RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1667, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԴԵՊԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻ»

ՀԱԱՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ Թուրքիան հայտարարել է, որ 2015-ինՙ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին աշխարհն ականատես է լինելու «Հայկական ցունամիի», սակայն այս առնչությամբ Հայաստանում եւ դրսում ապրող բազմաթիվ գիտնականներ ու ցեղասպանագետներ կարծիք են հայտնում, որ հայկական կողմը դեռեւս լուրջ եւ մշակված քայլեր չի ձեռնարկվում, եւ համաժողովների, ծառատունկերի ու գրքի շնորհանդեսներով հնարավոր չէ ցունամի կազմակերպել:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբՙ հայկական կողմն ամբողջությամբ չի պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նա ցեղասպանության ճանաչումը բաժանում է չորս փուլիՙ միջազգային ճանաչում, Թուրքիայի ճանաչում, հատուցում եւ տարածքային պահանջներ: Սակայն այս փուլերի վերաբերյալ հայկական կողմը միասնական դիրքորոշում չունի: Շաքարյանը նաեւ ուշացած է համարում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետական հանձնաժողովի գործունեությունը: Ըստ թուրքագետիՙ ոչ թե չորս տարի առաջ պետք է ձեւավորվեր այդ հանձնաժողովը, այլՙ 10, որպեսզի կարողանար շատ լուրջ եւ համապարփակ նախապատրաստվել միջոցառմանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը համակարծիք է: Նա շեշտում է, որ հաճախ ցեղասպանության վերաբերյալ համաժողովները լավ կազմակերպված չեն լինում: Օրինակ, վերջերս Երեւանում կայացած համաժողովի մասին իրեն ու մի շարք այլ թուրքագետների ու ցեղասպանագետների տեղյակ են պահել մի քանի օր առաջ, երբ արդեն հնարավոր չէր զեկուցում պատրաստել:

«Ստամբուլը դեռ Թուրքիա չէ, որքան էլ հայտարարենք, որ տասը տարի առաջվա Թուրքիան այսօրվանը չէ, եւ այսօր մարդիկ կարողանում են արտասանել ցեղասպանություն բառն ու դրա համար բանտ չեն նստում, սակայն Ստամբուլից դուրս, կյանքն այլ է, եւ այնտեղ ինֆորմացիոն հսկայական սով կա», ասում է Շաքարյանը «Մեդիա կենտրոնում» կայացած հանդիպում-քննարկմանը:

«Ի տարբերություն Հայաստանի, որտեղ facebook-ը շատ հայտնի է եւ համարվում է քաղաքական հարթակ, Թուրքիայում առավել հայտնի է Twitter միկրոբլոգը, եւ անհրաժեշտ է նաեւ այդ միկրոբլոգի հնարավորություններն օգտագործել», ասաց Շաքարյանըՙ հավելելով, որ պետք է ամեն միջոցի դիմել պատմական ճշմարտությունը թուրք հասարակությանը ներկայացնելու համար:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը չպետք է համարվի ինչ-որ բանի վերջ, մենք հոգեբանորեն չպետք է պատրաստվենք, որ եթե չհասնենք հաջողության, ապա հոգեբանորեն ճնշվենք: 100-ամյա տարելիցը համայն հայության ուժերի ստուգատես անցկացնելու հնարավորություն է, նոր հանգրվան, մեր ուժերը կրկին վերախմբավորելու, վերադասավորելու եւ համազգային հաշվառում անելու կարեւոր հանգրվան»: Գնահատականը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանինն է:

Ի՞նչ ենք անելու եւ ի՞նչ պետք է ձեռնարկվի հարյուրամյակի նախաշեմին եւ արդյոք պե՞տք է հայկական կողմը դիմի միջազգային դատարան ցեղասպանության հարցը իրավական ճանապարհով ճանաչելու համարՙ հարցերի պատասխանը կտրվի մայիսի 30-ինՙ ցեղասպանության պետական հանձնաժողովի երրորդ նիստում: «Ինչ-որ փաթեթ պետք է պատրաստվի, որով Հայաստանի Հանրապետությունըՙ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է հանդես գա որպես իրավատեր, եւ հավանական է նաեւ հայց ներկայացնի ընդդեմ Թուրքիայի», ասաց Դեմոյանըՙ հավելելով, որ սա սկզբունքային հարց է Հայաստանի համար: Լինելով պետական հանձնաժողովի քարտուղարՙ Դեմոյանը նշում է, որ հանձնաժողովի նիստերում անգամ լոգոյի, նշանաբանի կամ որեւէ այլ փոքրիկ հարցի քննարկումը վերածվում է բանավեճի, եւ մեծագույն դժվարությամբ են գալիս մեկ ընդհանուր հայտարարի:

Դեմոյանը հիշեցնում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման լավագույն տարբերակներից մեկը աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում Հայոց ցեղասպանության թանգարաններ բացելն է: Հրեաներն աշխարհում Հոլոքոսթին նվիրված մի քանի տասնյակ թանգարաններ ունեն: Հայաստանը ոչ մի հատ չունի: Ավելին, եզակի դեպքը, երբ Վաշինգտոնում պետք է բացվեր Հայոց ցեղասպանության թանգարան, ավարտվեց սկանդալով եւ դատական քաշքշուկով:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ հավաստիացնում է, որ հայ եւ թուրք գիտական շրջանակները Հայոց ցեղասպանության հարցում համեմատության եզրեր չունեն, քանի որ հայ գիտնականները հիմնվում են փաստերի վրա եւ տալիս օբյեկտիվ գնահատականներ, իսկ թուրք գիտնականների գրածները միջազգային հարթակներում լուրջ կասկածանքի են ենթարկվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ