«ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 800 ՀԱԶԱՐ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ» Հ. ՉԱՔՐՅԱՆ Հայտարարել է Թաներ Աքչամըՙ պատասխանելով «Զամանի» հարցերին Թուրքական «Զաման» թերթը ապրիլի 24-ի նախօրեին երկու հարցազրույց է վերցրել: Մեկըՙ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Թաներ Աքչամից, իսկ մյուսըՙ Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուից: Վերջինը «Զամանի» թղթակցին ասել է, որ տեղահանության ընթացքում սպանված հայերի թիվը 8 հազար 500 է: Թաներ Աքչամի կարծիքովՙ սպանված հայերի թիվը 800 հազար է: Տվյալ հոդվածը պատրաստել ենք Աքչամի տեսակետները ներկայացնելու, այլ ոչ թե նրա հետ բանավիճելու համար: Բայց ակնհայտ է, որ Աքչամը հաշվի չի առնում նախքան տեղահանությունը հայաշատ քաղաքներում հայ տղամարդկանց խմբերով քաղաքից դուրս բերելու եւ սպանելու, զորակոչի ենթարկված հայ զինծառայողների աշխատանքային գումարտակներում ոչնչացնելու, զորակոչը նախ 20-45, ապաՙ 15-20 եւ 45-60 տարեկանների նկատմամբ կիրառելու, մինչեւ 15 տարեկան տղաներին իբրեւ բեռնակիր թուրքական բանակին մատակարարելու պատրվակով հավաքագրելու, սովի եւ ցրտահարության մատնելու միջոցով ոչնչացնելու, առավել եւսՙ տեղահանվող տղամարդկանց բնակավայրերից դեռեւս դուրս չեկած քարավանից առանձնացնելու ու մորթելու փաստերը: Համենայն դեպս, հարցազրույցն ամբողջացնում է Աքչամի կարծիքի մասին մեր պատկերացումները, ուստի ուշադրության ենք ներկայացնում կրճատումներով: - Որքա՞ն է 1915-ին տեղահանված հայերի թիվը: - Թալեաթ փաշային վերագրվող եւ «Սեւ կազմով տեղահանության թղթապանակ» կոչվող գրքույկում տեղահանված հայերի թիվը 924.158 է ներկայացվում: Ըստ երեւույթին, փաշան այս գիրքը ավարտել է 1918-ի սկզբներին: Հետեւաբար, դա տեղահանվածների թվի վերաբերյալ ամենաստույգ աղբյուրը պիտի համարվի: Սակայն ներկայացրած ցանկը լուրջ թերություններ ունի: Ցանկում ընդգրկված չեն Ստամբուլից, Էդիրներից, Ալդընից (Իզմիր), Բոլուից, Քասթամոնուից, Չանաքքալեից, Քութահիայից, Ուրֆայից, ընդհանուր առմամբ շուրջ 15 բնակավայրերից աքսորված հայերը: Այս քաղաքներն ավելացնելու դեպքում տեղահանված հայերի թիվը կհասնի 1,2 միլիոնի: - Որքա՞ն սպանվեց տեղահանության ընթացքում: - 1918-ի նոյեմբերին իթթիհատականներին փոխարինող օսմանյան նոր կառավարությունը զոհված հայերի առնչությամբ հանձնաժողով էր ստեղծել: 1919-ի մայիսին հանձնաժողովը հրապարակեց աշխատանքների արդյունքը: Ըստ դրա, սպանված հայերի թիվը 800 հազար է: 1928-ին Առաջին աշխարհամարտի զոհերի մասին գիրք հրատարակեց նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը: Գրքում նշված է. «Պատերազմի տարիներին 800 հազար հայ եւ 200 հազար հույն մահացել են կոտորածի, տեղահանության հետեւանքով կամ աշխատանքային գումարտակներում»: Այս թիվը չի ընդգրկում 1918-ից հետո սովի, համաճարակի, կոտորածի հետեւանքով Կովկասում մահացածներին: Հետեւաբար, սպանվածների ընդհանուր թիվը 1 միլիոնի է հասնում: - Սպանության ի՞նչ մեթոդներ էին կիրառվում: - Առնվազն 4-5 մեթոդ: Առաջինը, որ կիրառվել է առափնյա Տրապիզոն, Սամսուն եւ Օրդու քաղաքներում, հայերին նավակներով ծովում խեղդամահ անելն էր: Երկրորդՙ որոշ տեղերում հայերին սպանել են հենց իրենց գյուղում, առանց տեղահանելու, կամ լցրել են եկեղեցիներ ու ողջակիզել: Երրորդՙ «Թեշքիլաթը Մահսուսայի» ջոկատները եւ քուրդ աշիրաթները նախապես նշված վայրում հարձակվել են քարավանների վրա եւ կոտորած սարքել: Կոտորածներ են սարքել նաեւ Սիրիայի եւ Իրաքի անապատների աքսորավայրերում: Այնտեղ գործել են ժանդարմերիայի ստորաբաժանումներն ու չերքիզական հրոսակախմբերը: 1916-ին Տեր Զորում սպանվածների թիվը ենթադրաբար 200 հազար է, սակայն գերակշռող մեծամասնությունը սովի, ծարավի, համաճարակի եւ կլիմայական պատճառներով է մահացել: - Դուք համոզվա՞ծ եք, որ 1915-ը ցեղասպանություն էր, եւ ինչո՞ւ: - Թուրքիայում շատերն անտեղյակ են, սակայն «ցեղասպանություն» հասկացությունը մեծապես շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության օրինակով: Ռաֆայել Լեմկինը, որ «ցեղասպանություն» հասկացության հայտնաբերողն է, իր հայտնաբերությունը որոշակիորեն պայմանավորել է հայոց ցեղասպանությամբ: Այդ մասին բազմիցս նշել է իր հուշերում: Ինքը նաեւ 1948-ի ցեղասպանության կոնվենցիայի գյուտարարն է, եւ ասում է. «Ես այս հասկացությունն ու օրենքը ձեւակերպել եմ հայերի հետ պատահածը բացատրելու համար»: Մինչդեռ, մենք վիճարկում ենք 1915-ի ցեղասպանությունը, մի՞թե սա տարօրինակ չէ: Կարծում եմ, հիմա արդեն որեւէ օգուտ չի բերի վիճարկելով ժամանակ կորցնելը: Այն շրջանակները, որոնք ուզում են ժխտել 1915-ը, օգտագործում են ժողովրդի անտեղյակությունը: - Ի՞նչ կարծիքի եք թուրքերին սպանելու հայերի ձեռնարկումների մասին: - Վրեժխնդրության այդպիսի գործողություններ տեղի են ունենում զանգվածային յուրաքանչյուր կոտորածներից հետո: Բոլշեւիկյան հեղափոխության հետեւանքով ռուսների նահանջից հետո, 1918 եւ 1919 թթ. որոշ հայ չեթեներ վրեժխնդրության են դիմել Էրզրումի, Երզնկայի եւ Կարսի շրջաններում: Սպանությունն, ինչ խոսք, սպանություն է, սակայն անիմաստ է չեթեների անվերահսկելի գործողությունը համեմատել սեփական քաղաքացիների հանդեպ պետության իրականացրած եւ 1 միլիոն մարդու սպանության պատճառ դարձած գործողությունների հետ, թե սպանությունները փոխադարձ են եղել: 1918-ից հետո իրականացած վրեժխնդրությունը չի կարող հակակշիռը լինել օսմանյան կառավարության սեփական քաղաքացիների նկատմամբ պարբերաբար իրականացրած բնաջնջման գործողությունների: Իթթիհատականներն այս երկրում զուտ էթնիկ եւ կրոնական պատկանելության պատճառով 1 միլիոն մարդ են սպանել: - Ո՞րն է հայկական հարցի լուծումը: - Իմ կարծիքով, ճիշտ կլինի խոսել ոչ թե հայկական, այլՙ թուրքական հարցի մասին: Մենքՙ թուրքերս, նախ պատմական իրողությունների շուրջ խոսել պետք է սովորենք, պետք է զանազանենք պետության անելիքները հասարակության անելիքներից: Հարցը պետական մակարդակով լուծելու հավակնություն ունեցող կառավարությունը նախ ձեւակերպումները պիտի փոխի, պետք է վերջ տա հայերի հանդեպ ատելություն սերմանող հրապարակումներին, անհապաղ պետք է կազմալուծի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող» խորհուրդը, այլապես Թուրքիան ցեղասպանության առնչությամբ չի կարող ոչինչ անել: Երկրորդըՙ սահմանների բացումն է: Քանի դեռ սահմանները փակ են եւ Հայաստանի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, անհնար է լուծել ամեն մի խնդիր: Երրորդՙ պետք է ներողություն խնդրել: Չորրորդՙ անցյալի վնասները պետք է փոխհատուցել, թերեւս անատոլիական արմատներ ունեցող հայերին Թուրքիայի քաղաքացիութուն տրամադրելը փոխհատուցման տպավորիչ քայլը կլիներ, մյուսըՙ հայկական պատմամշակութային արժեքների վերանորոգումն է: Ինչ վերաբերում է հասարակության անելիքներին, օրինակՙ ապրիլի 24-ին Ստամբուլի եւ Անկարայի կենտրոնական մզկիթներում զոհվածների հիշատակին հոգեհանգստի աղոթք կարդալը շատ տպավորիչ կլինի: - Ի՞նչ սպասելիքներ ունեք տեղահանության 100-րդ տարելիցինՙ 2015-ին: - Եթե Թուրքիան լրջորեն չվերանայի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն, Անգլիան եւ Իսրայելը չփոխեն որդեգրած դիրքորոշումները, ապա հազիվ թե յուրահատուկ բան տեղի ունենա: Ներկա պահին որեւէ հիմք չկա ենթադրելու, որ նշված երկրների մոտեցումները փոփոխության կենթարկվեն: Ես կցանկանայի, որ 2015-ին Թուրքիան ձերբազատվեր Ադրբեջանի կապանքներից: Հայաստանյան քաղաքականությունը Ադրբեջանով պայմանավորող, վերջինի պատանդը դարձած Թուրքիան չի կարող ոչ մի հարց լուծել: 2015-ին հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելը թերեւս նրա համար կհանդիսանար պատվաբեր սկիզբ: Հուսով եմ, որ քրդական հարցի լուծման առնչությամբ համարձակ քայլեր կատարող Թուրքիան նույն համարձակությամբ քայլերի կդիմի նաեւ հայոց ցեղասպանության հարցում: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ձերբազատվի Ադրբեջանի կապանքներից: |