ԶԼՄ-Ն ՄԻԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մտահոգիչ միտում է նկատվում մեր լրատվական դաշտում: Թեպետ զանգվածային միջոցները շատ են, սակայն, չգիտես ինչու, պետական կառույցներում ԶԼՄ ասելիս հասկանում են հեռուստատեսություն: Վերջին շրջանում պետության կարեւորագույն դեմքերը, ովքեր հազվադեպ են ելույթ ունենում, նախընտրում են հարցազրույցներ տալ միայն հեռուստաընկերությունների մի քանի ներկայացուցիչների: Վերջին հինգ տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է ասուլիս կազմակերպել զանգվածային լրատվության բոլոր ներկայացուցիչների համարՙ թերթեր, ռադիոներ, կայքեր ու հեռուստատեսություն: Նախագահը հազվադեպ հարցազրույց է տալիս միայն մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, ավելին, Սերժ Սարգսյանն իր արտասահմանյան այցելությունների ժամանակ էլ հիմնականում նախընտրում է, որ իրեն լուսաբանեն հեռուստաընկերությունները: Անշուշտ, հեռուստատեսությունը համարվում է զանգվածային ամենատարածված միջոցը, սակայն թերթերն էլ իրենց առջեւ դնում են լուսաբանման այլ խնդիր, այլ մոտեցումներ եւ առավել համապարփակ ու բովանդակային հոդվածներ են ներկայացնում: Նույն տրամաբանությամբ եւ գործելաոճով է աշխատում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իր պաշտոնավարման առաջին 2-3 տարիներին վարչապետը նախընտրում էր մի քանի հեռուստաընկերությունների հարցազրույցներ տալ, արտասահմանյան այցերի ժամանակ վարչապետին ուղեկցում էին միայն վերոնշյալ լրատվատեսակի ներկայացուցիչներ, հիմա վարչապետն ընդհանրապես ասուլիսներ կամ հարցազրույցներ չի տալիս ու սահմանափակվում է միայն կառավարության նիստերի ժամանակ արված ելույթներով: Միշտ լուռ, առանց ասուլիսների ու հարցազրույցների է ընթանում նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը: Բազմաթիվ խնդիրներ, կուտակված հարցեր կան, որոնք լրագրողներն այդպես էլ չեն կարողանում տալ Մարգարյանին: Քաղաքապետը խուսափում է լրատվամիջոցներից, հատկապես թերթերից եւ կայքերից: Երկու օր առաջ «ԶԼՄ ներկայացուցիչների հետ» մի հանդիպում էլ կազմակերպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումն ընտրյալ 4-5 հեռուստաընկերության ներկայացուցիչների համար էր: Թե ինչ սկզբունքով էին ընտրվել այդ լրատվամիջոցներըՙ այդպես էլ պարզ չդարձավ: Թեպետ Օհանյանը նախընտրում է քիչ թե շատ բաց աշխատել եւ տարվա մեջ գոնե մեկ անգամ ամփոփիչ ասուլիս կազմակերպել, սակայն նման գործելաոճը դառնում է մտահոգիչ: Հույս ունենանք, որ դա չի դառնա ավանդական նաեւ այս գերատեսչության համար, եւ վերաբերմունքը թերթերի, ռադիոկայանների ու կայքերի լրագրողների հանդեպ կլինի նույնը, ինչ հեռուստատեսությունների նկատմամբ: Հայկական եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների վերլուծություններում մշտապես ասվում է, որ Հայաստանում զանգվածային լրատվության միջոցներից առավել ազատ են թերթերն ու կայքերը, փակ ու վերահսկելիՙ հեռուստատեսությունը: Անընդհատ նախապատվություն տալով հեռուստատեսությանըՙ տպավորություն է ստեղծվում, որ մեր պաշտոնյաներն ու նրանց մամուլի քարտուղարները ոչ թե բաց աշխատանքի կողմնակից են, այլ նախօրոք պատրաստված հարցերի միջոցով հարցազրույց անցկացնելու: Գուցե այս պարագայում որեւէ լրատվամիջոցի էլ չհրավիրե՞ն, իրենք հարցերը տան, հարցերին պատասխանեն, նկարահանեն ու պատասխանները տարածեն: Միայն թե այդ պարագայում դժվար կլինի ասելՙ մամուլի ազատությունը ո՞րն է ու քանի՞ լրատվամիջոց կցանկանա այդ կերպ աշխատել: Այս պարագայում պետք է դիմել նաեւ գործընկերներին, որպեսզի նրանք չլուսաբանեն կամ կցուցադրեն պաշտոնյայի ելույթը կամ հարցազրույցը, եթե իրենց այդ միջոցառմանը կամ հարցազրույցին չեն հրավիրել: |