ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ Ապրիլի 19-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո: Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը : Ելույթներ ունեցան նաեւ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը , Նիդեռլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը եւ Ջոել Ֆորդեվինդը , Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը եւ նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն : Բանախոսները կարեւորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման պայքարի շարունակման կենսականությունը եւ ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը: Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկան Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), «Աբովյան» միության պարախումբըՙ կատարելով «Եղեռն» եւ «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբըՙ Ինես Լեյենի ղեկավարությամբ,, կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»ՙ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: *** Ապրիլի 21-ին, Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգեւոր հովիվ Տարոն քահանա Թադեւոսյանը կատարեց հոգեհանգստի կարգ: Միջոցառման ներկաներին իր խոսքն ուղղեց Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որը, մասնավորապես, անդրադրաձավ հոլանդահայ համայնքի դերին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործումՙ կարեւորելով այդ ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը: |