ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ Հ. ՉԱՔՐՅԱՆ «Ազգի» վերջին համարներում հարկ ենք համարում մատնանշելու, որ հայատյացությունը անասնական բնազդ է դարձել թուրք հրոսակի համար: Ըստ երեւույթին, ադրբեջանական հրոսակը առատաձեռնորեն ֆինանսավորում է այդ բնազդով տառապող եղբայրակցին, որ լկտիությունն էլ նրա համար դարձել է առանձնահատկություն: Հայատյացության եւ լկտիության պարագայում խնդրո առարկան «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն է: Ապրիլի 21-ին նա հայտարարություն է արել կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությանը, ասելով. «1915-18 թթ. այս շրջանների (Թուրքիայի արեւելյան) քաղաքներն ականատես եղան հայերի իրագործած ջարդերին: Ներկա պահին Իգդիրում բացման է սպասում զանգվածային երեք գերեզմանոց: Եթե մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը գումար հատկացնի, ապա կսկսենք պեղումները: Վաղը, ժամը 11.00-ին Հայաստանին սահմանակից Ալիջան գյուղում «Բոլորս Մեհմեդչիկ ենք (թուրք զինվորի ընդհանրական անունն է), բոլորս ղարաբաղցի» կարգախոսով հանրահավաք ենք կազմակերպում, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրենք 1915-18 թթ. իրադարձությունների վրա: Հենց Հայաստանի սահմանին հանրահավաք կազմակերպելու մեր նպատակը համաշխարհային հասարակական կարծիքի վրա ազդելն է: Հայ ավազակախմբերը զանգվածաբար ջարդել են մեր անմեղ ու անզեն նախնիներին: Հանրահավաքին Թուրքիայի տարբեր վայրերից եւ Ադրբեջանից բազմաթիվ մասնակիցներ կլինեն»: |