ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԷՐ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՍ-ԼՈՒՆԳԱ» ԴՈՒԵՏԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ [201306513.jpg] Ապրիլի 19-ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Արս Լունգա» դուետի մենահամերգը, որը կազմակերպել էին Վիրահայոց թեմը եւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգին ներկա էին Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Հայ եկեղեցու հոգեւոր սպասավորներ, Թբիլիսիի հայ մտավորականության եւ հասարակայնության ներկայացուցիչներ: «Արս Լունգա» դուետը Արամ Թալալյանի (թավջութակ) եւ Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր) կազմով իր ստեղծման օրից ակտիվորեն ընդգրկված է Հայաստանի երաժշտական կյանքին, հրավերներ է ունեցել հեղինակավոր արտերկրյա երաժշտական կազմակերպություններից, մասնակցել միջազգային մրցույթների եւ փառատոների: Բացելով միջոցառումը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետեւ խոսքը փոխանցեց Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանին, ով երախտագիտություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին եւ երկրներին, որոնք ընդունել են Հայոց մեծ եղեռնը եւ հորդորեց շարունակել համազգային պայքարը միջազգային ասպարեզում սույն ոճրագործության ճանաչման եւ դատապարտման համար: Պահանջատիրոջ իրավունքով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար պայքարը շարունակելուն էր ուղղված Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի ելույթը: Դահլիճում ստեղծված մթնոլորտը միանգամայն համահունչ էր «Արս Լունգա» դուետի մենահամերգին: ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի եւ միջազգային մրցույթների եւ փառատոների մասնակից Ջուլիետա Վարդանյանի բարձրարվեստ կատարմամբ հնչեցին Ռոբերտ Շումանի, Սուլխան Ցինցաձեի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեծագործությունները: Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը հիշեց ցեղասպանության զոհերին, ընդգծելով, որ նմանատիպ համերգները հայի խոնարհումն է զոհերի հիշատակի առջեւ: Վիրահայոց համայնքում շարունակվում են Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: |