ԱՐՈՆՅԱՆԸ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ Փարիզում մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը տհաճ անակնկալ մատուցեց հայ մարզասերներինՙ սեւերով պարտվելով չինացի գրոսմայստեր Դին Լիժենին: Մրցաշարը պարտությամբ սկսեց նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով զիջեց Մայքլ Ադամսին: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկը հաղթանակով մեկնարկեցՙ առավելության հասնելով Նիկիտա Վիտյուգովի նկատմամբ: Մնացած 2 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Լորան Ֆրեսինետը, Պյոտր Սվիդլերն ու Բորիս Գելֆանդը: Երեկ կայացած մրցաշարի 2-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճն էր: Հայ շախմատիստը վերելքով անցկացրեց պարտիան եւ 52-րդ քայլին ստիպեց մրցակցին ընդունելու պարտությունը, որը Կրամնիկի համար առաջինն էր: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Մայքլ Ադամսը, որը պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին: Այդ հաղթանակի շնորհիվ Ադամսը 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 1,5 միավորով 2-րդ տեղում Մաքսիմ Վաշիե-Լագրավն է, որը պարտության մատնեց մեկնարկային տուրում Արոնյանին տհաճ անակնկալ մատուցած Դին Լիժենին: Վիտյուգով-Անանդ, Ֆրեսինետ-Գելֆանդ պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Արոնյանը Լիժենի, Կրամնիկի, Գելֆանդի ու Ֆրեսինետի հետ վաստակել է 1 միավոր: Կեսական միավորով աղյուսակը եզրափակում են Անանդը, Սվիդլերն ու Վիտյուգովը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Վիշվանաթան Անանդի եւ Լեւոն Արոնյանի մրցախաղը, որում հայ շախմատիստը խաղալու է սեւ խաղաքարերով: Առաջատար Ադամսը սեւերով կմրցի Գելֆանդի հետ: Մրցաշարի առաջին 5 տուրերի հանդիպումները կանցկացվեն Փարիզում, որից հետո շախմատիստները կուղեւորվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ կկայանան ավարտական 4 տուրերի մրցախաղերը: |