«ՁԵՎԱՎՈՐՎԵԼԻՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՈԼՈՐԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ» Ի. Պ. Կարծում է ՀՀԿ պատգամավորը ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքական մրցակցության հանգամանքն ապահովված է, քանի որ ընտրություններին մասնակցում են խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը: ՀՀԿ պատգամավորի խոսքով` ոչ բնական ու ոչ օրինաչափ է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը չեն մասնակցում համապետական ընտրություններին. «Ինձ համար դա անհասկանալի է, թե ինչու քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին մասնակցում կամ չեն մասնակցում` ելնելով սեփական ղեկավարի հայեցողությունից կամ մտավարժանքի կարողության աստիճանից»: Սամվել Ֆարմանյանը տարվող նախընտրական քարոզարշավը, ընդհանուր առմամբ, գնահատում է դրական ու գտնում, որ ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու: Իսկ ձեւավորվելիք կառավարությունից, ըստ Սամվել Ֆարմանյանի, բոլորը սպասելիքներ ունեն: «Նոր կառավարությունը պետք է արդարացնի ե՛ւ հանրապետության նախագահի ե՛ւ հանրության վստահությունը: Կառավարության գործողութունները պետք է միտված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, վարչարարության նվազմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիայի կրճատմանը, նաեւ տնտեսական մենաշնորհների եւ հովանավորչության վերացմանը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Ֆարմանյանը` շեշտելով, որ կառավարության գործողությունները պետք է նաեւ միտված լինեն արտագաղթի նվազմանը: «Այսօր բոլորը, այդ թվում եւ ես, մտահոգված ենք, որ նվազեցվի արտագաղթը, եւ այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հասարակության համար տեսանելի ու շոշափելի քայլեր, պետք է վարել նաեւ կադրային ճիշտ քաղաքականություն», հավելեց ՀՀԿ պատգամավորը: |