RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Տեղադրվել է` 2013-04-22 23:46:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1691, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՊԱՆՐԻ ԴԵՖԻՑԻՏ` ԱՐԴՅՈՔ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ՞ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեղական, մասնավորապես «Լոռի» տեսակի պանրի փաստացի բացակայությունը խանութներում ամենեւին էլ վերջին օրերին արձանագրված երեւույթ չէ: Առնվազն 2 ամիս մայրաքաղաքի խոշոր խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտ է նկատվում: Անցյալ ամիս, երբ այդ մասին հարց ուղղեցինք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, վերջինս հարցին պատասխանելու հանձնարարական տվեց հանձնաժողովի` այդ ապրանքի շուկայով զբաղվող մասնագետին: Փորձագետի բացատրությամբՙ պանրի իրացման ծավալների կրճատումը պայմանավորված է կաթի մթերման գնի թանկացմամբ, ինչն իր հերթին պայմանավորված է սեզոնային գործոնով:

Մի քանի օր առաջ էլ գյուղատնտեսության նախարարությունը անդրադարձավ այս խնդրինՙ պանրի դեֆիցիտը բացատրելով դարձյալ նույն` կաթի գների թանկացմամբ եւ սեզոնային գործոնով: Թեեւ գյուղնախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, բայց խանութներում որեւէ փոփոխություն չի նկատվում: Ամենախոշոր` «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում ընդհանրապես բացակայում է որեւէ ընկերության «Լոռի» պանիրը: Մինչդեռ մի քանի ամիս առաջ ավելի քան 2 տասնյակ արտադրողների «Լոռի» էր վաճառվում: Արդեն ապրիլ ամիսն է վերջանում, երբ, ըստ գյուղնախարարության պարզաբանման, կաթի արտադրության ծավալներն զգալիորեն ավելանում են, մթերման գները նվազում են, իսկ հայկական պանիրը ոչ մի կերպ չի հայտնվում իրացման ցանցում:

Անկախ պաշտոնական պարզաբանումներից, այնուամենայնիվ, հարց է ծագում, ինչպե՞ս կարող է շուկայական տնտեսություն ունեցող երկրում եւ մրցակցային շուկայում, ինչպիսին պանրինն է, դեֆիցիտ արձանագրվի: Ի՞նչ է տեղի ունենում այստեղ: Բանն այն է, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պարզապես չեն ցանկանում պանիր արտադրել հիմա: Այլապես, եթե արդեն այս ամսից կաթի մթերման ծավալներն ավելանում են, գները նվազում, իսկ կաթնամթերքի այլ տեսակների պահանջարկն էլ սկսում իջնել, ինչո՞ւ չպետք է սկսեին պանիր արտադրելը: Ամենայն հավանականությամբ, հերթական հակամրցակցային համաձայնությունն է պատրաստվում պանրի շուկայում: Չնայած այս շուկայում չկա գերիշխող դիրք, բայց կան 2-3 խոշոր ընկերություններ, որոնք կարող են միաժամանակ սկսել պանիր արտադրելը` կտրուկ բարձրացնելով իրենց արտադրանքի գները, ինչի կհետեւեն մյուս արտադրոները: Հիշեցնենք, որ այդպես եղավ 2010-ի աշնանը: Այն ժամանակ նման վարքագծի համար տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չկարողացավ տուգանել գների չհիմնավորված բարձրացումը նախաձեռնած ամենախոշոր ընկերությանը: Գուցե դա ոգեշնչե՞լ է պանիր արտադրողներին, եւ նրանք հերթական անգա՞մ են ցանկանում նման ձեւով վարվել, դարձյալ խուսափելով տուգանքներից: Կհաջողվի՞ դա նրանց այս անգամ էլ: Պարզ կլինի որոշ ժամանակ անց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ