ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ Canal+ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ Ապրիլի 20-ին ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը հեռարձակեց բացառիկ մի տեսաֆիլմ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմի հեղինակ Ռեմի Վորանոն ամիսներ շարունակ շրջել է Հենրիխ Մխիթարյանի հետքերով, նկարահանումներ է իրականացրել Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել է Ֆրանսիայում, Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում: Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ: Տեսաֆիլմում Հենրիխ Մխիթարյանը, նրա մայրը` Մարինա Թաշչյանը խոսում են Հենրիխի անցած ճանապարհի մասին: Հենրիխ Մխիթարյանին գնահատում են նրա գործընկերները, նրա գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Տեսաֆիլմում օգտագործված են նաեւ արխիվային կադրեր Հենրիխ Մխիթարյանի մանկությունից, Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի անցած ճանապարհից: |