RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013



Խոհեր

Տեղադրվել է` 2013-04-22 23:46:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1444, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայերի ցեղասպանության 100-ամյակը սարերի հետեւում չէ: Ընդամենը երկու տարի է մնացել համապատասխան ծավալներով նշելու հիշատակությունը այն հսկայական ողբերգության, որը մեզանից խլեց ոչ միայն մեկուկես միլիոն մարդկային կյանքեր, այլեւ 3000-ամյա մեր հայրենիքը: Կորուստներին պետք է ավելացնել նաեւ ձուլված կամ արմատներից հեռացած հայերի մի քանի սերունդներ:

Ժամանակ առ ժամանակ հայկական որոշ լրատվամիջոցներում մենք հանդիպում ենք հրապարակումների առ այն, որ 2015-ին սպասվում է մի «ցունամի», որը թուրքերին վախեցնելու է եւ նոր էջ է բացելու հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Ճիշտ է, Հայաստանում կատարվում են որոշակի աշխատանքներ եւ սփյուռքի շատ համայնքներում էլ կազմավորվում են 100-րդ տարելիցի պատշաճ հիշատակության հանձնախմբեր: Սակայն ոչ մի ցնցող իրադարձություն կարծես թե չի ծրագրվում: Խայտառակություն է լինելու, եթե 100-ամյակի հիշատակումները սովորական ծրագրեր լինեն, շատ նման այն միջոցառումներին, որոնք ամեն տարի անցկացվում են Հայաստանում եւ սփյուռքի հայահոծ ու աշխույժ համայնքներում:

Որեւէ լուրջ, տպավորիչ ու ցնցող միջոցառում կազմակերպելու համար երկու տարուց ավելի ժամանակ է անհրաժեշտ:

Հայկական ծագում ունեցող համաշխարհային հռչակ վայելող արվեստագետների համադրմամբ ոչ մի գլխավոր ձեռնարկ չի նախատեսվում անցկացնել նշելու համար հայ ժողովրդի վերապրումն ու վերագոյատեւումը այնպիսի մեծ ու տպավորիչ մայրաքաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Մոսկվան, Փարիզը կամ Երեւանը: Չի նախատեսվում, որովհետեւ հսկայական ծախսերի հետ է կապված, որը ոչ մեկ կազմակերպություն, հաստատություն կամ անհատ բարերար չի նախաձեռնում իր վրա վերցնել:

Աշխարհի շատ մայրաքաղաքներում հուշակոթողներ ենք բարձրացրել, երբեմն նույնիսկ տեղանքի շուրջը բանակցելով: Այդ հուշակոթողներից ամենատպավորիչը եւ ամենապերճախոսը լինելու էր Մ. Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում վեր խոյացող Հայոց ցեղասպանության թանգարանը, որը խորհրդանշական կառույց լինելուց բացի, նաեւ քաղաքական կոչ էր հղելու աշխարհին: Ցավալի է, որ 100-ամյակից ընդամենը երկու տարի առաջ այդ թանգարանը դեռեւս «պատանդ» է երկու հակառակորդ խմբավորումների ձեռքերում: Արդարացի կլինի, անկասկած, մտածել, որ ծրագիրը զոհ է դարձել քաղաքական որոշակի մի դավադրության: Թուրքիայի կառավարությունն ամեն ինչ կաներ, որ այդ թանգարանը ընդհանրապես անհետանար մայրաքաղաք Վաշինգտոնի այդ աչքի ընկնող վայրից: Առայժմ այդ ցանկությունը նրան ձրի պարգեւում են երկպառակչական մոլուցքով տառապող հակադիր կողմերը:

Մի բնագավառ, որտեղ մենք հաջողություններ ենք արձանագրել, եղել է ակադեմիականը: Եվ այստեղ է, որ ծավալվում է գլխավոր պայքարը ցեղասպանության զոհերի եւ այն կազմակերպողների ու իրագործողներին հետնորդների միջեւ: Համաշխարհային ճանաչման արժանացած 120 ցեղասպանագետներ հեղինակավոր «Նյու Յորք թայմս» թերթում փայլուն ու ազդեցիկ մի հաղորդագրություն են ստորագրել, տեղ չթողնելով ոչ մի տեսակի հերքման: Սակայն Թուրքիայի կառավարությունը շարունակում է գնել կաշառակեր գիտնականների, որպեսզի առաջ տանի ժխտման իր որդեգրած գիծը:

Ակադեմիական մակարդակի հատորների հրապարակման գործում հայկական դատը մեծ աջակցություն է ստանում օտարազգի հեղինակավոր մասնագետներից, այլապես այդ դատի քննարկումները կմնային ասեկոսեների մակարդակին, ինչ որ թուրք իշխանությունների նպատակն է:

Կա նաեւ բացարձակ կարեւոր մի զարգացում եւս: Այն, որ թուրք հարգարժան գիտնականներ միացել են այդ գործընթացին:

Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի ղեկավարները փորձաքայլեր են կատարումՙ մոլորեցնելու համար միջազգային հանրությանը: Նրանք առաջարկում են ստեղծել համատեղ հանձնախմբերՙ «ուսումնասիրելու համար հարցի երկու կողմերը», մինչդեռ այդ հարցը երկու կողմ կամ երկու մոտեցում չունի, եւ չի կարելի պատկերացնել մի որեւէ այլ կոնտեքստում: Ոչ ոք, օրինակի համար, չի առաջարկել, որ համատեղ հանձնախմբեր կազմվեն քննարկելու համար հրեական Հոլոքոսթի «հակասական» տեսակետները:

Թուրք ղեկավարները նախօրոք քաջատեղյակ են նման հանձնախմբերի եզրահանգումներին: Վարչապետ Էրդողանը համատեղ հանձնախմբեր ստեղծելու առաջարկը ներկայացնելով, անմիջապես նաեւ հայտարարում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունեցել ոչ թուրքական, ոչ էլ օսմանյան պատմության մեջ:

Բարեբախտաբար, ոչ ոք, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում, ընդառաջ չի գնում այդ առաջարկին: Բայց միջազգային քաղաքական ասպարեզում Թուրքիայի հետզհետե աճող վարկանիշը ազդում է նույնիսկ այն երկրների վրա, որտեղ հայկական լոբբիստական խմբերը ակտիվ են: Նախագահ Օբաման, որ հետ կանգնեց իր նախընտրական խոստումից, լավ օրինակ է ասվածի համար:

Մեծ թվով հայեր, որոնք հավատացած էին, որ նախագահ Օբաման օժտված է բարոյական հատկանիշներով, այժմ գիտակցում են, որ ինչպես իր խորհրդատու Սամանթա Փաուերը եւ այլ պետական գործիչներ, ինքն էլ խրված է քաղաքական ուժի հորձանուտներում, մոռանալով բարոյականության մասին:

Ոչ մի հայ այլեւս չի ակնկալում, որ նա ցեղասպանություն եզրը կօգտագործի իր տարեկան ելույթի ժամանակ այս տարի, հաջորդ տարի կամ 2015 թվին: Հայաստանին տրամադրվող օգնության 40 տոկոսի նվազեցումը անուղղակիորեն նպաստում է Հայաստանին ոչնչացնելու թուրք-ազերի ջանքերին:

Վիրավորանքին անարգանք ավելացնելովՙ նախագահը զինվորական օգնության հարցում հավասարություն է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, շրջանցելով Ազատության պաշտպանության օրենքի 9-րդ հոդվածը, որն արգելում է որեւէ զինվորական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, հաշվի առնելով նրա կառավարության ռազմատենչ քաղաքականությունը:

Դժբախտաբար մենք նահանջել ենք նաեւ Ֆրանսիայումՙ հակառակ ֆրանսահայ գաղութի գործադրած անվեհեր ջանքերին: Նախագահ Օլանդը խոստացել էր այնպիսի իրավական լեզվով շարադրել այս անգամ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւը, որ հնարավոր լիներ անցկացնել ֆրանսիական խորհրդարանում, սակայն որոշ վստահեցումներից հետո նրա արտգործնախարարը սուսուփուս փակել է այդ հարցը, նշելով, որ Գերագույն դատարանն արդեն մի անգամ արձակել է իր վճիռն այդ հարցում:

Մյուս կողմից, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ավելի լավ վիճակում չէ: Թուրքիայի հետ նրա երկկողմանի առեւտրական շրջանառությունը մոտենում է տարեկան 100 միլիարդ դոլարի եզրագծին, որից կողմերից ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի ցանկանում հրաժարվել, չնայած քաղաքական հարթություններում նրանք համախոհներ չեն: Ռուսաստանը Սիրիայում Ասադին է զինում, մինչդեռ Թուրքիանՙ վարձկան ընդդիմադիրներին, որպեսզի տապալի կառավարությանը: Վերջին շրջանի քաղաքական շփումները Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ցույց են տալիս երկու կողմերի միջեւ հաշտեցման եզրեր: Եվ չնայած Ռուսաստանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը, այդուհանդերձ Պուտինը կարծես չի աջակցում դրա միջազգային ճանաչմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, իր հերթին, սփյուռքահայությանն է թիրախ դարձրել: Նա քանիցս կրկնել է, որ Բաքվի համար առաջին թշնամին սփյուռքահայությունն է: Տեսնելով հայրենիքի եւ սփյուռքի միջեւ սեպ խրելու թշնամու նկրտումները, մենք պարտավոր ենք համախմբվել եւ մի ամրակուռ բազուկ դառնալ ընդդեմ թշնամու:

Բայց ի՞նչ ենք անում մենք փոխարենը: Ներփակված մեր սուղ հնարավորությունների սահմաններում եւ անկարող լինելով դիմակայել աշխարհի հզոր ուժերին, մենք վտանգի ենք ենթարկում Հայաստանի ներկան եւ ապագան, ձեւացնելով, որ պաշտպանում ենք ժողովրդավարությունն այնտեղ: Եթե Հայաստանի գոյությունն է վտանգված, ժողովրդավարությունը սոսկ «պարապ վախտի խաղալիք» կարող է լինել:

Ցեղասպանության 100-ամյակը սարերի հետեւում չէ, բայց կարծես ուժեղագույն համապատասխան քայլերի հեռանկարները դեռեւս անտեսանելի են: Թուրքիան իր քաղաքական եւ ֆինանսական ամբողջ միջոցներն օգտագործում է կանխելու համար որեւէ ալեվետ տատանում միջազգային թատերաբեմում:

Ինչքան էլ լավատեսությամբ տոգորվենք, կյանքի իրական փաստերը մեր դեմ են գործում: Նման պայմաններում ոչ մի «ցունամի» էլ չի ձեւավորվում հորիզոնում: Գուցե ընդամենը մի թեթեւ քամիՙ մխիթարելու համար մեր այրած սրտերը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #65, 23-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ