12 ՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՃԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ` ՄՈՏ 5 ԱՆԳԱՄ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ինչպիսի՞ն կլինեն արտաքին առեւտրի ցուցանիշները եւս 12 տարի հետո Հայաստանի նման փոքր եւ սահմանափակ հնարավորություններով շուկա ունեցող երկրի համար զարգացման գրավականն արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացումը եւ արտահանման ծավալների ավելացումն են: Այս առումով հետաքրքրական է, թե ի՞նչ փոփոխություններ են կրել մեր արտահանման ծավալները անցած 12 տարիների ընթացքում, ի՞նչ հարաբերակցություն ունեն ներմուծման ծավալների հետ եւ ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում: 2000-ից, երբ Հայաստանը աստիճանաբար սկսեց վերականգնվել 90-ականների փլուզումից հետո, արտահանվել է 300 մլն դոլարի ապրանք: 7 տարի հետո այդ ցուցանիշն աճեցՙ հասնելով 1 մլրդ 152 մլն դոլարի: Սակայն հաջորդ 2 տարիներն արտահանման ծավալները նվազեցին: Ընդ որում 2009-ին կազմեց 710 մլն դոլարՙ հասնելով 2004-ի ցուցանիշին: Դա պայմանավորված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, երբ ոչ միայն նվազեցին արտահանվող ամենամեծ ապրանքախմբի` մետաղների ծավալները, այլեւ դրանց գները միջազգային շուկաներում: Այդուհանդերձ, 2010-ին արտահանումը դարձյալ կրկին կտրուկ աճեց, ինչն այս անգամ էլ հիմնականում պայմանավորված էր միջազգային շուկայում մետաղների գների բարձրացմամբ ու նաեւ դրանց արտահանման ծավալների ավելացմամբ: Արտահանման աճի միտումը շարունակվեց նաեւ 2011-ին եւ 2012-ին: Անցյալ տարի Հայաստանից արտահանվել էր 1 մլրդ 428 մլն դոլարի արտադրանք: Ընդ որում, ավելացել էին նաեւ այլ ճյուղերի, հիմնականում սննդամթերքի արտահանման ծավալները` 2000-ի ցուցանիշը գերազանցելով գրեթե 5 անգամ: Միաժամանակ, ներմուծման ծավալները անցած 12 տարիներին նույն կերպ են փոխվել, դարձյալ աճելով գրեթե 5 անգամ: 2000-ին Հայաստան է ներմուծվել 884 մլն դոլարի ապրանք: 8 տարի հետո այդ ցուցանիշն աճեցՙ հասնելով 4 մլրդ 426 մլն դոլարի, իսկ 2009-ին դարձյալ կտրուկ նվազեց: Ճգնաժամի պատճառով Հայաստանում նվազեց սպառումը, հետեւաբար եւ ներմուծումը: Հետագայում նույնպես ներմուծման ծավալները աճեցին, բայց միայն 2012-ին հասան 2008-ի ցուցանիշին` կազմելով 4 մլրդ 266 մլն դոլար: Այսինքն, վերջին տարիներին արտահանման աճի տեմպն ավելի բարձր է եղել եւ գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Սակայն հետաքրքրական է, որ, այդ ամենով հանդերձ, 2012-ին ներմուծման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները 3 անգամ: Պարզապես, անցած ժամանակահատվածում եղել են տարիներ, երբ ներմուծումն արտահանմանը գերազանցել է 3-ից ավելի, ընդհուպ 4 անգամ, ինչպես օրինակՙ 2008-ին: Իսկ ինչպե՞ս կփոխվի արտաքին առեւտրի բացասկան հաշվեկշիռը առաջիկա տարիներին: Դատելով վերջին տարիների արտահանման առաջանցիկ աճից, ինչպես նաեւ տնտեսության իրական հատվածին եւ հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերությանը պետության աջակցության ծրագրերից, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին բացասական հաշվեկշիռը կնվազի: Թե որքանո՞վ, բնականաբար հնարավոր չէ հստակ ասել: Կառավարության մշակած Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ եւս 12 տարի անց արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը կպահպանվի, բայց չնչին տարբերությամբ: Համաձայն այդ փաստաթղթիՙ 2025-ին արտահանումը կկազմի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 42,5 տոկոսը, իսկ ներմուծումը` 46,1 տոկոսը: Գումարային առումով, ըստ նույն ռազմավարության, ակնկալվում է արտահանումը հասցնել մոտ 13 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը` մոտ 14 մլրդ դոլարի: Սա բավականին հավակնոտ կարող է թվալ, քանի որ ենթադրում է արտահանման մոտ 9 անգամ աճ անցած տարվա ցուցանիշի համեմատ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք վերեւում, բացի արտահանման ծավալների առաջանցիկ աճից, մեր երկրի նման փոքր երկրի համար այլընտրանք պարզապես գոյություն չունի: |