«ՇԱԽՏՅՈՐԻ» ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» կարող էր ժամկետից շուտ գրանցել իր հերթական չեմպիոնությունը: Սակայն Դնեպրոպետրովսկում «Դնեպրի» հետ կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: Ընդ որում «Շախտյորը» հաշիվը հավասարեցրեց 11 մ հարվածի շնորհիվ, որն անվրեպ իրացրեց Դարիո Սռնան: Ի դեպ, «Շախտյորի» ավագը խոստովանել է, որ 11 մ հարվածն առաջարկել էր իրացնել Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս հրաժարվել էր: Հիշեցնենք, որ վերջերս տված հարցազրույցում Հենրիխը նշել էր, որ ցանկանում է իր բոլոր գոլերը խփել խաղային իրադրություններում: «Շախտյորն» Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում առաջին անգամ խաղն ավարտեց ոչ-ոքի: 25 խաղում թիմը 70 միավոր է վաստակել: 2-րդ տեղում ընթացող Խարկովի «Մետալիստն» ունի 55 միավոր: Հենրիխ Մխիթարյանը 22 գնդակով շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: 16 գոլի հեղինակ է դարձել Կիեւի դինամոյական Բրաուն Իդեյեն: |