RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1908, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶԻ ԱՅԳՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ոչ այդքան հեռու ժամանակներում այսօրվա, օրինակ, ալկոհոլային կամ թմրամիջոցներից կախվածություն ունեցողների հոգեբանական ակումբների փոխարեն, երբ վերջիններս, ի դեպ, իրենց արդիականությունը կորցրած կլինեն, հավանաբար կբացվեն նորերը: Ասենքՙ «Հնաոճ տղամարդկանց հոգեբանական ակումբ», որիՙ գլխարկները թեւերի տակ ու գլխիկոր անդամները ամեն օր հասարակության քննադատող հայացքների ներքո կգան ակումբ, որը կլինի քաղաքի մի անշուք ծայրում ու կկանգնեն խմբի առջեւՙ անելով հետեւյալ խոստովանությունը. «Ես տղամարդ եմ, ինձ դուր են գալիս կանայք»: Նման տղամարդիկ այլեւս կկոչվեն հնաոճ ու հոգեբանական օգնության ենթակա:

Բայց մինչ այդՙ ոչ այնքան հեռու ժամանակները, մի քանի օր առաջ, Ուրուգվայը դարձավ կաթոլիկ մեծ ավանդույթներ ունեցող Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը ընդունեց միասեռականների ամուսնության օրինականությունը: Հիշեցնենք, որ միասեռականները կարող են օրենքով ամուսնանալ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում ու քաղաքներում, օրինակՙ Նյու Յորքում... ահա նաեւ Ուրուգվայում: Չի բացառվում, որ Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը հենց այսՙ «բազմազանության արշավի» պատճառով նաեւ որոշեց հրաժարվել սրբազան գահից, ու այս համատեքստում, ուշագրավ է, Լատինական Ամերիկայից նոր պապի ընտրվելուց հետո միասեռականների ամուսնությունների օրինականությունը ճանաչեց առաջին լատինո երկիրը:

Առհասարակ, միասեռականների հարցին կարելի է մոտենալ տարբեր տեսանկյուններից, օրինակ, որ միասեռականությունը հիվանդություն է, անգամ վարակ, կախվածություն... Բայց բոլոր պարագաներում, միասեռականությունըՙ նորմալ չէ: Այսինքն, եթե մարդըՙ անկախ սեռից, ունի առաքելություն, իսկ այդ առաքելությունը նա ստանում է ծնվելով, ապա միասեռականների ամուսնության պարագայում ոչ մի ծնունդ չի ստացվում, գոնե նորմալ ճանապարհով: Իհարկե, միասեռական ամուսինները կարող են երեխաներ որդեգրել, դրանով իսկ լուծել սոցիալական լուրջ խնդիր, դաստիարակել նրանց ու ընտանեկան երջանկությամբ ոչնչով չզիջել նորմալ ամուսնական զույգերին ու ընտանիքներին, բայց բնության մեջ միասեռականների միությունն առհասարակ նշանակում է ծնունդի ավարտ, իսկ սա նորմալ չէ...

Նորմալ չէ նաեւ այն, որ մենք փողոցում տեսնում ենք միասեռականի ու հարձակվում վերջինիս վրա հենց միայն այն պատճառով, որ տղան «մի տեսակ է»: Սա, անշուշտ, կոչվում է բռնություն, ու գիտեք, ոչ թե միասեռականի վրա, այլՙ մարդու: Այլ հարց է, թե ինչ է անում միասեռականը փողոցում, ասենք, նա քայլում է պարզապես, թե, օրինակ, միտինգ է անում, ընդ որում, եթե անգամ այդ միտինգը կոչվում է «Ընդդեմ միասեռականների ճնշումների», ակնհայտորեն այդ միտինգները լուրջ գովազդ են միասեռականների համար: Պատահական չէ, որ այսօր աշխարհում ավելի շատ միասեռականներ կան, քան տասը տարի առաջ: Այս առումով նշանակությում ունի եւ այն, որ շատ երկներ ավելի հանդուրժողական են դարձրել իրենց օրենսդրությունը միասեռականների հանդեպ, կամ հասարակությունների ներսում ընկալումն է փոխվել, այդ պատճառով էլ միասեռականները շատ երկրներում համարձակորեն հայտարարում են իրենց սեռական կողմնորոշման մասին: Ու այնպես է ստացվել, որ այսօր ոչ այնքան միասեռականների դեմ է օրենք խախտվում, որքան միասեռականներն են իրենց իրավունքները պաշտպանելու անվան տակ սահմանափակում ուրիշների իրավունքները: Օրինակ, մի քանի օր առաջ ֆրանսիացի մի տարեց տղամարդ, ով նաեւ մեծ ընտանիքի հայր է, դուրս էր եկել զբոսնելու Փարիզի այգիներից մեկում: Սակայն ոստիկանները նրան ձերբակալել ու բաժին են բերել: Բանն այն է, որ տղամարդու վերնաշապիկի վրա պատկերված է են եղել հայր, մայր ու երկու երեխաներ, այսինքնՙ նորմալ ընտանիքի նկար: Ոստիկանները սա գնահատել են որպես «սեռական փոքրամասնություններին վիրավորանք» ու բաժանմունքում մի քանի ժամ քննելով տղամարդունՙ նրանից գանձել են մի քանի հազար եվրո վարչական տուգանք ու բաց թողել: Տղամարդու հետ նույն մեղադրանքով բաժանմունք են բերվել ու կրկին վարչական տույժի ենթարկվել տասը հոգի եւս: Այդուհանդերձ, նկատենք, որ հիշյալ նկարըՙ հայրը, մայրը ու երկու երեխաներն իրար ձեռք բռնած, ֆրանսիականՙ «Հռչակագիր բոլորի համար» (le Manif pour tous) միասեռականների ամուսնությունն օրինականացնող օրենքի դեմ պայքարի համար ստեղծված կազմակերպության պաշտոնական լոգոն է, հետեւաբար փարիզյան ոստիկանական բաժանմունք բերված տղամարդու վերնաշապիկի վրա հենց այս կազմակերպության լոգոն է եղել, ինչն, անշուշտ, չի նշանակում, որ տղամարդը պարտավոր էր իմանալ այդ մասին, կամ, եթե անգամ իմացել էր, չպետք է կրեր:

Տարօրինակ է, թե ինչու Փարիզի այգում չի կարելի քայլել նորմալ ընտանիքի պատկերով, բայց քեզ ոչ ոք ոչինչ չի ասի, եթե դու միասեռականների ընտանիքի պատկերով վերնաշապիկով շրջես, հակառակըՙ կպաշտպանեն, որ որեւէ մեկը քեզ որեւէ բան չասի: Կամ, օրինակ, Ստալինի, Հիտլերի նկարներով վերնաշապիկ կրելու համար աշխարհի ոչ մի քաղաքում քեզ ոստիկանության բաժանմունք չեն բերի... Ստացվում է, որ նորմալ ընտանիքի պատկերի հրապարակայնացումը հակաօրինական գործողություն է Փարիզում, ու հարց է առաջանում, թե ինչու Փարիզի ու աշխարհի այլ շատ քաղաքների այգիներից չեն ձերբակալում բոլոր այն հայրերին, մայրերին ու իրենց երեխաներին, որոնք իրար ձեռք բռնած, դեռ շնիկն էլ չհաշված, զբոսնում ենՙ այդպիսով, փաստորեն «վիրավորանք հասցնում սեռական փոքրամասնություններին»:

Ինչ վերաբերում է ոչ այնքան հեռու ժամանակների «Հնաոճ տղամարդկանց հոգեբանական ակումբին», ապա դա կատակ էր, անշուշտ... Հուսով ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ