RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Տեղադրվել է` 2013-04-22 23:46:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Խ.

Քաղաքական դաշտը երեկ շարունակում էր ապրել նախընտրական տրամաբանությամբ:

Նախՙ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության էր հրավիրվել «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը , որը հարցաքննությունից հետո լրագրողներին պատմեց, թե իրեն հարցրել են ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից իրեն բռնության ենթարկելու դեպքի մանրամասների մասին: Մինչ այդ էլ գլխավոր դատախազության շենքի մոտ ժառանգականները, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը, բողոքի ակցիա էին կազմակերպել: Արմեն Մարտիրոսյանին փաստորեն որպես վկայի հարցաքննում են ոչ միայն այդ, այլեւ նույն օրվա առավոտյան գյումրեցիների հետ Երեւան գալուց հետո եւ Բաղրամյան պողոտայով երթով անցնելիս տեղի ունեցած միջադեպի հարցով, երբ ոստիկանները փորձել էին քաշքշուկ ստեղծել: Փաստորեն` ակամա Ա. Մարտիրոսյանի քարոզարշավը լավագույնս կազմակերպում են մեր ոստիկանները եւ ՀՔԾ-ն` Մարտիրոսյանը ցուցմունք, ապա հարցազրույց է տալիս` իրեն բռնության ենթարկած «Բիզոն» մականունով ոստիկանի մասին, ինչով նաեւ լուսաբանումն է լավագույնս ապահովվում:

ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը եւս շարունակում է անմիջական հանդիպումներին զուգահեռ օգտագործել սոցիալական ցանցերը: Սովորաբար նրա գրառումներին սկսում են ռմբակոծելով արձագանքել ՀՀԿ-ականները, բայց այս անգամ նրա սեփական կուսակիցները եւս ստիպված էին երեկ պարզաբանումներ տալ, քանի որ Օսկանյանն այս անգամ գրել էր, թե աշնանային նստաշրջանի սկզբում ԲՀԿ-ն պետք է հայտարարի ընդդիմադիր կուսակցություն լինելու մասին, քանի որ դրանից կշահեն երկիրը, քաղաքական համակարգն ու քաղաքացին: Օսկանյանի կարծիքով` առանց իրեն ընդդիմադիր հռչակելու ԲՀԿ-ն առաջիկա տարիներին չի կարող այդպիսի դերակատարում ստանձնել:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն , օրինակ, երեկ հարկ էր համարել անդրադառնալ այդ գրառմանը եւ նշել, թե ԲՀԿ-ն բաց է որեւէ կարծիք, այդ թվում Օսկանյանի այդ տեսակետը քննարկելու, միաժամանակ չէր զլացել կրկնել, որ քաղաքական ուժի իշխանություն լինել-չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը. ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիային, եւ դրանով ամեն ինչ ասված է, ընդդիմադիր լինելն էլ ոչ թե եվրոպական հանձնարականներով կամ ԱԺ արհեստածին դրույթով է որոշվում, այլ այդ ուժի ներկայացրած քաղաքական օրակարգոով, մի խոսքով... Մի խոսքով` Օսկանյանը չի թողնումՙ ԲՀԿ-աններն ու մյուսները հանգիստ քնեն` անձնական տեսակետներ հայտնելով, իսկ պաշտոնական տեսակետի համար էլ ուրիշներին է տեղ թողնում: Բայց այս ամենն ուղղելի է, ընդամենը մինչեւ մայիսի 6-ը կտեւիՙ հուսանք: Այլապես` իրար պետք է խառնվեն մյուս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չէին ուզենա իրենց ընդդիմադիր լինելու տիտղոսը զիջել որեւէ մեկին եւ հատկապես այսպես կոչված այլընտրանքին:

Համենայն դեպս` Օսկանյանի ասածի շուրջը երեկ իրարանցում էր, իսկ իրարանցումը իսկական քարոզչական տրյուկ է ու այն, ինչ այս պահին պետք է ավագանու ԲՀԿ-ական ցուցակը գլխավորողին: Ու ՀՀԿ-ականներից ոմանք դա հասկացան ու շատ չուռեցրին տեղի ունեցածը` ԲՀԿ պաշտոնական տեսակետ կլինի` կխոսեն: Առանց այդ էլ երեկ Օսկանյանն Աջափնյակում նշել էր, թե Հայոց նորագույն պատմության ճակատագրական փուլն է հիմա, եւ եթե մայիսի 5-ի ընտրությամբ էլ երկրում թեկուզ քաղաքի մակարդակով իշխանափոխություն չլինի, հաջորդ հնարավորությունն ընդամենը կլինի 2017-2018 թվերին:

Դե իսկ ներկայիս քաղաքապետը, ում ուզում են փոխել առնվազն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, երեկ հանգիստ շարունակում էր աշխատել. Երեւանի փողոցներից շատերն ասֆալտահան` սպասում էին նոր ասֆալտին, ինքը` Տարոն Մարգարյանն անցել է էպիստոլյար ժանրին եւ իր ընտրողներին տուն առ տուն, ընտրող առ ընտրող նամակներ է գրում, պատմում, որ ծանոթ է պրոբլեմներին, պետք է աշխատել ու Երեւանը դարձնել ավելի լավը: Տարոնի ԱԺ փոխնախագահ ընկերուհի եւ կուսակից Հերմինե Նաղդալյանն օգնության հասավ մի պահ եւ ասում էր, թե ողջ թիմով, բաց ճակատով են կանգնում ժողովրդի առաջ, քանի որ եւ որպես քաղաքապետ, եւ որպես ավագանի այս տարիներին աշխատել են, պարզերես են` քաղաքի դեմքը լրջորեն եւ էականորեն փոխվել է, բավական գործ է արվել ու քաղաքապետներից յուրաքանչյուրը դրական դեր ունի այս բոլորում: Հերմինե Նաղդալյանը պատասխանում էր ՀՅԴ ավագանու ցուցակից Աղվան Վարդանյանին, որ քննադատել էր ՀՀԿ-ին: «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսը կրող ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրի վրա գրել է«Մեկ անգամ, այս անգամ վստահեք, Ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը»` ծրագրի վեց կետ առաջարկելով հանրությանն իր բուկլետում եւ այս անգամ հուսալով, որ իր ողջ հնարավորությունն է ցույց տալու, իսկ դե ընտրություններից հետո էլ, միասին բոլոր ընդդիմադիրներով իրենց քաղաքապետին են առաջադրելու:

Հեռուստացույցով բարեհամբույր-բարեհամբույր խոսում էր ՀԱԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, թե` իշխանությունը քաղաքացուն, քաղաքային մշակույթն էր ուզում, որ իշխի քաղաքում ու համոզում էր դրա համար ՀԱԿ-ին ընտրել, դեռ դերասան Աշոտ Ադամյանի ձայնն էլ մարդկանց ապրիլի վերջին նշանակված հանրահավաքին կանչեց: Չգիտեմ` ով կգնա, բայց Վահագն Խաչատրյանը հաստատ քաղաքային մշակույթ ունի, բայց դե որ փող չունեն քարոզարշավի` էդ լավ չէ:

Ամեն ինչ այս օրերին դիտվում եւ դիտարկվում է նախընտրական տրամաբանության մեջ` պետդեպի զեկույցից սկսած մինչեւ ամենահասարակ միջոցառումներ:

Հանգստյան օրերին կայքերում լայնորեն քննարկվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանում 2012 թվականին մարդու իրավունքների վիճակի մասին, որտեղ աննպաստ ձեւակերպումներ կային ե՛ւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ե՛ւ երկրում կոռուպցիայի մակարդակի, ե՛ւ բանակի իրավիճակի, ե՛ւ անգամ լրատվամիջոոցների` քաղաքական կարծիքների բազմազանություն չապահովող, օբյեկտիվ չլուսաբան վերաբերյալ: Ու դա վերաուղղվում էր ե՛ւ երկրի նախագահին, ե՛ւ իշխող կուսակցությանը:

Իսկ մենք նշենք, որ ամերիկացիները շարունակում են մնալ իրենց ոճի մեջ` գնահատականների ժամանակն ու ձեւաչափը սովորաբար քաղաքական ենթատեքստերին հարմարեցնելով եւ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին գործարկելով: Ու միգուցե ճիշտ է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, որ ասում է, թե որոշ խնդիրներ որոշակիորեն շեղված են իրականությունից, չնայած հիմնախնդիրներ էլ կան, որոնք գոյություն ունեն: Համենայն դեպս` մինչեւ հիմա պետդեպը լռում էր, ու հենց մաքսային միության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը` հանկարծ պետդեպի խիստ զեկույց դեմ տվեցին:

Դե բա` մինչեւ մայիսի 5-ը հետաքրքրություն չառաջացնե՞ն, քննարկման նյութ չլինի ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար: Պետդեպն էլ էս գործում իր բաժինը պե՞տք է ունենա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ