահայում լույս աշխարհ եկած Մարիա Յանա Կորբելովային: «Միգուցե այդ լռությամբ ուզում էին մեզ պաշտպանել», այսօր այսպիսի մեկնաբանություն է ներկայացնում տիկին Օլբրայթը: «Ես ունեմ ազգականներիս լուսանկարները, սոսկ դեմքեր են ինձ համար, երբ գիրքս էի կազմում, հանկարծ առաջին անգամ բացահայտեցի, թե որեւէ մեկին մինչեւ հիմա մեծ հայր, մեծ մայր չեմ ասել: Թեեւ նշանակություն չունիՙ նրանց ճանաչել, թե չեմ ճանաչել, սարսափել եմ, որ միլիոնավոր ուրիշների նման նրանք էլ մեծ տառապանք են ապրել»:

Այս անակնկալ հանգամանքը, խոստովանում է, փոխել է նրա հայացքը կյանքի ու երեւույթների հանդեպ, իր որոշումներում քաղաքական սրբագրումներ կատարել: «Մանկուց լսում էի, թե գերմանացիները որքան ահավոր են եղել: Բայց երբ գրքիս առիթով հետազոտություններ էի անում, բացահայտեցի, թե չեխերն էլ պատերազմից հետո գերմանացիների հանդեպ վայրագ են վարվել: Վրեժը, հնարավոր է, բնական զգացում է, բայց որոշ իրողություններ, որ պատահել են ժամանակին, սարսափելի են: Կենդանի մարդիկ են այրվել, գետերում խեղդամահ արվել, եւ իհարկե Սուդեթից տարհանվել Գերմանիա:

Ժամանակին էդվարդ Բենեշի Չեխոսլովակիան ժողովրդավար մի երկիր էր, որտեղ կողք կողքի խաղաղ գոյակցում էին տարբեր էթնիկ խմբեր, հիշում է Մադլեն Օլբրայթը:

Նրա հայրըՙ Յոզեֆ Կորբելը (1909-1977), դիվանագետ էր, պաշտոնավարել է Չեխոսլովակիայի արտգործնախարարությունում, ավելի ուշՙ 1939-ին ընտանիքով փախել է Լոնդոն, պատերազմի ավարտից հետո վերադարձել Չեխոսլովակիա, պաշտոնավարել արտգործնախարարությունում:

1948-ին երկրում դե ֆակտո իշխանության են գալիս կոմունիստները: Ժողովրդավարության ջատագով Կորբելը ընտանիքով քաղաքական ապաստան է գտնում ԱՄՆ-ումՙ Դենվերում, աշխատում տեղի համալսարանի Ռուսական ինստիտուտում: Պրոֆեսորի կոչում ստացած Կորբելը 1957-ին պաշտոնապես ամերիկյան քաղաքացիություն է ստանում, հրատարակում մի շարք քաղաքագիտական գրքեր, որ հայտնի են դարձնում նրան ԱՄՆ-ում, որոնց մեջ առանձնահատուկ հայտնի են կոմունիզմին վերաբերող հրատարակությունները: 1977-ին 67 տարեկանում մահկանացուն կնքած Կորբելը մեծ ազդեցություն է ունեցել ամերիկյան արտաքին քաղաքականության վրա: Վերլուծաբանները նկատել են տալիս ոչ միայն դստերը փոխանցած նրա խորհրդատվությունը, այլեւ Ջորջ Բուշ կրտսերի կաբինետում արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսի վրա ունեցած ազդեցությունը: Ռայսը ուսանել էր Կորբելի մոտ եւ համարում է նրան իր մեծ ուսուցիչը: «Փորձում էի հորիցս ամեն ինչ սովորել. կատարյալ դուստր էի, այսօր էլ այդպիսին եմ, թեպետ նա արդեն վախճանվել է: Հայրս ժողովրդավարության նվիրյալ էր», առանձնակի ջերմությամբ է խոսում հոր մասին Օլբրայթը:

Մադլեն Օլբրայթը պատմում է. «Շատ լավ եմ հիշումՙ գերմանացիների հուժկու ռմբակոծությունների ժամանակ Լոնդոնում էինք: Ամեն գիշեր նկուղ էինք իջնում քնելու, իսկ առավոտյան դրսում նկատում էինք գիշերվա ընթացքում ավերված բազմաթիվ շինությունները»: Օլբրայթի մտապատկերում դրոշմված պատերազմական հենց այս դրվագներն էին, որ Քլինթոնի արտգործնախարարին դարձրին բռնատիրության, ցեղասպանության դեմ մարտնչող ճշմարիտ մարտիկ, կարծիք է հայտնում ARD-ի մեկնաբաններից մեկը: Գերմանացի մեր գործընկերոջ հիշյալ գնահատականը չենք կարծում, որ համընդհանուր հավանության կարող է արժանանալ, քանի որ ԱՄՆ նախկին արտգործնախարարը գոնե Հայոց ցեղասպանության հարցում վճռական կեցվածքով չի առանձնացել:

Նա ԱՄՆ առաջին կին արտգործնախարարն է, շրջապատում նրան ոչ միայն խելացի, այլեւ, ավելի ճիշտ, իմաստուն էին որակում: «Պաշոնավարող թե պաշտոնաթող քաղաքական գործիչները սովորաբար խղճուկ գրքեր են հեղինակումՙ չոր, անկյանք, հաշվապահության նմանվող, անզիջող, աղմկահարույց ոճով գրված: Բոլորովին այլ է Օլբրաթի դեպքում: Կա մի կյանք, որի մասին արժե բարձրաձայնել, եւ որը հեղինակը նկարագրում է խիտ , վերլուծական գրչով», կարծիք է հայտնում «Դի վելթի» մեկնաբանը:

2012-ի հոկտեմբերին Օլբրայթը գիրքը ներկայացրել է Պրահայում: Քաղաքի կենտրոնումՙ գրախանութի առջեւ հերթ է գոյացել. բնական էՙ շատերն էին ուզում տեսնել աշխարհում հայտնի իրենց համաքաղաքացուհուն ու նրա հեղինակած գիրքը ստանալՙ ընծայագրով: Բայց ընդդիմադիրների մի խումբ 1999-ի Կոսովոյի պատերազմին զոհ գնացած անմեղ սերբերի լուսանկարներով դուրս էր եկել փողոցՙ բողոք հայտնելու Միլոշեւիչի ռեժիմի դեմ հաստատակամ պայքար մղած ԱՄՆ պետքարտուղարի դեմ, ում միջամտությամբ ռմբակոծվել էր նաեւ Բելգրադը: «Հասկանում եմ այս բողոքը, բայց մարդիկ նույն հայացքով չեն նայում երեւույթներին, ինչ ես: Մենք պետք է քայլեր ձեռնարկեինք Միլոշեւիչի եւ էթնիկ մաքրազտման դեմ», իր հանձնարարականներն «արդարացրել» է Մադլեն Օլբրայթը:

Բեռլինյան ընթերցասերների հետ գրքի առթիվ կայացած հանդիպման վերջում Օլբրայթը մեծարել է նաեւ Վացլավ Հավելին, հատկապես ընդգծելով, որ «նա մեծ գտնվեց, իր եւ իր ժողովրդի անունից ներում հայցեց 1945-ից հետո հալածված ու սպանված գերմանացիների համար»: «Նա գիտերՙ ինչպես են ներում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ